ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազօր դեսպան Անրի Ռենոն կ'այցելի Էրեբունի հնավայր


ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազօր դեսպան Անրի Ռենոն կ'այցելի Էրեբունի հնավայր

  • 22-06-2012 16:18:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

2012թ. յունիսի 5-ից հայ-ֆրանսիական հնագիտական պեղումներն ու ուսումնասիրութիւնները վերսկսուել են Էրեբունի ամրոցի միջնաբերդում: Ինչպէս եւ նախորդ տարիներին, գիտատեխնիկական համագործակցութեան հայկական կողմը ներկայացնում են «էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը եւ ՀՀ ԳԱԱ Հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտը, ֆրանսիականը` Ֆրանսիայի Մշակոյթի նախարարութեան հնագիտական ծառայութիւնները: Որպէս պեղումների ձեռնարկող հանդէս է գալիս «էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը: Այս տարուայ պեղումներով մեկնարկում է Էրեբունիում հայ-ֆրանսիական համագործակցութեան նոր քառամեայ ծրագիրը` 2012-2015թթ. համար: Աշխատանքների այս փուլը վերաբերում է հնավայրի հարաւային առանցքով բացուած ուրարտական փողոցի ուսումնասիրութեան ընդլայնմանը, որն անցնում է Խալդի տաճարի արեւելեան ճակատի երկայնքով: պեղումները թոյլ կը տան հասկանալ վերջին շրջանի բնակեցումների հերթագայութիւնը, ինչպէս նաեւ պարզաբանումներ կը մտցնեն Խալդի տաճարից հիւսիս բացուած շերտերի թուագրման խնդիրներում: Պեղումները նպատակ ունեն նաեւ պարզաբանել սիւնազարդ դահլիճի թուագրման ժամանակաշրջանը` արդեօ՞ք այն պատկանում է ուշ ուրարտական ժամանակաշրջանին, թէ՞ կառուցուել է Ուրարտուից յետոյ, նրանից որոշակի խզում ունեցող եւ կամ աքեմենեան ժամանակաշրջանում: «էրեբունի» արգելոց-թանգարանի հետ համատեղ փորձ կարուի հնավայրի նորայայտ արդիւնքները ծառայեցնել յուշարձանի նորովի եւ արդիական հանրահռչակմանը, ինչպէս նաեւ հասարակութեան տեղաշարժմանը հնավայրում` հնարաւորինս ապահովելով պահպանուած հատուածների առաւելագոյն անխաթարութիւն: 2012թ. ծրագրւում է նաեւ 2008-2012թթ. իրականացուած պեղումների արդիւնքների ամփոփիչ ցուցահանդէսի կազմակերպում` արգելոց-թանգարանի եւ ֆրանսիացի հնագէտների համագործակցութեամբ; Ցուցահանդէսը, որը նախատեսւում է «էրեբունի-երեւանէ տօնակատարութիւնների շրջանակում, կրելու է «էրեբունի. երէկ եւ այսօր» խորագիրը : Վաղը` 2012թ. յունիսի 23-ին ժամը 11:00-ին Էրեբունի հնավայր կ'այցելի ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազօր դեսպան Անրի Ռենոն` ՀՀ մշակոյթի նախարարի տեղակալ Արեւ Սամուէլեանի եւ դեսպանութեան մշակութային համագործակցութեան հարցերով խորհրդական Ժան Պոլ Մարտենի ուղեկցութեամբ: Յիշեցնենք, որ նախորդ տարի` 2011թ. յունիսի 25-ին առաջին անգամ այցելելով Էրեբունի` Ա. Ռենոն կարեւորել էր հնագիտութեան բնագաւառում հայ-ֆրանսիական համագործակցութիւնը եւ հաւաստիացրել, որ կ'անի ամէն ինչ ծրագրի շարունակականութիւնն ապահովելու ուղղութեամբ` ինչի իրականացման ականատեսն ենք այսօր:
  -   Մամլո հաղորդագրություն