Յունիսի 18-ին կկայանայ Կիրանց եւ Սամսոնի ձորերի մասին<br /> տեղեկացնող բազմալեզու վահանակների բացումը<br />


Յունիսի 18-ին կկայանայ Կիրանց եւ Սամսոնի ձորերի մասին
տեղեկացնող բազմալեզու վահանակների բացումը

  • 09-06-2010 17:38:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հայկական յուշարձանների ճանաչման ծրագիր» (AMAP) հասարակական-մշակոյթային կազմակերպութիւնը 2008թ.-ից իրականացնում է Հայաստանի պատմամշակութային յուշարձանների, պատմական եւ բնութեան ժառանգութեան նշանաւոր վայրերի, ինչպէս նաեւ հասարակութեանը պատմամշակութային ժառանգութեանը հաղորդակից դարձնող մշակոյթային օջախների` թանգարանների, ճանաչելիության աստիճանի բարձրացմանը միտուած երկարատեւ նախագիծ: Կազմակերպութեան այս տարուայ ծրագիրը բացառիկ է նրանով, որ ի լրումն Հայաստանը զբոսաշրջային ենթակառուցվածքներով ապահովելու եւ հիւրընկալ դարձնելու ջանքերի` Տաւուշի մարզի Պտղաւան գիւղի մօտ արդէն բացուել է «Բարի գալուստ» ցուցանակը կրող հանգստի կենտրոն` Հայաստանով անցնող Մետաքսի պատմական ճանապարհին: Բնութեան եւ մշակոյթային յուշարձանների պահպանութիւնը անբաժանելի են միմեանցից: Իսկ բնութեան յատուկ տարածքների պահպանութիւնը բնապահպանական քաղաքականութեան յատուկ բաղադրիչ է, որը պահանջում է հետեւողական, շարունակական եւ գործնական քայլեր` ուղղուած այդ տարածքների ոչ միայն պահպանութեան բարելաւմանը` այլ նաեւ հասարակութեան կողմից ճանաչմանը: Հայաստանի տնտեսութեան զարգացման առաջնահերթութիւն ճանաչուած տուրիզմը ենթադրում է ոչ միայն մշակոյթային տուրիզմ` յենուած պատմամշակութային յուշարձանների վրայ, այլ հաւասարապէս կարող է վերաբերել նաեւ բնական պաշարների եւ բնութեան յուշարձանների վրայ հենվող էկոտուրիզմին, ինչպէս նաեւ գիտաճանաչողական տուրիզմին: Այս համատեքստում էլ ԱՄԱՓ-ն իր այս տարուայ մշակոյթային ծրագրերում ներառել է բազմալեզու տեղեկատուական վահանակների տեղադրումը Տաւուշի մարզի Կիրանց ու Սամսոնի ձորերում: Թէեւ դժվարանցանելի, բայց հարուստ բնական ու պատմամշակութային ժառանգությամբ այս տեղանքները ուշագրաւ ու գայթակղիչ են ինչպէս ռելիեֆի, անկրկնելի լանդշաֆտի, կենդանական եւ բուսական աշխարհի բազմազանութեան, այնպէս էլ պահպանուած հին գյուղատեղիների, ամրոցների, վանքերի ու եկեղեցիների աւերակների տեղաբաշխվածության առումներով: Կիրանց գետակի ձախափնյա բլրակին գտնուող Առաքելոց (13-14դդ.), Դեղձնուտի (12-13դդ.) եւ Սամսոնի (12-13դդ.) վանքերը, Բերդաքար ամրոցը (12-13դդ.), Սրանոցի կամուրջը նոր, էքստրեմալ տուրիզմի զարգացման նախադրեալներ կարող են հանդիսանալ: ԱՄԱՓ-ի մամլոյ հաղորդագրութեան, Կիրանց եւ Սամսոնի ձորերի մասին տեղեկացնող բազմալեզու վահանակների բացումը կնշանավորվի յունիսի 18-ի յատուկ միջոցառմամբ Տաւուշի մարզի Իջեւանի ենթաշրջանի Աճարկուտ գիւղում, Կիրանց ձոր տանող արգելափակոցի մօտ: ԱՄԱՓ-ի ծրագիրն իրականացւում է «վիվասել ԼՄՏՍ»-ի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութեան մշակոյթային հիմնադրամի, USAID/CAPS-ի, Գիւմրիում Իտալիայի պատւոյ հիւպատոսի, Նորվեգիայի արտգործնախարարութեան հովանաւորութեամբ: Ծրագրի գործընկերներն են Յուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտէն (ԻԿՕՄՕՍ/Հայաստան), Մայր Աթոռ Սբ Էջմիածինը, ՀՀ ԳԱԱ Բուսաբանութեան, Հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտները, Մ.Մաշտոցի անուան Մատենադարանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարութիւնը, տեղերում ` տարածքային եւ տեղական կառավարման մարմինները:
  -   Հասարակութիւն