Աշխարհի համասեռամոլները Ադրբեջանում են, իսկ այդ երկրի իսլամականները բանտերում


Աշխարհի համասեռամոլները Ադրբեջանում են, իսկ այդ երկրի իսլամականները բանտերում

  • 15-05-2012 16:55:28   |   |  Քաղաքական

«Յուրովիժն 2012»մրցութեան անցկացմանն համընթաց, Բաքւում` մայիսի 22-26-ը, համասեռականների ցոյցի արտօնելը մեծ բողոք է առաջացրել Իրանում: Այդ կապակցութեամբ առաջինը բողոք բարձրացրեց Թաւրիզի ուրբաթօրեայ աղօթապետ այաթոլլահ Մոջթահետ Շաբեսթարին, որին շուտով հետեւեց նաեւ հասարակութիւնը: Բողոքները մայիսի 8-ին իրենց գագաթնակէտին հասան, Իրանի հիւսիս-արեւմտեան ամենակարեւոր քաղաքում` Թաւրիզում: Աւելի քան տասը հազար ցուցարարներ Իսլամական խորհրդարանում Թաւրիզի նորընտիր պատգամաւոր Մոհամմադ Էսմայիլ Սաիդիի եւ մեծ թուով հոգեւորականների գլխաւորութեամբ փողոց իջան: «Ամօթ քեզ Ալիեւ», «Պրն. Ալիեւ, վախեցիր Աստծոյ չարչարանքից», «Պրն. Ալիեւ, համասեռամոլների ցոյց կազմակերպելու փոխարէն Ղարաբաղի ազատելու մասին մտածիր», «Աշխարհի համասեռամոլները Ադրբեջանում են, իսկ այդ երկրի իսլամականները բանտերում» եւ «Աստծոյ անէծքը համասեռամոլներին ու նրանց քարոզող, աջակցողներին» լոզունգներով, ցուցարարները իրենց բողոքի երթը շարունակեցին մինչեւ Թաւրիզում Ադրբեջանի հիւպատոսարանի շէնքի առջեւ, ուր ելոյթ ունեցաւ պատգամաւոր Սաիդին: «Այս բողոքին մասնակցողները Ադրբեջանի ժողովրդի իսկական բարեկամներն են»,- ասաց Սաիդին եւ նշելով, որ «Ադրբեջանը վերածուել է սիոնիստական վարչակարգի տարածաշրջանային բազայի խիստ դատապարտեց պաշտօնական Բաքուին եւ ասաց. «Ադրբեջանի իշխանութիւններից պահանջում ենք անյապաղ խզել յարաբերութիւնները սիոնիստական իշխանութիւնների հետ եւ հրաժարուել հակաիրանական քայլերից»: Այնուհետ Թաւրիզի հանրայայտ հոգեւորականներից` հոջաթոլիսլամ Մահմուդ Էսմայիլին Ադրբեջանի հիմնահարցը «Նրայ տարածքների 20 տոկոսի բռնագրաւած լինելը» համարելով, Բաքուից պահանջեց «Գործնական քայլեր նախաձեռնի այդ տարածքները ազատելու համար»: Ցոյցի աւարտին հրապարակուեց համախօսական, որում ասւում էր. «Դաս քաղէք արաբական տապալուած բռնապետերի` Բեն Ալիի, Հոսնի Մուբարաքի եւ Կ'ատտաֆիի ճակատագրից եւ անբարոյականութիւն քարոզելու փոխարէն Ղարաբաղի ազատագրութեան մասին մտածեք»: «Ադրբեջանում այս բոլորը կայանում է, երբ այդ երկրում արգելւում է մզկիթների բարձրախօսներից աղօթականչի սփռումը, աւերուել են մի քանի մզկիթ, միջնակարգ դպրոցների աղջիկներին արգելւում է չադրա կրել եւ աւելի քան հարիւր իսլամիստ կալանաւորուել են: Այնտեղ տիրում է վախի ու սարսափի մթնոլորտ ու իսլամիստները սպանւում են կասկածելի պայմաններում»: Ցուցարարները հրապարակուած համախօսականում նաեւ շեշտել են. «Հակաիսլամական եւ հակամարդկային այս քայլերին զուգահեռ, Բաքուի իշխանութիւնները «Յուրովիժն» մրցութիւնների կայացման կողքին, համասեռամոլներին արտօնում են ցոյցի դուրս գալ, ինչը անտարակոյս ցաւեցնում է բոլոր մուսուլմանների սիրտը»: Համախոհականի ստորագրողները վստահեցնում են, որ համասեռականների ցոյցի չեղեալ չյայտարարուելու դէպքում, «Ադրբեջանի, Թաւրիզի եւ Իրանի այլ քաղաքների ժողովուրդների բարկութիւնը անսանձելի կը դառնա»: Ցուցարարները յոյս են յայտնել, որ Իլհամ Ալիեւը անսալով Թաւրիզի ժողովրդի կոչին, չեղեալ կը յայտարարի «Յուրովիժն»-ի անցկացումը Բաքւում, կ'արգիլի համասեռականների ցոյցը եւ սիոնիստական վարչակարգի հետ կը խզի բոլոր տեսակի յարաբերութիւնները, «որոնք հակաիսլամական քայլերի բուն աղբիւրն են»: Համախոհականն աւարտւում է ներքոյ տողերով. «Ադրբեջանի Հանրապետութիւնում ապրող մեր բոլոր քոյր-եղբայրներին յայտարարում ենք` արդ, այնպէս որ այսօր «Շուշա» քաղաքի գրաւման 20-ամեակին, մտահոգուած են այդ քաղաքի եւ այլ բռնագրաւեալ շրջանների ճակատագրի նկատմամբ, մենք եւս նրանց պէս սիրելի Ղարաբաղի ազատութեան ցանկութիւնն ունենք եւ Ադրբեջանում իսլամական արժէքների հաստատման համար նրանց կողքին ենք լինելու եւ խիստ հաւատում ենք Աստծոյ տուած խոստումին` ընչազուրկների յաղթանակին Ադրբեջանի բռնապետերի դէմ»: Նշենք, որ վերոյիշեալ ցոյցի իրականացուելուց առաջ Թաւրիզում Ադրբեջանի գլխաւոր հիւպատոս Ալի Ալիզադեն հանդիպել էր այաթոլլահ Մոջթահեդ Շաբեսթարիի հետ եւ խնդրել` «Հրաժարուել հակաադրբեջանական ցոյցից», որին Թաւրիզի աղօթապետը պատասխանել էր` «Միայն այն դէպքում, երբ պաշտօնական Բաքուն յայտարարութեամբ հանդէս գա համսեռամոլների ցոյցի բեկանման մասին, կարելի է մտածել այդ առնչութեամբ»: «Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան
  -   Քաղաքական