Հայերէնը մատաղացու չէ


Հայերէնը մատաղացու չէ

  • 14-05-2010 10:00:00   | Հայաստան  |  Յօդուածներ
Գնացէք Եռաբլուր: Այնտեղ մեր միջի լաւագոյններն են թաղուած: Գուցէ նրանցից շատերը մեզանից քիչ գիտէին, գուցէ նրանց ռուսերէնը կաղում էր, անգլերէն էլ չգիտէին: Սակայն հայ էին: Հայ էին, որովհետեւ հայերէն էին մտածում: Լեզուն առաջին հերթին մտածողութիւն է, յետոյ միայն խօսք: Եռաբլուրի տապանաքարերից վերցրէք պատահական հարիւր անուն եւ ապա ստուգէք, թէ քանիսը հայկական կրթութիւն ունէին, քանիսը օտար: Թուերը չեն խաբում: Ամաչում եմ, որ նման տարրական բանէր պիտի գրեմ: Կարդացէք Լիւդուիգ Վիտգենշտեյնի (Ludwig Wittgenstein) լեզուի փիլիսոփայութեանը նուիրուած աշխատութիւնները եւ ամէն ինչ պարզ կը լինի: Միթէ՞ առանց Վիտգենշտեյնի էլ հասկանալի չէ, որ հայերէն հաց եւ ռուսերէն хлеб բառերը նոյն նշանակութիւնն ունեն, սակայն էապէս տարբեր ընդգրկումներ: Միթէ՞ պարզ չէ, որ Պուշկինի հեքիաթներով մեծացած հայ մանուկը եւ Թումանեանի հեքիաթներով մեծացած մարդը տարբեր հայեր են: Կեղծ են այն պնդումները, որ իբր միայն օտար լեզուով է կարելի բարձրորակ կրթութիւն ստանալ: Սովորողը սովորում է, չսովորողը պատճառ է ման գալիս իր անկրթութիւնը հիմնաւորելու համար: Եթէ գիտելիքը վտարուած է, օրինակ, խորհրդարանից, աշակերտն ինչու՞ պիտի ընդհանրապէս սովորի: Ճիշտ ասած, զարմանում եմ, որ դեռ այսքան էլ սովորում են: Ապահովէք գիտելիքի արդար մրցակցութիւն աշխատանքի շուկայում եւ ամէն հայ առնուազն երեք օտար լեզու կ'իմանայ: Պէտք չէ կրթական համակարգի թերութիւնները եւ նրա ղեկավարի ապիկարութիւնը կոծկել Հայկական աշխարհում (սոյն արտայայտութեան հեղինակային իրաւունքը վարչապետինն է) հայերէնին տնուորի կարգավիճակ տալով: Ի հարկէ օտար եւ խուճուճ բառերով միշտ էլ աւելի դիւրին է սեփական տգիտութիւնը շղարշել: Ես հայկական կրթութիւն ունեմ, սակայն աշխատանքս սկսել եմ մի օտար լեզուից մէկ այլ օտար լեզու թարգմանութիւններ անելով: Դա իմ կեանքի այդ հատուածի պահանջն էր: Հայաստանն առաջին հերթին հայերէնն է: Առաց հայերէնի չկայ Հայաստան: Պէտք չէ ուրանալ սեփական Հայրենիքը, պարզապէս պէտք է բոլոր դպրոցներում բարելաւել օտար լեզուների դասաւանդումը: Հասկանում եմ, որ դա անելն աւելի դժուար է, քան հայերէնը մատաղացու դարձնելը: Արա Պապեան Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի 13 մայիսի 2010թ.
  -   Յօդուածներ