Վիտալի Բալասանեանը կը լինի գործող նախագահի հիմնական մրցակիցը


Վիտալի Բալասանեանը կը լինի գործող նախագահի հիմնական մրցակիցը

  • 12-06-2012 15:35:24   |   |  Յօդուածներ

ԼՂ նախագահական ընտրութիւններին հիմնական պայքարն ընթանալու է երկու թեկնածուների միջեւ :Յուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կը կայանան թուով հինգերորդ նախագահական ընտրութիւնները: Իր թեկնածութիւնը երկրորդ անգամ առաջադրած գործող նախագահ Բակոյ Սահակեանին այս անգամ իրական մրցակցութիւն է սպասւում, չնայած վերջինիս հակառակորդի եւ իր նախընտրական ծրագրերի հիմնարար կէտերի միջեւ կտրուկ տարբերութիւն չկայ: Նախքան 2007-ին նախագահի պաշտօնը ստանձնելը, Սահակեանը 1997-2001 թթ. եղել է Լեռնային Ղարաբաղի Ներքին գործերի նախարարը, իսկ 2001-2007 թուականների ընթացքում զբաղեցրել է Ազգային անվտանգութեան նախարարի պաշտօնը: Յուլիսին կայանալիք ընտրութիւններին Սահակեանի ամենալուրջ մրցակիցը Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի անդամ, Պաշտպանութեան նախկին փոխնախարար, Արցախի հերոս Վիտալի Բալասանեանն է, որը քաջ յայտնի է տեղական բնակչութեանը: Պատերազմի տարիներին վերջինս ինքնապաշտպանական ջոկատներից մէկն է ղեկավարել` դառնալով կամաւորական ջոկատներից մէկի հրամանատարը, այնուհետեւ ղեկավարելով Ղարաբաղի շրջաններից մէկի ինքնապաշտպանութեան մարտերը: Նախքան Խորհրդարան ընտրուելը, Բալասանեանը եղել է ղարաբաղեան պատերազմի վետերանների միութեան նախագահը: Եւս երկու այլ թեկնածուներ` Ագրարային համալսարանի ղարաբաղեան մասնաճիւղի պրոռեկտոր Արկադի Սողոմոնեանը, որը նախկինում ընտրուել է Ղարաբաղի խորհրդարան եւ 65-ամեայ գործազուրկ Վալերի Խաչատրեանը, լուրջ մրցակցութիւն չեն ստեղծի հիմնական թեկնածուների համար: Հետաքրքական է, որ IWPR-ի, ինչպէս նաեւ այլ լրատուամիջոցների թղթակիցներին չի յաջողուել զրուցել այս երկու թեկնածուների հետ. նրանք չեն պատասխանում հեռախօսազանգերին, հրապարակային յայտարարութիւններ չեն անում, եւ այնպիսի տպաւորութիւն է ստեղծւում, որ նրանք խուսափում են ԶԼՄ-ների հետ շփումից: Մի շարք վերլուծաբանների կարծիքով, նրանք կարող են զիջել իրենց դիրքերը դեռեւս նախընտրական փուլում: Ի տարբերութիւն նրանց, Վ. Բալասանեան արդէն իսկ սեփական էջն է վարում Facebook սոցիալական ցանցում, որը, ինչպէս պարզուեց հայաստանեան խորհրդարանական ընտրութիւնների ընթացքում, հզօր քարոզչական գործիք է: IWPR-ի թղթակցին Բալասանեանն ասաց, որ ԼՂ օրէնքը պաշտօնապէս արգելում է նախընտրական քարոզչութիւն իրականացնել մինչեւ յունիսի 19-ը, սակայն նա ամէն օր թարմացնում է իր Facebook-յեան էջը`լուսանկարներ տեղադրելով, կիսելով ընթերցողների հետ իր գաղափարներն ու մտքերը: «Այս էջը ստեղծել եմ աւելի ակտիւ շփման համար: Այստեղ պատրաստւում եմ ներկայացնել իմ մտքերը եւ գաղափարները, որպէսզի տեսնեմ, թէ ինչպէս են ընթերցողներն արձագանքում դրանց: Կարծում եմ`վիրտուալ շփումն արդիւնաւէտ կը լինի», - նշել է Բալասանեանն իր գրառումներից մէկում: Արցախի պետական համալսարանի շրջանաւարտ Դիանա Մովսէսեանն արդէն իսկ «հաւանել» է Բալասանեանի Facebook-յեան էջը: «Համոզուած եմ, որ Բալասանեանի թեկնածութիւնը թոյլ է տալիս այլընտրանքային ընտրութիւններ անցկացնել Ղարաբաղում: Ուզում եմ, որ դրանք անցնեն ժողովրդավարութեան մթնոլորտում, առանց ճնշումների: Յոյս ունեմ`որեւէ պետական կառոյց չի չարաշահի իր լիազօրութիւնները նախընտրական շրջանում, այս ընտրութիւնները կը փոխեն մթնոլորտը երկրում եւ դրանցից յետոյ Ղարաբաղը կը վերադարձնի իրեն «մասամբ ազատ» երկրի կարգավիճակը Freedom House-ի զեկոյցում», - ասում է Դիանան: Այս տարուայ իր զեկոյցում վաշինգթօնեան «Freedom Houseէ իրաւապաշտպան կազմակերպութիւնն իր զեկոյցում Ղարաբաղը դասել է «ոչ ազատ» երկրների շարքին, մինչդեռ 2009 թուականին այն համարւում էր «մասամբ ազատ. երկիր: Նոյն վարկանշային ցուցակում Հայաստանը դասուել է «մասամբ ազատ»երկրների շարքին, իսկ Ադրբեջանը`«ոչ ազատ»: Թեբ անցեալ, թեբ ներկայիս ընտրութիւններին առաջադրուած թեկնածուների նախընտրական ծրագրերի միջեւ նշանակալի տարբերութիւն չկայ. գերակայ խնդիրները նոյնն են`Ղարաբաղի անվտանգութիւն, նրա կարգավիճակի միջազգային ճանաչում, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծում: Ժամանակին հիմնականում հայերով բնակեցուած Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը, որն առ այսօր միջազգային ճանաչում չի ստացել, 1988-ին որոշեց դուրս գալ Խորհրդային Ադրբեջանի կազմից: Արդիւնքում սկսուած լայնամասշտաբ ռազմական գործողութիւնները հազարաւոր մարդկանց կեանք խլեցին, տասնեակ հազարաւորներ զրկուեցին իրենց տներից: 1994-ին կողմերը զինադադարի մասին պայմանագիր կնքեցին, սակայն մինչ օրս զինուած ուժերի «շփման գծում» յաճախ փոխհրաձգութիւն է տեղի ունենում, զինծառայողներ են զոհւում: Ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման ձգձգուող գործընթացը շարունակւում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդութեամբ, որը մայիսի կէսին հերթական անգամ այցելեց տարածաշրջան: Մինսկի խմբի համանախագահ երկրները` ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ ՌԴ-ը, իրենց մտահոգութիւնն են յայտնել «շփման գծի» երկայնքով տեղի ունեցած վերջին միջադէպերի կապակցութեամբ`կոչ անելով կողմերին առաւել զուսպ լինել եւ հրաժարուել վրէժխնդրութիւնից: Եւրոպայում անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութիւնը (ԵԱՀԿ) եւ այլ միջազգային կառոյցները հրաժարւում են իրենց դիտորդներին ուղարկել Ղարաբաղ`այստեղ անցկացուող ընտրութիւնների ընթացքին հետեւելու նպատակով, եւ անցեալում տեղի ունեցած ընտրութիւններին առաջադրուած թեկնածուները բողոքում էին, որ այդ ժամանակ գործող իշխանութիւնները վարչական ռեսուրսներն են օգտագործել իրենց նախընտրական քարոզարշաւների ընթացքում: Ղարաբաղում անցկացուող ընտրութիւններից յետոյ, միջազգային հանրութիւնը, որպէս կանոն, յայտարարում է, որ չի ընդունում այս ընտրութիւնները, սակայն պաշտօնական Ղարաբաղը մշտապէս միջազգային դիտորդներին ընդունելու պատրաստակամութիւն է յայտնում: Այսպէս, 2007-ի յուլիսին 5 թեկնածուների մասնակցութեամբ անցկացուած նախագահական ընտրութիւնների ընթացքին հետեւում էին աւելի քան 100 միջազգային դիտորդներ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Աբխազիայից, Մերձդնեստրից, Հարաւային Օսիայից, Հայաստանից եւ այլ երկրներից: Քուէարկութեան ընթացքը լուսաբանուել է 70-ից աւելի տեղական եւ օտարերկրացի լրագրողների, այդ թւում`IWPR լրագրողական առաքելութեան կողմից: 2007-ին կայացած նախագահական ընտրութիւններին ձայների 85 տոկոսը ստացած Բակոյ Սահակեանը խոստացել է, որ երկրորդ անգամ նախագահի պաշտօնը ստանձնելու դէպքում, հետեւողականութիւն կը դրսեւորի ներկայիս սոցիալ-տնտեսական բարեփոխումների ծրագրի իրագործման հարցում: Իր պաշտօնավարման ընթացքում Սահակեանը սերտօրէն համագործակցել է հայաստանեան իշխանութիւնների հետ, չնայած վերջինս չի ճանաչել Ղարաբաղի անկախութիւնը: Իսկ Սահակեանի մրցակցի`Վիտալի Բալասանեանի կարծիքով, Հայաստանի իշխանութիւններն իրենց աջակցութիւնը ցոյց չեն տալիս գործող նախագահին: «Նրանք պարտաւոր են աջակցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ընդունած ցանկացած որոշմանը», - ասում է նա: 2007-ի նախագահական ընտրութիւններին իր թեկնածութիւնն առաջադրած, ներկայում ԼՂՀ Արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան գծով հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլեանը յոյս ունի, որ գալիք ընտրութիւնների շնորհիւ ԼՂ քաղաքական դաշտը բազմաբեւեռ կը լինի: «Գալիք ընտրութիւնները, որոնք անցնելու են այլընտրանքային հիմքով եւ օրէնքի շրջանակներում, հնարաւորութիւն են տալիս քաղաքական ուժերին ուղղել 2007-ի նախագահական եւ 2010-ի խորհրդարանական ընտրութիւնների նախօրէին թոյլ տուած սխալները: Այդ ընտրութիւնների արդիւնքում, Ղարաբաղում միաբեւեռ քաղաքական դաշտ եւ խորհրդարան ստեղծուեցին, իսկ անկախ մամուլը վերացաւ: Եթէ «Դաշնակցութիւն» կուսակցութիւնն աջակցի ԼՂՀ խորհրդարանում իր խմբակցութեան անդամ Վիտալի Բալասանեանին, ապա անգամ անյաջողութեան դէպքում երկիրը կը շահի, քանի որ ընտրութիւններից յետոյ «դաշնակցութիւնէ խմբակցութիւնը կը զբաղեցնի ընդդիմութեան դատարկ բեւեռն Ազգային ժողովում», - ասաց նա IWPR-ին`յաւելելով, որ այս ընտրութիւններին չի առաջադրել իր թեկնածութիւնը «Ներքաղաքական եւ արտաքին բարենպաստ պայմանների բացակայութեան պատճառով»: Յուլիսին կայանալիք նախագահական ընտրութիւնները տարբերւում են միւսներից, քանի որ 2010-ին ԼՂՀ Ընտրական օրէնսգրքում կատարուած բարեփոխումների շնորհիւ`այսուհետ թեկնածուները չեն կարող առաջադրուել նախաձեռնող խմբերի կողմից. այժմ այդ իրաւասութիւնը տրւում է կուսակցութիւններին, բացի այդ, կը գործի թեկնածուների ինքնաառաջադրման սկզբունքը: Պաշտօնական նախընտրական քարոզարշաւը կը սկսուի քուէարկութիւնից մէկ ամիս առաջ`յունիսի 19-ին: Թեկնածուների պաշտօնական գրանցման գործընթացը կտեւի մայիսի 30-ից մինչեւ յունիսի 19-ը: Այն հանգամանքը, որ Բալասանեանի շնորհիւ Լղ-ում քաղաքական այլընտրանքի հնարաւորութիւն կը ստեղծուի, եւ որ նա վճռական է տրամադրուած, պարզ է դարձել նրա վերջին հարցազրոյցներից մէկի ժամանակ. «Նախ եւ առաջ, պէտք է փոփոխութիւններ կատարել Ղարաբաղի արտաքին քաղաքականութեան մէջ: Ես հետամուտ կը լինեմ Լղ-ի վերադարձին բանակցային դաշտ`որպէս լիարժէք կողմ, եւ կը պայքարեմ Հայաստանի հետ հնարաւորինս արագ միջպետական պայմանագիր ստորագրելու համար, որը Հայաստանին մեր անվտանգութեան երաշխաւորի պաշտօնական կարգավիճակ կը տա», - ասաց նա IWPR-ին: Յարկ է նշել, որ Լեռնային Ղարաբաղը զրկուած է բանակցային գործընթացում մասնակցութեան հնարաւորութիւնից, որտեղ երկու պաշտօնական կողմ կայ`Հայաստանը եւ Ադրբեջանը: Բալասանեանի համար գերակայ խնդիրներ են մնում Ղարաբաղի անվտանգութիւնը եւ պաշտօնական կարգավիճակը: «Իմ հիմնական դժգոհութիւնը կապուած է Բակոյ Սահակեանի վարած արտաքին քաղաքականութեան հետ: Նա բաւարար ջանքեր չի գործադրում Ղարաբաղը բանակցութիւնների առարկայից սուբյեկտի վերածելու համար», - հաւելում է նա: Կ'արինէ Օհանեան Armedia Online էլեկտրօնային պարբերականի թղթակից «Կովկասեան լրատու» պարբերական
  -   Յօդուածներ