Տիգրան Սարգսեան. «Հայաստանն ունենալու է աւելի դիւերսիֆիկացուած տնտեսութիւն` պատրաստ նոր մարտահրաւէրների»


Տիգրան Սարգսեան. «Հայաստանն ունենալու է աւելի դիւերսիֆիկացուած տնտեսութիւն` պատրաստ նոր մարտահրաւէրների»

  • 15-06-2012 14:14:03   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Վարչապետ Տիգրան Սարգսեանը մասնակցել է 5-րդ ամենամեայ Դիջիթէք բիզնես ֆորումի բացմանը: Ողջունելով ֆորումի մասնակիցներին` կառավարութեան ղեկավարը նշել է. «Այս աւանդական ֆորումն արդէն իր ուրոյն տեղն է զբաղեցնում տեղեկատուական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում: Այն բացառիկ հարթակ է, որում հանդիպում են բնագաւառի գիտակները, իրականացնում փորձի փոխանակում եւ հանրութեանը ներկայացնում իրենց ձեռքբերումներն ու աշխատանքները: Ցանկանում եմ մեր երկրի համար արձանագրել կարեւորագոյն փաստ. մեր ժողովդրական տնտեսութիւնը ձեռք է բերում իր համար բնական եւ բնականոն տեսք: Տարածշրջանում երկարաժամկէտ առումով Հայաստանն այլընտրանք չունի, քան ձեւաւորել գիտալիքահեն տնտեսութիւն, որի թիւ մէկ ռեսուրսն ինտելեկտն ու կրթուած մարդիկ են, եւ տեղեկատուական տեխնոլոգիաների արագ զարգացումը դրա վառ ապացոյցն է»: Կառավարութեան ղեկավարը նշել է, որ Համաշխարհային բանկի մրցունակութեանը վերաբերող վերջին զեկոյցի համաձայն` Հայաստան առաջ է շարժուել 6 կէտով: «Կարեւոր է փաստ է նաեւ այն, որ մեր երկիրը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից դուրս է եկել ուժեղացած: Վերլուծաբաններն ի նկատի ունեն այն, որ մեր տնտեսութիւնն աւելի դիւերսիֆիկացուած է, քան 2008 թուականին, եւ այդ առումով, նրա դիմադրողականութիւնն էապէս բարձրացել է: Կարող ենք արձանագրել, որ այդ գործում իր կարեւոր դեկատարութիւնն ունի նաեւ ՏՏ ոլորտը, որը նոյնիսկ 2009 թուականին, երբ շինարարութեան ոլորտում տեղի ունեցաւ 42 տոկոսանոց անկում, արձանագրեց 27 տոկոսանոց աճ: Այդ աճի տեմպերը վերջին 5 տարիների ընթացքում եղել են կ'այուն»,- նշել է վարչապետը: Արդիւնքում, ՏՏ բնագաւառում զբաղուածների քանակը ներկայում հաւասար է հանքահումքային ոլորտում զբաղուածների քանակին, իսկ աշխատավարձերի մակարդակն աւելի բարձր է: Սա, Տիգրան Սարգսեանի խօսքերով, կարեւոր հանգամանք է, որովհետեւ տեղեկատուական տեխնոլոգիաները բարձրացնում են արտադրողականութիւնը տնտեսութեան բոլոր ճիւղերում, ինչը ենթադրում է, որ Հայաստանն ունենալու է աւելի դիւերսիֆիկացուած հզօր տնտեսութիւն, որը պէտք է պատրաստ լինի նոր մարտահրաւէրների: Կառավարութեան ղեկավարը յիշեցրել է, որ Հայաստանը 5 տարի առաջ ինտերնետ սպառողների քանակով, ինտերնետի սակագնով, հասանելիութեամբ, տարածուածութեամբ եւ ենթակառուցուածքներով զիջում էր իր հարեւան պետութիւններին: «5 տարի անց մենք զեկուցում ենք, որ այս բոլոր ցուցանիշներով մենք տարածաշրջանում առաջինն ենք: Սա կարեւոր նուաճում է Հայաստանի տնտեսութեան