ԻՆՔՆՈՒԹԵԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՍՓԻՒՌՔՈՒՄ. Սոցիալ-հոգեբանական ՏԵՍԱՆԿԻՒՆ<br /> <br />


ԻՆՔՆՈՒԹԵԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՍՓԻՒՌՔՈՒՄ. Սոցիալ-հոգեբանական ՏԵՍԱՆԿԻՒՆ

  • 10-06-2010 10:00:00   | Հայաստան  |  Յօդուածներ
Սփիւռք ունեցող ազգերի եւ սփիւռքեան համայնքների հիմնախնդիրների շարքում աւանդական տեղ են զբաղեցնում ինքնութեան պահպանման հարցերը: Գլոբալացման եւ անդրազգային գործընթացների համատեքստում, աշխարհաքաղաքական, տնտեսական եւ մշակութային վերաձեւումներին զուգահեռ, փոփոխութիւններ են տեղի ունենում նաեւ հանրութիւնների կոլեկտիւ ինքնագիտակցութեան շերտերում: Ինքնութեան դիսկուրսը յատկապէս ակտիւանում է. ի հակազդեցութիւն խմբային սահմանների վերանայման ու վերաձեւման շարունակական գործընթացների` ակտուալացւում են սեփական խմբի սահմանները պահպանելու ջանքերը, գործարկւում են էթնօպաշտպանական մեխանիզմներ: Սոցիալական արագընթաց փոփոխութիւնները, հաղորդակցութեան զարգացումը եւ տեղեկատուական ազդեցութիւնները ձեւաւորում են նոր տիպի հանրութիւններ եւ նոր ինքնութիւններ, որոնք, սակայն, ոչ միայն օրակարգից չեն հանում ազգային ինքնութեան հարցերը, այլեւ որոշակիօրէն աւելի են ընդգծում դրանք` առաջ բերելով ազգի վտանգուածութեան մտահոգութիւններ: Այս ֆօնին ինքնութիւնը դառնում է ոչ միայն ինտենսիւ քննարկումների առարկայ, այլեւ, ըստ էութեան, արդի հանրութիւնների վերլուծութեան առանցքային հասկացութիւններից մէկը: Ընդ որում, անդրազգային գործընթացների հանդէպ որոշակի տագնապ են դրսեւորում գրեթէ բոլոր ազգային միաւորները, նոյնիսկ այնպիսիք, որոնց համար ազգապահպանումը գերակայ խնդիր չէ: Առանձնայատուկ մարտահրաւէրների առջեւ են յայտնւում, սակայն, ինքնապահպանումն օրակարգում ունեցող սփիւռքեան հանրութիւնները: Նորութիւն չէ, որ ուսումնասիրութեան համար սփիւռքն արդէն իսկ բարդ իրողութիւն է. այն նշանակում է մէկ ազգ, բայց ոչ մէկ մշակոյթ, մէկ ազգ, բայց ոչ մէկ լեզու, մէկ էթնիկ ինքնութիւն` զուգակցուած բազում այլ խմբային ինքնութիւնների հետ, ինչպէս նաեւ այդ ամէնը համադրելու, ինտէգրելու եւ կազմակերպելու պարբերական անհրաժեշտութիւն: Մինչ հայկական սփիւռքի ինքնութեան խնդիրների սոցիալ-հոգեբանական ասպեկտներին անդրադառնալը, փորձենք առհասարակ ճշգրտել ինքնութեան արդի իմաստաւորումները: Այսօր ինքնութեան ֆենոմենն ամենատարբեր դիսկուրսներում քննարկւում է ոչ թէ որպէս միատարր եւ ստատիկ էութիւն, այլ բարդ, փոփոխական եւ փոփոխելի, հիբրիդ նկարագիր: Առանցքային են դարձել բազմակի ինքնութիւն, ինքնութեան կառուցում հասկացութիւնները, ինքնութիւն եզրի յոգնակի կիրառումը: Սոցիալական ինքնութիւնը, էթնիկական