Դաւիթ Յարութիւնեան. Երկրի նախագահը եւ պատգամաւորը չէն կարող լինել երկքաղաքացի


Դաւիթ Յարութիւնեան. Երկրի նախագահը եւ պատգամաւորը չէն կարող լինել երկքաղաքացի

  • 21-03-2011 20:20:01   | Հայաստան  |  Քաղաքական
Հայաստանի ընտրական օրէնսգրքի կոալիցիոն փաթեթը փետրուարի 9-ին ուղարկուել է Վենետիկի յանձնաժողով, որն ապրիլի կէսերին կը ներկայացնի իր եզրակացութեան նախագիծը, իսկ ապրիլի վերջին՝ եզրակացութիւնը։ Առաջին ընթերցմամբ ներկայացնելով օրէնսդրական փաթեթը, այս մասին մարտի 21-ին Ազգային ժողովի նիստում տեղեկացրեց հիմնական զեկուցող, ԱԺ Պետական-իրաւական հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Դաւիթ Յարութիւնեանը։ Նա հաւաստիացրեց, որ առաջարկութիւնների փաթեթը տարբերւում է նախնական տարբերակից, քանի որ հաշուի էն առնուել այն բարելաւելուն ուղղուած բազմաթիւ առաջարկութիւններ։ Դ.Յարութիւնեանը նշեց նաեւ, որ առաջին ընթերցմամբ ընդունուելու դէպքում իրենք մտադիր էն մինչեւ երկրորդ ընթերցումը անցկացնել հանրային լսումներ շահագրգիռ կողմերի մասնակցութեամբ, իսկ երկրորդ ընթերցմամբ հաստատման նախատեսում էն ներկայացնել մայիսի առաջին կամ երկրորդ քառօրեայի ընթացքում։ Հիմնական զեկուցողը նորամուծութիւնների թւում կարեւորեց այն, որ Կենտրոնական ընտրական եւ ընտրատարածքային յանձնաժողովների կազմաւորման հիմքում դրուելու է անդամների մասնագիտական պատրաստուածութեան եւ արհեստավարժութեան չափորոշիչը։ Առաջարկւում է պատրաստուածութեան նման բարձր նշաձող սահմանել նաեւ տեղական դիտորդների համար։ Առաջարկութիւններով ընդդիմութեանը հնարաւորութիւն է տրուելու տեղական ընտրական յանձնաժողովներում ունենալ նախագահների, տեղակալների եւ քարտուղարների 20-ական տոկոս։ Օրէնքով ապահովուելու է ընտրական գործընթացում կանանց ներգրաւուածութեան 5-տոկոսանոց աճ՝ գործող օրէնքով սահմանուած 15 տոկոսի փոխարէն առաջարկւում է կանանց ներգրաւուածութիւնը հասցնել 20-ի։ Ըստ Դ.Յարութիւնեանի, օրէնսդրական փաթեթով առաջարկւում էն գործընթացի հրապարակայնութիւնն ապահովող մեխանիզմներ. մասնաւորապէս, ամրագրուած է, թէ այս կամ այն տեղեկատուութիւն ինչ ժամկէտում պէտք է տեղադրուի պաշտօնական կայքէջում։ Առաջարկւում է նախընտրական քարոզչութեան համար թեկնածուներին ոչ միայն պետական, այլեւ համայնքային դահլիճների անվճար տրամադրում։ Առաջարկւում էն նաեւ նախընտրական նպատակներով բարեգործութիւնը արգելելու, ինչպէս նաեւ գովազդային պաստառները տեղադրելու հաւասարութիւնն ապահովող մեխանիզմներ։ Նախագծի հեղինակները հեռուստաընկերութիւնների կողմից առեւտրային գովազդի գինը կտրուկ բարձրացնելու գործելաոճի դէմ պայքարելու համար առաջարկում էն օրէնքով սահմանել, որ քաղաքական գովազդի մէկ րոպէի գինը չի կարող գերազանցել վերջին 6 ամսուայ առեւտրային գովազդի միջինը։ Գործընթացի թափանցիկութիւնն ապահովելու համար իւրաքանչիւր վստահուած անձ, դիտորդ, ԶԼՄ ներկայացուցիչ հնարաւորութիւն ունի անարգել տեսանկարահանել քուէարկութեան ողջ գործընթացը՝ բացառութեամբ քուէարկութեան գաղտնիութիւնը խախտող դէպքերի։ Հարցերի մեծ մասը հիմնական զեկուցողին ուղղուեց օրէնսգրքի ալտերնատիւ տարբերակը առաջարկող «ՀՅԴ» խմբակցութեան ներկայացուցիչների կողմից։ Այն հարցի կապակցութեամբ, որ նախագծով երկքաղաքացին չի կարող ընտրուել երկրի նախագահի կամ ԱԺ պատգամաւորի պաշտօնում, Դ.Յարութիւնեանն ասաց. «Իմ խորին համոզմամբ, բոլոր այն մարմինները, որոնք ունէն առաջնային մանդատ, պէտք է նման սահմանափակում ունենան։ Պատգամաւորը եւ երկրի նախագահը չէն կարող լինել երկքաղաքացի։ Դա նրանց աւտոմատ դարձնում է Հայաստանից դուրս նաեւ այլ օրէնքների ենթակայ»։
  -   Քաղաքական