Նախարարները ստորագրել են համատեղ հրաման


Նախարարները ստորագրել են համատեղ հրաման

  • 20-07-2012 16:21:22   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանն ու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտէմ Ասատրեանն այսօր ստորագրել են համատեղ հրաման` "Յատուկ կարիքներ ունեցող երեխաների համար յատուկ հանրակրթական ուսումնական հաստատութիւններում միասնական կառավարում ու սոցիալական պաշտպանութիւն ապահովելու գործողութիւնների ծրագրի" վերաբերեալ: Համաձայն հրամանի` հաստատուել է համապատասխան գործողութիւնների ծրագիր, որի նպատակն է երեխաների կրթական եւ սոցիալական կարիքների գնահատման միջոցով առաջիկայ տարիներին յատուկ հանրակրթական ուսումնական հաստատութիւններում ստեղծել երեխաների իրաւունքների պաշտպանութեան առաւել նպաստաւոր պայմաններ եւ նոր հնարաւորութ իւններ, ինչպէս նաեւ յատուկ կրթութեան կարիք ունեցող երեխաներին ապահովել սոցիալական պաշտպանութեան երաշխիքներով: „ստորագրուած փաստաթուղթը մի իւրօրինակ ճանապարհային քարտէզ է մօտակայ տարիներին նախատեսուող միջոցառումների համար, որը ենթադրում է յատուկ կրթութեան կարիք ունեցող երեխաների կարիքների գնահատում, վերջիններիս` սոցիալիզացման բարձր աստիճանի ապահովում, հասարակութեանն ինտէգրուելու եւ նրա լիարժէք անդամը դառնալու անարգել իրականացում, ինչպէս նաեւ պետութեան` առաւել նպատակային աջակցութիւն եւ օգնութիւն: Գործողութիւնների ծրագրի կարեւորագոյն կէտերից է նաեւ զատել սոցիալական կարիքներից դրդուած երեխաների ընդգրկումն այն ուսումնական հաստատութիւններում, որոնք նախատեսուած են բացառապէս յատուկ կրթութեան կարիք ունեցող երեխաների համար: Վերջին տարիներին իրականացուող կրթական բարեփոխումների շնորհիւ յատուկ հանրակրթական ուսումնական հաստատութիւններում սովորող երեխաների թիւը նուազել է` շնորհիւ ներառականութեան սկզբունքի կիրառման. այսօր հանրապետութիւնում գործում է ներառական կրթութիւն իրականացնող շուրջ 95 դպրոց, որոնց թիւն ամէն տարի աւելանում է շուրջ 15-ով“,-նշել է Ար մեն Աշոտեանը` յաւելելով, որ նշուած գործընթացում նախարարութեան կարեւորագոյն գործընկերներից են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութիւնը, ինչպէս նաեւ խնդրով մտահոգ միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպութիւնները, որոնք սոցիալական գործընկերութեան շրջանակում, համագործակցում են նախարարութեան հետ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտէմ Ասատրեանն իր հերթին նշել է, որ երեխաների պաշտպանութեան խնդիրը ՀՀ կառավարութեան գործողութիւների ծրագրում գերակայ խնդիր է, որի համատեքստում, ըստ նախարարի, երեխաների կարիքների գնահատման հիման վրայ պէտք է աւելի նպատակային եւ հասցէական քաղաքականութիւն իրականացուի, եւ ստորագրուած փաստաթղթով գործունէութեան նոր էջ է բացւում: Համատեղ հրամանով հաստատուել է գործողութիւնների ծրագիր, համաձայն որի` 2012-2013 թթ. նախատեսւում է իրականացնել մի շարք գործողութիւններ, մասնաւորապէս. • կլրամշակուի "Հայաստանի Հանրապետութեան հանրակրթական ուսումնական հաստատութիւն սովորողի ընդունելութեան, տեղափոխման եւ ազատման կարգը", որով կը սահմանուի յատուկ հանրակրթական ուսումնական հաստատութիւնների իւրաքանչիւր տիպ կ'ունենայ ընդունելութեան իր չափանիշները: • մի շարք յատուկ հանրակրթական ուսումնական հաստատութիւնների կ'առաջարկուի վերակազմակերպել որպէս յատուկ դպրոց-կենտրոններ եւ այլընտրանքային ծառայութիւններ իրականացնող հաստատութիւններ: Յատուկ դպրոց-կենտրոնները կը կազմակերպեն նախադպրոցական կրթութիւն եւ կը հանդիսանան մեթոդաբանական եւ ծրագրերի մշակման ռեսուրս կենտրոններ ներառական կրթութիւն իրականացնող դպրոցների համար: • յատուկ հանրակրթական ուսումնական հաստատութիւնների լիազօր մարմին կը ճանաչուի ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը: • կիրականացուեն յատուկ հանրակրթական ուսումնական հաստատութիւնների հիմնանորոգման աշխատանքներ: • կփոխուեն կրթութեան առանձնայատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթութեան համար յատկացուող ֆինանսաւորման չափաքանակները եւ կը մշակուեն մեխանիզմներ կարիքների ամրագրման համար: • համաշխարհային առողջապահական կազմակերպութեան Ֆունկցիաների միջազգային դասակարգման հիման վրայ կը մշակուեն կրթութեան առանձնայատուկ պայմանների կարիքի գնահատման չափորոշիչներ: • հաստատութիւնների մասնագէտների վերապատրաստում: • յատուկ ուսումնական հաստատութիւնների կառավարման տեղեկատուական համակարգի ներդրում:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