Գարնանային գիշերահաւասար` մարտի 20-ին. սկսւում է աստղագիտական գարունը


Գարնանային գիշերահաւասար` մարտի 20-ին. սկսւում է աստղագիտական գարունը

  • 19-03-2011 23:28:50   | Հայաստան  |  Հասարակութիւն
Մարտի 20-ին, Գրինուիչի ժամանակով 23:21, Արեգակը երկնքի հարաւային կիսագնդից կ'անցնի հիւսիսային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական գարնան սկիզբն է: Այդ պահին Արեգակը կը գտնուի Երկրի հասարակածի հարթութեան մէջ, եւ քանի որ Արեգակը կէտ չէ, այլ նրա սկաւառակը չափեր ունի, ապա նրա անցումը հասարակածով կտեւի մօտ 33 ժամ: Այդ օրը կոչւում է գարնանային գիշերահաւասարի օր, այսինքն գիշերուայ եւ ցերեկուայ տեւողութիւնները հաւասարւում էն: Նշենք, որ խօսքն Արեգակի` հորիզոնից բարձր եւ ցածր գտնուելու տեւողութեան մասին է, իսկ իրականում օրուայ լուսաւոր մասն աւելի երկար կը լինի, քանի որ գումարւում էն նաեւ առաւօտեան եւ երեկոյեան մթնշաղի ժամերը: Ընդհանրապէս տարուայ եղանակների պատճառը Երկրի հասարակածի հարթութեան թեքուածութիւնն է Երկրի` Արեգակի շուրջ պտտման ուղեծրի հարթութեան նկատմամբ (23.4 աստիճան): Նախկինում գարնանային գիշերահաւասարը մարտի 22-ին էր, այնուհետեւ` 21-ին եւ այժմ` 20-ին: Այդ փոփոխութեան պատճառը Երկրի պրեցեսիան է. նրա պտտման առանցքը ժամանակի ընթացքում տեղաշարժւում է եւ 26000 տարում մէկ լրիւ պտոյտ է կատարում: Այստեղից, մօտ 70 տարին մէկ այդ կէտը տեղաշարժւում է մէկ օրով դէպի առաջ: Աստղագէտները գարնանային գիշերահաւասարի կէտի հետ էն կապում երկնային հասարակածային կոօրդինատների հաշուանքի համակարգը. այդ կէտից է սկսւում կոօրդինատներից մէկի` ուղղակի ծագման, հաշուարկը: Գարնանային գիշերահաւասարի օրը որոշ իսլամական երկրներում (մասնաւորապէս Իրանում) համարւում է նոր տարուայ սկիզբը (Նովրուզ), որն ի դէպ ծագում է դեռ զրադաշտական կրօնի ժամանակներից եւ շուրջ 3000 տարուայ պատմութիւն ունի: Յիշեցնենք, որ մեր մօտ ամենասիրուած եկեղեցական շարժական տօներից մէկի` Զատիկի, օրուայ հաշուարկն էլ կապուած է գարնանային գիշերահաւասարի օրուայ հետ: Այսպէս, ամէն տարի Զատիկի օրը գարնանային գիշերահաւասարից յետոյ առաջին լիալուսնից յետոյ եկող առաջին կիրակին է, եւ այս տարի կը նշուի ապրիլի 24-ին: Ի դէպ, այս տարի Զատիկի օրը համընկնում է թէ արեւմտեան եւ թէ հայ առաքելական եկեղեցիներով:
  -   Հասարակութիւն