ինքնութեան կողքին, ներառում է նաեւ դրանից իմաստային առումով տարանջատուած ազգային ինքնութեան, քաղաքացիական ինքնութեան եւ այլ շերտեր: Խօսում ենք նաեւ սփիւռքեան, երկմշակութային, վերազգային, կոսմոպոլիտ եւ մի շարք այլ ինքնութեան ձեւերի մասին: Ճիշտ է, էթնիկութիւնը շարունակում է մնալ կարեւորագոյն խմբային ինքնութեան ձեւերից մէկը, որն ապահովում եւ սնուցում է սկիզբ, արմատներ ունենալու եւ դրանց կապուած լինելու անհատի ապրումը, հոգեբանական անվտանգութեան եւ կայունութեան զգացումը: Այս առումով էթնոսն անհատի համար ներկայանում է որպէս հոգեբանական հանրոյթ, իսկ էթնիկ ինքնութիւնը` դրա հիմնարար բնութագրիչներից մէկը: Մարդիկ, բնականօրէն, անկախ իրենց «տեղակայումից», փորձում են նոյնականանալ սեփական էթնիկական խմբի հետ, եւ հակառակը` դրական էթնիկ ինքնութիւն կառուցելու դժուարութիւնները առաջ են բերում խնդիրներ թէ՛ ներանձնային մակարդակում, թէ՛ ներխմբային եւ միջխմբային յարաբերութիւններում: Սակայն, ինչպէս նշեցինք, էթնիկութիւնը խմբային պատկանելութեան միակ ձեւը չէ, յատկապէս այսօրուայ` բարդ կազմակերպուած եւ տարբեր խմբերում միաժամանակեայ ներգրաւում ենթադրող կեանքի պարագայում: Պատահական չէ, որ ինքնութիւնն այսօր իմաստաւորւում է ոչ թէ որպէս օբյեկտիւ պատկանելութիւն` ըստ ամրագրուած ,չափանիշներինէ համապատասխանութեան-անհամապատասխանութեան, այլ որպէս սուբյեկտիւ պատկանելութիւն` ինքնակատեգորիզացիայ: Եւ անգամ ինքնութիւնների նման մեծ ,ընտրութեանէ պարագայում հիմնարար մեխանիզմներից մէկը, որով մեր մենթալ ոլորտը կառուցում է ինքնութիւնը, շարունակում է մնալ ես–ուրիշ, մենք-նրանք յարաբերումը, դրանց հակադրումը: Ներկայիս սոցիալական հոգեբանութիւնը, այս տերմիններին զուգահեռ, կիրառում է ,ներխումբէ (in-group, պատկանելութեան խումբ) եւ ,արտախումբէ (outgroup, խմբից դուրս եղած ,ուրիշներիէ ամբողջութիւնը) հասկացութիւնները: Ընդ որում, այս սահմանազատումները մէկընդմիշտ տրուած չեն, այլ վերանայելի են եւ փոփոխւում են ըստ սոցիալական համատեքստերի: Ասել է թէ` ինչ-որ մէկի ,ուրիշէ կամ «մերոնքական» լինելը մէկընդմիշտ տրուած չէ, եւ կախուած նրանից, թէ որը կը լինի համեմատման խումբը յաջորդ իրավիճակում, այն կարող է փոխուել, ընդլայնուել եւ այլն: Կոնկրէտ համատեքստում ,մենք-նրանքէ տարբերակող հիմք կարող է լինել հէնց էթնիկութիւնը, իսկ մէկ այլ համատեքստում` միեւնոյն էթնիկութիւն ունեցող անձը կարող է ընկալուել որպէս «ուրիշ», եթէ տուեալ իրավիճակում առաւել ակտուալ լինեն սոցիալական ինքնութեան այլ չափումներ, օրինակ` քաղաքացիական կամ անգամ մասնագիտական ինքնութիւնը: Վերոյիշեալից ելնելով` դիտարկենք սփիւռքահայերի ինքնութեան որոշ հարցեր` դրանք քննելով