Նախագահ Սերժ Սարգսեանը մասնակցել է ՀՀ ոստիկանութեան կոլեգիայի նիստին


Նախագահ Սերժ Սարգսեանը մասնակցել է ՀՀ ոստիկանութեան կոլեգիայի նիստին

  • 20-07-2012 13:24:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նախագահ Սերժ Սարգսեանն այսօր մասնակցել է ՀՀ ոստիկանութեան կոլեգիայի նիստին, որտեղ զեկուցուել են 2012թ. առաջին կիսամեակի ընթացքում ՀՀ ոստիկանութեան ստորաբաժանումների եւ տարածքային մարմինների գործունէութեան արդիւնքները: մինչ օրակարգին անցնելը, Հանրապետութեան նախագահը որոշ դիտարկումներ է ներկայացրել կոլեգիայի նիստի մասնակիցներին: *** Նախագահ Սերժ Սարգսեանի բացման խօսքը ՀՀ ոստիկանութեան կոլեգիայի նիստում. «Պէտք է ասեմ, որ նախ վստահ եմ, որ ձեզնից իւրաքանչիւրը` սկսած ոստիկանապետից, շատ լաւ գիտակցում է այն առաքելութիւնը, որ ստանձնել է կամովին: Այո՛, այսօր ոստիկանի աշխատանքը առաքելութիւն է առանց չափազանցութեան եւ առաջին հերթին` ղեկավար անձնակազմի համար: Սա չգիտակցելը հաւասարազօր է ոստիկանութեան առջեւ դրուած խնդիրների եւ զարգացման նպատակների չընկալման: Այստեղ որեւէ կասկած լինել չի կարող: մենք շատ ենք աշխատել ոստիկանական բարեփոխումները արագացնելու ուղղութեամբ: Անձամբ ես հետեւել եմ ձեր քայլերին գրեթէ ամենօրեայ յաճախականութեամբ: Այս վերջին փուլում ես ձեր բոլորի ուշադրութիւնը հրաւիրել էի ոստիկանութեան արտաքին ծառայութեան, նկատի ունեմ հասարակական կարգի պահպանութեան եւ ընդհանրապէս հասարակութեան հետ անմիջական շփումն ապահովող գործառոյթների, ինչպէս նաեւ կատարուած յանցագործութիւնների բացայայտման գործում ժամանակի պահանջներին հարիր որակական առաջընթաց ապահովելու առաջնահերթութեան վրայ: Պիտի ասեմ, որ այս երկու ուղղութիւններով էլ առաջընթաց տեսնում եմ: ՀՀ Ոստիկանութեան զօրքերի, արտաքին ծառայութեան ստորաբաժանումների գործունէութեան մէջ կայ թէկուզ փոքր, սակայն տեսանելի եւ յստակ առաջընթաց: Այն արտայայտուել է ոչ միայն հանրային վայրերում, զանգուածային միջոցառումների, եւ մասնաւորապէս, ընտրութիւնների անցկացման ընթացքում հասարակական կարգի պատշաճ պահպանութեան ապահովմամբ, այլեւ առանձին իրավիճակներում ՀՀ Սահմանադրութեամբ եւ օրէնքներով հետապնդուող նպատակներին հասնելու համար համարժէք եւ չափաւոր միջոցներ կիրառելու մէջ: Մի շարք բաւականին թէժ իրավիճակներում մենք ականատես ենք եղել ձեր սառը, համբերատար, որ չափազանց կարեւոր հանգամանք է, եւ շատ դէպքերում նաեւ հոգատար գործելաոճին, եւ դուք հիմնականում կարողացել էք զարգացումները տանել գրագէտ հունով: Սա տեսանելի է, տեսանելի է շատերի համար, բայց սա միայն գործի սկիզբն է, եւ կանգ առնելու իրաւունք դուք չունէք: Արտաքին ծառայութիւնների մասով ես նոր եռանդի ու աւելի արագ տեղաշարժերի ակնկալիք ունեմ ձեզնից, նոյնը նաեւ ճանապարհային ոստիկանութեան, անձնագրային եւ վիզաների վարչութեան գործունէութեան բնագաւառներում: Ցաւօք, պէտք է նշեմ, որ այս երկու ծառայութիւնների աշխատանքում ես պարբերաբար նկատում եմ տեղատուութիւն. միջոցառումներ ենք իրականացնում, պահանջներ ենք ներկայացնում եւ որոշակի ժամանակահատուածում մենք տեսնում ենք լաւ աշխատանք, տեսնում ենք հասարակութեան դրական արձագանք, բայց անցնում է երկու, երեք, չորս շաբաթ, եւ նորից ամէն ինչ վերադառնում է ի շրջանս իւր: Սա չի կարելի թոյլ տալ: Այստեղ ինձ համար անհասկանալի է դառնում ձեր ներքին անվտանգութեան ծառայութեան գործունէութիւնը: Կարծես վաղուց այդպիսի ծառայութիւն կայ, բայց ես չեմ յիշում մի դէպք, որ ներքին անվտանգութեան ծառայութեան նիւթերով քրէական պատասխանատուութեան ենթարկած լինենք որեւէ մէկին: Այդ դէպքում ու՞մ է պէտք այդ ծառայութեան աշխատանքը: Բոլորս էլ գիտենք, որ բազմաթիւ թերութիւններ կան: Թերութիւնների հետ միասին կան նաեւ յանցագործութիւններ: Եւ եթէ ներքին անվտանգութեան ծառայութիւնը ի վիճակի չէ տարին գոնէ մի քանի այդպիսի յանցագործութիւններ բացայայտել, ուրեմն իր պարտականութիւնները չի կատարում: Կա՛մ պէտք է այդ ծառայութիւնը լուծարել, կա՛մ այն պէտք է աշխատի: Տեսանելի է նաեւ առաջընթացը նախկինում կատարուած, այդ թւում` հասարակական մեծ հնչեղութիւն ունեցող յանցագործութիւնների բացայայտման, այդպիսի յանցագործութիւններով հետախուզուող անձանց յայտնաբերման ուղղութեամբ իրականացուած աշխատանքների եւ ստացուած արդիւնքների մասով: Սա նոյնպէս կարեւոր մի ոլորտ է, որտեղ դուք ճիշտ ուղղութեան վրայ էք, բայց դեռ զարգանալու, կատարելագործուելու շատ տեղ ունէք: այդուհանդերձ, չլուծուած խնդիրներն աւելի շատ են, քան ձեռքբերումները: Խօսքը նաեւ այն բոլոր անընդունելի երեւոյթների մասին է, որոնք եղել են ու դեռեւս կան ոստիկանութեան համակարգում: Հաւատում եմ, որ փոփոխութիւնների ուղղութեամբ աւելի մեծ արագութիւն հաւաքելու դէպքում արատները թօթափելու հարցը շատ աւելի հեշտ կը ստացուի, եւ հաւատացէք` շատ պարագաներում ինքն իրեն կը ստացուի: Շարունակում է խնդրահարոյց մնալ նաեւ քրէական գործերով կատարուող նախաքննութեան որակը: Միգուցէ կարծիքս սուբյեկտիւ է, բայց ես համարում եմ, որ ոստիկանութեան ամենաթոյլ տեղը հէնց այս ոլորտն է: Եւ այստեղ, անշուշտ, պէտք է լուրջ միջոցներ ձեռնարկել: Գտնում եմ նաեւ, որ յանցագործութիւնների բացայայտման, դրանց քննութեան ընթացքում պէտք է բացառուեն այնպիսի երեւոյթներն ու գործելակերպը, որոնք ստուերում կամ կասկածի տակ են դնում ոստիկանութեան համապատասխան ստորաբաժանումների կողմից անձի իրաւունքները, ազատութիւնները, պատիւն ու արժանապատուութիւնը