2 կիլոմետրանոց ճանապարհ արգելոցում լուացուելու համա՞ր


2 կիլոմետրանոց ճանապարհ արգելոցում լուացուելու համա՞ր

  • 09-07-2012 14:41:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մաքուր խմելու ջուրը դուրս է յորդում աղբիւրից հէնց ծառերի շուաքի տակ: Աղբիւրի տակ Ազատ գետի կիրճն է: Իսկ աղբիւրից ընդամէնը 150-200 մետր հեռաւորութեան վրայ Հայաստանի միջնադարեան Հաւուց Թառ վանական համալիրն է: Եւ այդ բոլորը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում է, որը Բնութեան պահպանութեան միջազգային միութեան (IUCN) կատեգորիայով ունի պահպանութեան ամենաբարձր մակարդակը: Արգելոցի մուտքից դէպի աղբիւր տանում է արահետը: Նրանով կարելի է անցնել 1 կիլոմետր 700 մետր ճանապարհ, այսինքն այն տարածութիւնը, որը նախատեսուած է ճանապարհի կառուցման համար: Ճանապարհը, ինչպէս բացատրում է Բնապահպանութեան նախարարութիւնը, կառուցւում է հակահրդեհային միջոցառումների իրականացման նպատակով: Ճանապարհի կառուցումը մեծ աղմուկ բարձրացրեց սոցիալական ցանցերում: քննարկւում է այն վարկածը, որ իրականում օլիգարխներն ու բարձրաստիճան չինովնիկները մտադիր են Խոսրովն իրենցով անել: Տեղում իրավիճակը պարզելու համար յուլիսի 6-ին Խոսրով մեկնեց խումբ, որի կազմում էր WWF-Armenia-ի տնօրէն Կարէն Մանուէլեանը, Կովկասի բնութեան հիմնադրամի (CNF) ներկայացուցիչ Արման Վերմիշեանը, իրաւաբան Մերի Խաչատրեանը եւ «Էկոլուր»-ի նախագահ Ինգա Զարաֆեանը: Տեղում խմբին միացան արգելոցի աշխատակիցները եւ Թեղուտի պաշտպանները: Հին ճանապարհը, որով նախկինում տեղափոխւում էին արգելոցի մեքենաները, ընդլայնւում է: Ծանր տեխնիկան արդէն հասել է այն վայրը, որտեղ հին ճանապարհն աւարտւում է: Աւելի հեռու մեքենայով ճանապարհ չկայ: Դէպի աղբիւրը տանող ճանապարհը նեղ արահետ է` ոտքի ճամփայ: Խոսրովի արգելոցի Գառնիի տեղամասի պետ Սարգիս Յովհաննիսեանը բացատրում է. «այդ բարեկարգուած ճանապարհը մեծ նշանակութիւն ունի մեր աշխատանքների հետ կապուած եւ այդ հրդեհավտանգ շրջանի հետ կապուած: ինչի համար, եթէ այսօրուայ դրութեամբ մենք պատկերացնում ենք, որ ճանապարհը տեղում վերջանայ` ինչքան որ սարքել են, այդտեղ փակուի, դա միանշանակ սխալ է: Ես համաձայն չեմ: Ճանապարհը մինչեւ աղբիւրի մօտ պիտի գնայ: Կայ դրա պարզ պատճառը. այսօրուայ վիճակով աղբիւրը եւ ճանապարհը մօտաւորապէս մի 400 մետր հեռու են գտնւում իրարից, հիմա ո՞վ գիտի` հրդեհը որտեղ է սկսելու: Եթէ իմանանք, նախօրօք այդ հրդեհը կը կասեցնենք: Երկրորդը, իսկ 400 մետր գնալ հետ գալը լինում է 800 մետր: Աղբիւրի մօտ գնում են լուացուելու, աղբիւրից ջուր չեն բերում: Դա մի աշխատանք: Եւ այդ աշխատանքները, որ վերցնում ես, հերթական դնում ես բաց դաշտի վրայ քուէարկում ես, միմիայն տեղի աշխատողը կարող է իմանալ դրա առաւելութիւնները, իսկ այսօրուայ վիճակով մենք սեղանի շուրջ նստած ոչ մէկս էլ չենք կարող ցոյց տալ` որն է ճիշտ, որն է սխալէ: Բացատրութիւնը պարզ է: Այժմ առարկութիւնները: Խոսրովի արգելոցը մօտ 30 000 հա տարածք ունի: Եւ ամէն մի հատուածում կարող է հրդեհ բռնկուել: Ինչու՞ են որոշել ճանապարհ կառուցել հէնց այնտեղ, որտեղ գտնւում է զբօսաշրջիկների այցելութեան ամենաակտիւ վայրը` Հաւուց Թառ վանքը եւ աղբիւրը: Միթէ՞ մօտ 2 կմ հարթեցնում են միայն նրա համար, որպէսզի ինչ-որ մէկը հրդեհ մարի, կարողանան լուացուել: Եւ ո՞վ երաշխիք կը տայ, որ ճանապարհն օգտագործուելու է միայն հրդեհների կամ այլ աղէտների դէպքում, մեր կարծիքով` ոչ ոք: Յիշեցնենք, որ արդէն մէկ ու կէս տարի է` Բնապահպանութեան նախարարութիւնը չի կարողանում որոշել, թէ ինչ անի անաւարտ ռեստորանի հետ Բայբուրդ թաղամասում (կամ Գիլան): Արգելոցի կենտրոնում ռեստորանը վեր խոյացաւ զբօսաշրջային կենտրոնի անուան տակ, ինչի համար 118 հա տարածք դարձրեցին արգելավայր, այսինքն` պահպանման ցածր կարգավիճակով յատուկ պահպանուող տարածք: Այժմ տեղամասին վերադարձուել է արգելոցի կարգավիճակը, իսկ կառոյցը մնացել է: Այս ընթացքում շինութիւնը քիչ-քիչ խալխլւում է: Շինանիւթի վրայ խոտ է աճել: Չամրացուած տանիքը կարող է փլուել: Բոլոր չափանիշներով այդ կառոյցը` որպէս անօրինական, պէտք է քանդուի: Սակայն կառավարութիւնը հասարակայնութեան այս առաջարկութիւնը չընդունեց: Թէ ով կը դառնայ այդ շինութեան տէրը եւ աւարտին կը հասցնի դրա կառուցումը, դեռ պարզ չէ: Այժմ դրան գումարւում է նաեւ ճանապարհը: WWF-Armenia-ի տնօրէն Կարէն Մանուէլեանն ասում է. «Արգելոցի մէջ օպերատիւ տեղաշարժման համար ամենալաւ միջոցը ձին է: Եւ բնապահպանական հիմնադրամները կարող են օգնել արգելոցին այդ հարցում»: Ինչ վերաբերւում է ճանապարհին, ապա Կարէն Մանուէլեանն առաջարկում է դադարեցնել շինարարութիւնը, ճանապարհ չգցել զբօսաշրջային արահետի վրայ, որպէսզի զբօսաշրջիկների կամ պարզապէս մաքուր օդի սիրահարների մէջ աղբիւրի մօտ պիկնիկներ անցկացնելու գայթակղութիւն չառաջանայ: Նա նաեւ կարծում է, որ պէտք է ուղեփակոց տեղադրել այդտեղ: Էկոլուր ՀԿ
  -   Մամլո հաղորդագրություն