հայաստանաբնակների հետ առնչութիւնների համատեքստում: Հասկանալի է, որ միեւնոյն էթնիկ հիմքն ունենալու էական ընդհանրութեան կողքին, սփիւռքահայերի եւ հայաստանաբնակների, ինչպէս նաեւ տարբեր հայ համայնքների միջեւ կան նաեւ տարբերակիչ գծեր, որոշակի դիստանցիայ եւ սահմաններ` պայմանաւորուած սոցիալական, մշակութային եւ քաղաքական համատեքստի, ինչպէս նաեւ առօրեայ իրականութեան եւ կենցաղի զգալի տարբերութիւններով: Իրերին սթափ նայելու համար աւելորդ չէ անդրադառնալ հէնց ,մենք–նրանքէ չափումներին: Էթնիկ ընդհանրութեան գաղափարի վրայ հիմնուելով` օրինաչափ է թւում, որ կամայական երկու հայ կամ հայկական համայնքներ պէտք է միաւորուած եւ փոխադարձ դիրքորոշուած լինեն «մենքի» զգացումով, գտնուեն ,մենքիէ տարածքում: Սակայն սա ամենեւին էլ ինքնըստինքեան հասկանալի չէ: Էթնիկական ինքնութեանը զուգահեռ, կան նաեւ խմբային պատկանելութեան այլ ձեւեր, որոնք պակաս էական չեն մարդկանց առօրեայ կեանքը կարգաւորելու իմաստով: Ուստի, հայը կարող է ընդհանրութիւն զգալ իրեն արժէիմաստային դաշտով մօտ կանգնած, իր ամենօրեայ, շօշափելի սոցիալական իրականութիւնը ,կիսողէ այլազգի հանրութեան հետ, եւ հակառակը` կոնկրէտ շփման ժամանակ օտարութիւն զգալ հայրենակցի հանդէպ: Խօսքն, անշուշտ, ազգային կամ էթնիկ հենքից հրաժարուելու մասին չէ, քանի որ, ինչպէս վերը նշուեց, վերջինիս կենսակարեւորութիւնը բխում է արմատներ ու հիմքեր ունենալու ներքին պահանջից: Խօսքն այն մասին է, որ միշտ չէ, որ էթնիկ ինքնութիւնը բաւարար պլատֆորմ է հայաստանաբնակ կամ այլ համայնքների հայրենակիցների հետ իրական կոմունիկացիայ վարելու, մերձութիւն զգալու, փոխադարձ նախընտրութիւնների համար: Սա է պատճառը, որ միաւորուելու, միատեսակ մտածելու յորդորները` հիմնուած բացառապէս էթնիկ ընդհանրութեան հիմքի վրայ, չեն կարող հեշտութեամբ փոխել առօրեայ իրողութիւններով ձեւաւորուող եւ ամրապնդուող սահմանները: Շարունակելով` նշենք, որ մարդն իրեն աւելի վստահ եւ լիարժէք է զգում հոգեբանական բարձր կոմֆորտ եւ ցածր լարուածութիւն ապահովող միջավայրում, իսկ այդպիսիք են ծանօթ եւ կանխատեսելի միջավայրերը: Փոխարէնը` այն, ինչ անորոշ է, բաւարար ծանօթ չէ, առաջացնում է դժուարանալու զգացում, խուսափում: Այս իմաստով, ի հարկէ, սփիւռքահայի (կամ թէկուզ նոր միգրացիոն հոսքերի արդիւնքում այլ երկրում հաստատուած հայի) մէջ հայրենիքի կերպարը` թէեւ դրականօրէն երանգաւորուած, սակայն անորոշութիւն պարունակող կոնստրուկտ է մշտական բնակութեան երկրի համեմատ: Կան որոշակի նրբերանգներ գործող իրականութեան եւ պատկերացրած իրականութեան հարթութիւններում. վերջինիս մակարդակում սփիւռքահայ անհատը, ասենք` ինչ-որ երիտասարդ, կապուած է, «մերոնքական» է հայրենակիցների