համար»,- նշել է վարչապետը: Տիգրան Սարգսեանը հաւաստիացրել է, որ ՀՀ կառավարութիւնը լրջօրէն է տրամադրուած ինչպէս օգնելու այս ոլորտում գործունէութիւն ծաւալող ընկերութիւններին, այնպէս էլ խթանելու մրցակցութունը: Տիգրան Սարգսեանի խօսքերով` այս ամէնի արդիւնքում վերջին տարիների ընթացքում հայկական շուկայում սկսել են գործունէութիւն ծաւալել նաեւ համաշախարհային լուրջ ընկերութիւններ: Գործադիրի ղեկավարը յիշեցրել է, որ վարչապետի գլխաւորութեամբ գործում է ՏՏ զարգացման խորհուրդ, որտեղ ոլորտի ներկայացուցիչները հնարաւորութիւն ունեն կառավարութեան անդամներին ներկայացնել առկայ խնդիրները: Տիգրան Սարգսեանի կարծիքով` նաեւ այս երկխօսութեամբ է պայմանաւորուած այն, որ ՏՏ բնագաւառը Հայաստանում զարգանում է առաջանցիկ տեմպերով` համեմատ հարեւան պետութիւնների: Վարչապետի խօսքերով` IT ոլորտի ներկայացուցիչները կառավարութեան առջեւ դնում են մէկ եւ կարեւորագոյն խնդիր` ապահովել կադրերի պատրաստում: «Կադրերի պատրաստման այն քանակը, որն այսօր մեր բուհական համակարգը մատակարարում է, բաւարար չէ: Պահանջարկը տարեկան 20-30 տոկոսով գերազանցում է այն հնարաւորութիւններին, որոնք առկայ են բուհական համակարգում: Մենք ոլորտի ներկայացուցիչներին հաւաստիացրել ենք, որ կտրուկ կ'աւելացնենք պետական պատուերը բուհերում եւ ՏՏ ոլորտի համար կադրերի պատրաստումը կը համարենք առաջնահերթութիւն: Այսինքն, ֆինանսական միջոցների ներդրումն այս ուղղութեամբ պէտք է էապէս աւելանա»,- նշել է վարչապետը: Տիգրան Սարգսեանը տեղեկացրել է, որ կառավարութիւնն այս ուղղութեամբ համագործակցում է միջազգային կազմակերպութիւնների հետ: Առկայ են համալսարաններում լաբորատորիաների ձեւաւորման հետաքրքիր ծրագրեր, որոնք ստեղծուելու են համաֆինանսաւորման սկզբունքով` պետութեան, միջազգային դոնոր կազմակերպութիւնների եւ մասնաւոր հատուածի համագործակցութեամբ: Միաժամանակ կառավարութեան ղեկավարը տեղեկացրել է, որ Գիւմրու տեխնոպարկում արդէն արդիւնաւէտ գործում են հինգ լաբորատորիաներ: Վարչապետի խօսքերով` մայիսին մեկնարկել են տեխնոպարկի նոր մասնաշէնքի վերակառուցման աշխատանքները: «Այս ամէնը ցոյց է տալիս, որ կառավարութիւնը տեղեկատուական տեխնոլոգիաների զարգացումը մեր երկրում դիտարկում է համաչափ սկզբունքով»,-ասել է գործադիրի ղեկավարը: Այնուհետեւ, Տիգրան Սարգսեանը ծանօթացել է ֆորումի մասնակից ընկերութիւնների գործունէութեանը եւ առաջիկայ ծրագրերին: Ֆորումին մասնակցում է 59 կազմակերպութիւն, այդ թւում 21-ը` արտասահմանեան: Երկօրեայ բիզնես ֆորումի նպատակն է աջակցել ինովացիոն տնտեսութեան ստեղծմանը եւ ներկայացնել ՏՀՏ բնագաւառում բոլոր ապրանքներն ու ծառայութիւնները: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ Կառավարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, միջոցառումն անցկացւում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքոյ:
  -   Տնտեսութիւն