Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարեանը հանդիպումներ է ունեցել Լիբանանի Նախագահի եւ ԱԳ եւ էմիգրանտների հարցերով նախարարի հետ
10-05-2012 18:19:01 | | Քաղաքական
Դեսպան Քոչարեանի հանդիպումը Լիբանանի նախագահի եւ ԱԳ եւ էմիգրանտների հարցերով նախարարի հետ
Մայիսի 7-ին եւ 10-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարեանը հանդիպումներ է ունեցել Լիբանանի Նախագահ, գեներալ Միշել Սլեյմանի եւ ԱԳ եւ էմիգրանտների հարցերով նախարար Ադնան Մանսուրի հետ:
Քննարկուել են հայ-լիբանանեան երկկողմ բարեկամական յարաբերութիւններին առնչուող խնդիրներ: Ընդգծուել է քաղաքական յարաբերութիւնների բարձր մակարդակը, բարձրաստիճան պատուիրակութիւնների փոխայցելութիւնների շարունակականութեան պահպանման, առեւտրատնտեսական կապերի աշխուժացման, գործարար հանդիպումների կազմակերպման, միջազգային կազմակերպութիւններում սերտ համագործակցութեան եւ փոխադարձ աջակցութեան անհրաժեշտութիւնը:
Հանդիպման ընթացքում դեսպան Քոչարեանը ներկայացրել է ապրիլին Հայաստանում տեղի ունեցած տօնակատարութիւնների մանրամասները, որոնք նուիրուած էին հայ գրատպութեան 500-ամեակին եւ «Երեւանը որպէս համաշխարհային գրքի 2012թ. մայրաքաղաք» հռչակելուն: Կարեւորուել է Լիբանանի մշակոյթի նախարարի եւ Բէյրութի քաղաքապետի ղեկավարած պատուիրակութիւնների մասնակցութիւնն անցկացուած միջոցառումներին, ինչը, անկասկած, կը նպաստի մշակութային յարաբերութիւնների խորացմանը եւ երկու քոյր քաղաքներ ` Երեւանի եւ Բէյրութի արդիւնաւէտ համագործակցութեանը:
Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, հանդիպմանն անդրադարձ է կատարուել երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող մի շարք տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների: Այդ համատեքստում դեսպան Քոչարեանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքները, ինչպէս նաեւ արցախեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները: