Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբեց սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը


Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբեց սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը

  • 05-06-2012 16:35:21   |   |  Հասարակութիւն
 Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցին տօնախմբեց սուրբ Գայանեանց կոյսերի յիշատակը Յունիսի 5-ին Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցին տօնախմբեց սուրբ Գայանեանց կոյսերի յիշատակը: Տօնի առիթով առաւօտեան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների թափօրով Սուրբ Գայիանէ վանք տարուեց սրբուհու մասունքն ամփոփող Աջը` հաւատաւոր հայորդիների երկրպագութեան եւ օրհնութեան համար: Թափօրի ժամանակ սրբազան մասունքը կրում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տ. Յովնան եպիսկոպոս Յակոբեանը: Ս. Գայիանէ վանքի ուխտի այս օրը Ս. Պատարագ մատուցեց Տ. Կարապետ վարդապետ Յարութիւնեանը (Ֆրանսիայի հայոց թեմ): Պատարագի ընթացքում օրուայ խորհրդի շուրջ քարոզեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքութիւնից Տ. Զակքէոս ծայրագոյն վարդապետ Օհանեանը: Հայր Սուրբն անդրադարձաւ հաւատացեալ մարդու կեանքն ալեկոծող սեւ ամպերին` փորձութիւններին ու նեղութիւններին` ընդգծելով, որ եթէ հաւատացեալը հաւատարիմ մնա Աստծուն, վստահի Աստծու խոստումներին, մնա Նրա սուրբ Եկեղեցու մէջ եւ իր կեանքի մէջ կարեւորութիւն ընծայի Աստծու խօսքին, Աստուած ի լրումն ժամանակի, այդ սեւ ամպերի մէջ պիտի դնի նորանոր օրհնութիւնների անձրեւներ: «…ս. Գայանեանց կեանքի մէջ էլ այդ սեւ ամպերը երբեք չպակասեցին: Մենք Հռիփսիմեանց եւ Գայանեանց անձերի մէջ օրհնում ենք Աստծու բոլոր այն գործերը, որ կատարուեցին բազմաթիւ հրաշքներով, բիւր օրհնութիւններով, Աստծու Ամենասուրբ Հոգու զօրաւոր ներգործութեամբ: …եւ այսօր էլ Աստուած խօսում է մեր դարաւոր ժողովրդի սրտին ու հոգուն, որ դուք էք, սիրելիներ, Աստծու սուրբ ազգն ու ժողովուրդը: Եկէք սիրտ առնենք Ս. Հռիփսիմեանց եւ Ս. Գայանեանց վկայուհիներից», - նշեց քարոզիչ Հայր Զակքէոսը` հրաւիրելով հաւատացեալ ուխտաւորներին վայելել այն հրաշալի Լոյսը, որ շնորհուեց Հայաստան աշխարհին սուրբ կոյսերի արեան հեղմամբ, նահատակութեամբ եւ մաքրամաքուր բարեխօսութեամբ: Հաւարտ Սուրբ Պատարագի Ս. Գայիանէ վանքի բակում կատարուեց Անդաստանի արարողութիւն, որի ընթացքում Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանն ու Տ. Յովնան եպիսկոպոս Յակոբեանը սրբուհու մասունքն ամփոփող Աջով օրհնեցին աշխարհի չորս կողմերը եւ ներկայ բազմաթիւ ուխտաւորներին: Նոյն օրը այս շաբաթ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարուած միաբանական հաւաքի առիթով Հայրենիք ժամանած միաբանները եւ Հայոց Եկեղեցու Նուիրապետական Աթոռների ներկայացուցիչները այցելեցին Ծիծեռնակաբերդի յուշահամալիր` յարգանքի տուրք մատուցելու բիւրաւոր հայ նահատակների յիշատակին: Յուշահամալիրում, նախագահութեամբ Յովնան Սրբազանի, կատարուեց հոգեհանգստեան արարողութիւն:
  -   Հասարակութիւն