հետ, որոնք մի մասն են հայրենիքի դրական, իդէալականացուած պատկերի: Իրական կոմունիկացիան` հայրենակցի հետ կոնկրէտ առնչութիւնը, այնուհանդերձ, կարող է փորձութեան ենթարկել այդ «մենքի» զգացումը` ընդգծելով տարբերութիւնները եւ առաջ բերելով շփման պատնէշներ եւ այս ամէնին ուղեկցող անյարմարութիւն, որից խուսափելու համար անձը կարող է խուսափել յետագայ շփումից: Նկարագրուած մեխանիզմներն ակնյայտ եւ բնականոն են թւում հոգեբանական ճշմարտութիւնների մակարդակում, սակայն կոնկրէտ ազգային խնդիրներ քննելիս, մեր համոզմամբ, բաւարար հաշուի չեն առնւում որպէս գործօն` տեղիք տալով որոշ փոխադարձ վերագրումների, «կլիշեների», մեղադրանքների: Ազգապահպանման մտահոգութիւնները երբեմն շրջանցում են այս իրողութիւնները եւ տեղափոխուելով ծայրայեղ ազգայնական տեսակէտների դաշտ` սահմանում ազգի բացառապէս մէկ հնարաւոր մոդել, որից ցանկացած «շեղում» որակւում է ազգադաւութիւն: Որպէս օրինակ ներկայացնենք դրուագ սփիւռքահայ որոշ համայնքներ ներկայացնող հայ երիտասարդների շրջանում մեր կողմից արուած հարցումներից: Ի թիւս այլ հարցերի, խնդրւում էր կատարել տեսակաւորում առաջարկուող 4 խմբերի միջեւ (հայաստանաբնակ հայեր, տեղի հայ համայնքի հայեր, մշտական բնակութեան երկրի տիտղոսակիր ազգութեան ներկայացուցիչներ, այլազգիներ) եւ նախընտրութեան նուազման կարգով նշել նրանց միջից զուգընկեր (մի դէպքում) եւ գործընկեր (միւս դէպքում) ընտրելու պատրաստակամութեան աստիճանը: Ուշագրաւ է, որ կեանքի զուգընկերոջ ընտրութեան պարագայում որպէս առաջին նախընտրութիւն գերիշխում էին հէնց հայաստանաբնակ հայերը` գերազանցելով նոյնիսկ տեղի համայնքի հայերին: Այսպիսի դրական ընտրութիւնը, շտապ հետեւութիւններ անելու ցանկութեան պարագայում, ուրախալի է: Ինչեւէ, համատեղ գործի համար գործընկեր ընտրելիս պատկերն այլ էր. հայաստանաբնակները նախընտրութիւնների ցանկում կտրուկ զիջում էին իրենց տեղը: Թերեւս, բանն այն է, որ ամուսնութեան հարցին պատասխանելիս երիտասարդները, կեանքի տուեալ փուլում դեռեւս նման ընտրութեան կոնկրէտ իրավիճակում չլինելով, առաւելապէս կողմնորոշւում են ըստ գոյութիւն ունեցող սոցիալապէս ,ցուցուածէ եւ ցանկալի պատկերացումների` ընտրելով հայրենակցի տարբերակը: Մինչդեռ գործընկերոջ հարցը, աւելի պրագմատիկ եւ կոնկրէտ լինելով, տուեալ դէպքում իւրօրինակ «ստուգիչ» հարցի դեր է կատարել` վեր հանելով ոչ բաւարար վստահութիւն եւ հոգեբանական որոշ հեռաւորութիւն: Հետեւութիւններ. ուրուագծէր հնարաւորի մասին Նկարագրուածն, անշուշտ, նպատակ չունի ուրուագծել մռայլ հեռանկար` տեսադաշտից դուրս թողնելով հնարաւորութիւնները, որոնք ընձեռւում են նոյն սփիւռքեան իրավիճակի իւրայատկութեամբ: Առաւել եւս` նպատակը չէ ցոյց տալ, որ հայութեան տարբեր խմբերը միմեանց համար ուրիշ են ամէն պարագայում: Յօդուածի խնդիրն է ուշադրութիւն հրաւիրել առհասարակ նման տարբերակումների առկայութեանը եւ բաւարար չափով ակներեւ դարձնել դրանց իմացութեան անհրաժեշտութիւնը: «մենք-նրանք»-ը ստատիկ կառոյց չէ, այլ դինամիկ, նտրութիւններով մշտապէս վերանայուող յարաբերութիւն, որի վրայ, հետեւաբար, կարելի է ազդել ցանկալի փոփոխութիւնների ուղղութեամբ: Ահա այս առումով է, որ կարեւոր է «մենք»-ի ներքին, հոգեբանական իմաստների ճշգրտումը: Բացի այդ, նոյն գլոբալացումը, որն այսօր դիտւում է որպէս սպառնալիք դիմադրող փոքր ազգերին, շրջւում է իր դրական կողմով` ընձեռելով սոցիալական ցանցերում,ինչպէս նաեւ իրականում միմեանց հետ ակտիւ կոմունիկացիայի հնարաւորութիւններ: Ընդ որում, այդ կոմունիկացիան նաեւ մշակութային փոխներհոսման, փոխներթափանցման, իմաստային ընդհանուր տարածք ստեղծելու եւ այն մեծացնելու, իսկ աւելի պարզ ասած` միմեանց աւելի լաւ հասկանալու պլատֆորմ է: Այս առումով դրական միտումներն արդէն նկատելի են, ինչի մասին վկայում է սփիւռքահայ եւ հայաստանաբնակ հայերին միաւորող վիրտուալ եւ իրական խմբերի, ակտիւ քննարկումների գոյութիւնը: Եւ ի վերջոյ, ինքնութիւնը վաղուց ի վեր չի ենթադրում ֆիզիկական տեղակայուածութիւն (embededdness) էթնիկ մշակոյթում, այլ աւելի ու աւելի յաճախ ձեւակերպւում որպէս պատկերացուած համայնք5, կառուցուող սուբյեկտիւ պատկանելութիւն: Ուստի, խնդիրը ոչ թէ այն է, որ բոլոր հայերը նման լինեն իրար մշակութային կամ քաղաքացիական նկարագրով եւ ձգտեն առօրեայ կեանքի միանմանութեան, այլ ունենան ընդհանրութիւններ այդ պատկերացրածում, տեսլականներում: Այսինքն` պատկանելութեան զգացման բաւարար մեխանիզմներ ունենալու դէպքում (որի համար բաւարար հիմք են թւում քաղաքակրթական եւ էթնիկ ընդհանրութիւնները) մարդը, որն, օրինակ, ապրում է Լոնդոնում, կարող է զգալ ու գործել որպէս հայ` հայ խմբի համար եւ նրա անունից, ինչն իր հերթին նրան չի խանգարում առօրեայ կենսագործունէութեան մէջ գործել եւ զգալ որպէս լոնդոնցի եւս: Ամփոփելով` նշենք, որ էթնիկութիւնը, սկսած Ֆրեդերիկ Բարթից, դիտարկւում է ոչ թէ որպէս բացառապէս ժառանգուած եւ ստատիկ մշակութային բովանդակութիւն, այլ որպէս որոշակի սոցիոքաղաքական համատեքստում «տեղաւորուած» եւ ընտրողաբար օգտագործուող քաղաքական, սոցիալական եւ մշակութային ռեսուրս: Ֆ.Բարթը նաեւ գտնում էր, որ հետազօտողները ոչ այնքան պէտք է ուշադրութիւն դարձնեն մշակութային բովանդակութեան պրիմորդիալ` նախասկզբնական հիմքին, որքան այն ջանքերին, որ գործադրում է էթնիկ խումբը` իր սահմանները որոշեալ պահելու համար: «Նորավանք» Սոնա Մանուսեան
  -   Յօդուածներ