յարգելու, օրէնքի առջեւ բոլորի հաւասարութեան, պատասխանատուութեան անխուսափելիութեան համաիրաւական սկզբունքների պատշաճ իրականացումը: Ուզում եմ, որպէսզի բոլորդ մէկ անգամ եւս լսէք հէնց իմ շուրթերից, որ մեր երկրում անպատժելի մարդ գոյութիւն չունի: Եւ բոլոր այն հեքիաթները, որ այս մէկը այն մէկին է պաշտպանում, որ այս մէկին չի կարելի մօտենալ, որ այն մէկն անձեռնամխելի է, իրօք, հեքիաթներ են: Դրանք հնարում են թուլակամ մարդիկ, թոյլ ոստիկանները, որպէսզի արդարացնեն իրենց անգործութիւնը: Չկան այդպիսի մարդիկ: Ով յանցագործութիւն է կատարում` պէտք է պատժուի: Սա՛ է մեր մօտեցումը: Յատկանշական է, որ նշուած ուղղութիւններով ձեռնարկուելիք աշխատանքը չպէտք է սահմանափակուի միայն բացասական երեւոյթներ ծնող պատճառները կամ անձանց բացայայտելով: Ին՞չ նկատի ունեմ. շատ դէպքերում, երբ թիւրիմացութիւններ, թերութիւններ են լինում, յանցագործութիւններ են կատարւում, միշտ լսում ենք նոյն պատճառաբանութիւնները: Բայց սա բաւարար չէ: Իրօք, բաւարար չէ: Մի անգամ հասկացանք, պատճառը լսեցինք, բայց երկու, երեք ամիս յետոյ` նոյնանման դէպք եւ նոյն պատճառներն են ներկայացւում: Անհրաժեշտ է նախանշել եւ մշակել այն կառուցողական լուծումները, որոնք հնարաւորութիւն կը տան արձանագրել առանցքային փոփոխութիւններ եւ դրանցից բխող դրական արդիւնքներ: Ընդ որում, պէտք չէ միայն ապաւինել օրէնսդրական կամ կազմակերպական բարեփոխումներին, որովհետեւ փոփոխութիւն նախ եւ առաջ ակնկալում եմ այդ գործունէութիւնն իրականացնող պաշտօնատար անձանց գործելակերպում եւ մտածելակերպի մէջ: Առաջին հերթին, որքան էլ օրէնքները փոխենք, զուտ միայն օրէնք կամ ընթացակարգեր փոխելով մենք չենք կարող յաջողութեան հասնել: Դա անհրաժեշտ գործընթաց է, բայց ոչ բաւարար: Պէտք է փոխել մեր մտածելակերպը: Յատկապէս, որ այն կարծրացել է տասնամեակների ընթացքում: Եթէ մենք չկարողանանք փոխել մեր եւ մեր ենթակաների մտածելակերպը, որեւէ ուղղութեամբ չենք կարող լուրջ յաջողութիւնների հասնել: Մենք դանդաղելու շռայլութիւնը մեզ թոյլ տալ չենք կարող: Պէտք է շարունակենք առաջընթացն արդէն յայտնի ուղղութիւններով եւ ձեռնամուխ լինենք խնդիրների լուծմանը միւս ոլորտներում: Ես ուզում եմ, որ ձեզնից իւրաքանչիւրը ամէն օր աշխատանքի գա մի բան փոխելու հաճոյքը զգալու նկատառումով: Եթէ մարդ իր աշխատանքից հաճոյք չի ստանում, նա չի կարող արդիւնաւէտ աշխատել: Յոյս ունեմ, որ կ'անցնի որոշ ժամանակ, եւ ձեզնից իւրաքանչիւրը, իրօք, հաճոյքով կը գայ աշխատանքի, ու ցանկացած դրական տեղաշարժ նրա համար կը լինի գրեթէ երջանկութիւն: Ահա այսպիսի մօտեցում է մեզ անհրաժեշտէ: Այս մասին «նտե-ին յայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից:
  -   Մամլո հաղորդագրություն