Դիւանագիտական ճնշումները արդիւնք էն երկրի իշխանութեան խոցելի լեգիտիմութեան


Դիւանագիտական ճնշումները արդիւնք էն երկրի իշխանութեան խոցելի լեգիտիմութեան

  • 17-03-2011 15:32:58   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
Տեսնէս, այսօր էլ «կը մասնակցի՞» Հհ-ում ԱՄՆ դեսպան Էովանովիչը Հակ-ի միտինգին... Չէ՞ որ դրա վերջնի՝ մարտի 1-ի հաւաքին «մասնակցեց» ու դեռ աւելին՝ ելոյթ էլ ունեցաւ, թէկուզ հեռակայ՝ Եպհ-ում... հարցադրմանը ամենեւին էլ զարմանքով վերաբերուել հարկաւոր չէ, քանզի յաճախ է պատահել, որ ԱՄՆ դեսպանուհին խորամուխ է եղել հայաստանեան ներքին հասարակա-քաղաքական «ցաւոտ» հարցերում, իսկ այս վերջինում իսկ՝ արտահերթ ընտրութիւնների ու «քաղաքացիական հասարակութիւն ձեւաւորելու» կոչեր արձակել, ճիշտ այնպէս, ինչպէս Հակ-ի հանրահաւաքում ելոյթներով հանդէս եկողները: Եպհ-ի հանդիպմանը, սակայն, ի պատիւ մեր ուսանողների զգաստ հարցադրումների՝ տկն. Էովանովիչը մասամբ փորձեց արդարանալ՝ ձեւացնելով, որ մտադիր չէ միջամտել իր առաքելութիւնը իրականացնող երկրի ներքին հարցերին, բայց դա այնպէս էլ չյաջողուեց իրէն, քանզի պարզից էլ պարզ էր, որ դեսպան Էովանովիչի ելոյթի տողատակերում ակներեւ էր աֆրիկեան ու մերձաւորարեւելեան դոմինոյական «յեղափոխութիւնների» մոդելաւորման պատրանքը եւ որ դրանք կարող էն նաեւ նախադէպ լինել անդրկովկասեան քրիստոնեայ 2-րդ երկրում... յատկապէս որ ինքը բաւական փորձաշրջան է անցկացրել հարեւան տարածաշրջանի մի այլ երկիր՝ Կիրգիզստանում՝ նախքան Հայաստանում դեսպանութեան ստանձնումը: Ահաւասիկ, անցնող երկու շաբաթներում նախքան Սոչիի եւ հետսոչիական հանդիպմանը ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում ադրբեջանցի դիպուկահարի զոհ դարձան երկու հայ զինծառայողներ, իսկ մշտապէս էլ ադրբեջանական ուժային սադրանքներին զուգակցուել էն դիւանագիտական ճնշում-հարուածները, ասենք՝ Եւրոխորհրդի տարբեր կառոյցների, ԱՄՆ պետդէպարտամենտի երկակի չափանիշերի ձեւաչափերով, ինչպէս եւ անհատ ժպտերե՜ս միջնորդների խրատա-յորդորական ժեստերով, յանձինս՝ Չաւուշօղլուների, Բրայզաների, Համերբերգների, Բարուզոների եւ սրանց նախկին ու ներկայ գործընկերների: Այ, տեսէք, թէ ինչ էր յայտարարում Հակ-ի առաջնորդը նախորդ մարտիմէկեան հանրահաւաքի փոխան ելոյթում տեղ գտած յայտարարութեան 14-րդ կէտում.- «...14. Հանրահաւաքը նաեւ անհրաժեշտ է համարում կոչ անել միջազգային կազմակերպութիւններին, Ամերիկայի Միացեալ Նահանգների եւ Եւրոմիութեան երկրների կառավարութիւններին՝ դադարեցնելու աշխարհաքաղաքական նկատառումներով Հայաստանի բռնապետական վարչախմբին ցուցաբերուող անվերապահ աջակցութիւնը, որը ոչ միայն ոչնչով չի նպաստում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը, այլեւ աւելի եւս ամրապնդելով ռեժիմի դիրքերը՝ վերջին հաշուով ուղղւում է ժողովրդի դէմ, ինչը միանգամայն ակնյայտ է դառնում արաբական երկրներում ներկայումս ընթացող իրադարձութիւնների լոյսի ներքոյ, եւ ինչը խոստովանում էն անգամ արեւմտեան քաղաքական գործիչներն ու անկախ վերլուծաբանները: Ճիշտ է, նմանատիպ դիւանագիտական ճնշումները խոշոր տոկոսով արդիւնք էն ճնշուող երկրի իշխանութեանց խոցելի լեգիտիմութեան կամ էլ նոյն իշխանութեանց ներքին թէ արտաքին ճակատների վրայ քաղաքականութեան ու դիւանագիտական ռեսուրսների տկարութեան եւ կամ էլ երկուսը համատեղ...: Ու այսպէս՝ արտաքին ճնշման նպատակը միեւնոյնն է՝ Արցախեան հարցի «կարգաւորման» հաշուին միակողմանի զիջումներ պարտադրել առաւել եւս խոցելի երկրին, տուեալ դէպքում՝ Հայաստանին, յատկապէս որ վերջինս նաեւ «համարձակուել է» սառեցնել հայ-թուրքական հաշտեցման պրոտոկոլները... սրանք, ինչ խօսք, պարզ հաշիւներ էն, իսկ օրուայ մոդելաւորուող առիթները (Թունիս, Եգիպտոս) անպակաս. Հակ-ն էլ, ի դէմս իր առաջնորդի, նախկինի պէս «այնթապցիական թայմաուտ»-ի գնալու մտադիր չէ եւ կարեւորը՝ հերթական ընտրութիւնների սպասելու եւ այդ մոդելներով ինքնանպատակ ու լոկ «ընդդէմ»-ի վարքով իշխանափոխութիւն անելու իր համբերութեան բաժակը այլեւս յորդել է, ինչպէս որ դրա մասին բարձրաձայնեց նախորդ՝ մարտի 1-ի հանրահաւաքում: Մնում է, ուրեմն, սպասել ու տեսնել, թէ ներքին ու արտաքին խմորումները ինչպիսի ընթացք էն հաղորդելու այսօրուայ Հակ-ի ռադիկալաշունչ «հանրահաւաքին ու երթին», որոնք բացառուած չէ՝ պարուրուած լինէն «գարնանային կարմիր կակաչների բողբոջանքներով», այն էլ՝ կիրգիզական բուրմունքով... «ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը