Նորակառոյց խորանի օծում եւ ուխտի պատարագ՝ Թադէի վանքի Ս. Նահատակ մատուռում


Նորակառոյց խորանի օծում եւ ուխտի պատարագ՝ Թադէի վանքի Ս. Նահատակ մատուռում

  • 18-09-2012 15:53:33   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
Թաւրիզ, ազգային առաջնորդարան - Ս. Թադէի վանքի շրջակայքում գտնւող հինգ մատուռներից Ս. Նահատակում սոյն թւականի ուրբաթ, սեպտեմբերի 14-ին, Սրբալոյս Միւռոնով օծւեց նորակառոյց խորանը, եւ ապա մատուցւեց ուխտի սուրբ պատարագ: Մատուռը կառուցւել է Յիսուսի 12 առաքեալներից Ս. Թադէոսի նահատակութեան վայրը համարւող հսկայ ժայռին կից, որը դարեր շարունակ ուխտավայր է հանդիսացել հայ ժողովրդի համար: Դրանից 100 մետր այն կողմ էլ գտնւում է աւելի փոքր չափի Գլուխը ծածկած Ս. Աստւածածին մատուռը: 1650-ական թւականներին կառուցւել է Ս. Նահատակը, Մկրտիչ եպիսկոպոս Մակւեցիի վանահայրութեան օրօք, այն ժայռի մօտ, «որ է տեղի նահատակութեան սրբոյ առաքելոյն Թադէոսի»,- ինչպէս գրում է Առաքել Դաւրիժեցի պատմիչը, եւ կոչւել է Ս. Նահատակ: 1711 թւականին վերանորոգւել է մատուռը՝ Ուստա Յովսէփի ձեռքով, որը գեղակերպ մի խաչ քանդակելով արտաքին հարաւային պատի լուսամուտի ներքեւ, դրա վրայ գրում եւ խնդրում է կարդացողներից, որ «ողորմի» ասեն իրեն. «Թվ ՌՃԿ: Յշտկ է սբ խչս/ ուստա Յովսէփին,/ ով որ կրդք ողրմի ասացք նմայ»: 1721 թւականը կրող մի այլ արձանագրութիւն, մատուռի հարաւային դռան վերեւ, Տէր Զաքարը թողել է, իր ամբողջ ընտանիքի անդամների անունները յիշատակելով, հաւանաբար դարձեալ վերանորոգութեան ենթարկած լինելով յիշեալ մատուռը: Արձանագրութեան մէջ, Տէր Զաքարից բացի յիշւում են նրա հայր Տէր Կարապետը, մայր Գարանը, որդին՝ Մուրադը, եւ դուստրերը՝ Թափօնը եւ Զանօն. «Յիշատակ է Ս. Նատակ տր/ Զաքարին եւ հօրն տր Կարապետ/ին եւ մօրն Գարանին, որդոյն / Մուրատին եւ դստերանց Թա/փօնին եւ Զանօին եւ այլ ամ/ենեցուն: Թվին ՌՃՀ»: Արտաքին Արեւելեան պատի քարերում հիւսւած կան նաեւ մէկ խաչքար ¥997 թ.¤, եւ մէկ տապանաքար ¥1315 թ.¤: Նորակառոյց խորանի օծումը կատարեց եւ ապա պատարագը մատուցեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանը, որն իր քարոզի մէջ անդրադարձաւ մատուռի պատմութեանը եւ հայ քրիստոնէութեան համար ներկայացրած մեծ արժէքին: Ս. պատարագի ընթացքում յիշատակւեցին եկեղեցաշէն վանահայր Մկրտիչ եպս. Մակւեցին եւ վերանորոգող վարպետ Յովսէփն ու Տէր Զաքարի գերդաստանը: Մինչեւ երեկոյ Ս. Թադէի վանքում մնալուց յետոյ՝ նոյն օրը առաջնորդը վերադարձաւ Թաւրիզ:
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը