Տոնակատարվում է Նոր Ջուղայի հայոց դպրոցների հիմնադրության ամյակների միատեղ հոբելյանը


Տոնակատարվում է Նոր Ջուղայի հայոց դպրոցների հիմնադրության ամյակների միատեղ հոբելյանը

  • 16-03-2011 13:52:27   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն
Եթէ ընտանիքի սնուցման ջերմ գիրկը ծնողներն են, ապա հասարակութեան սնուցման, դաստիարակութեան, գործնական կեանքը ապրել ուսուցանող ջերմ գիրկը դպրոցն է: Ուսման հանդէպ հայ ժողովուրդը միշտ էլ ունեցել է մեծ հաւատք ու նուիրում: Նման աւանդութեամբ էլ օժտուած է եղել Նոր Ջուղան իր հիմնարկման օրերից, 17րդ դարի սկզբից, Իրանի այն օրերի քաղաքամայր Սպահանի հարաւում, Զայանդերուդ գետի աջ ափին: Նոր Ջուղայի ժողովուրդը, որ հիմնականում նախիջեւանեան Ջուղայից գաղթեցուած հայութիւնն է եղել, գաղթի տանջալից աղէտի միջից անցնելով, կարողացել է համեմատաբար կարճ ժամանակամիջոցում վերականգնել իր հասարակական կեանքը Նոր Ջուղայում: 15րդ դարից ի վեր Ջուղան յայտնի է դառնում հարաւ արեւմտեան Կովկասում որպէս վաճառականական, մշակութային եւ կրթական կենտրոն: Ջուղայի հայ վաճառականները ազդեցիկ մաս են կազմում Իրանի, Հնդկաստանի, Եւրոպայի եւ Ռուսաստանի միջեւ շրջանառուող առեւտրի, ոչ միայն մետաքսի տարածման, այլ նաեւ բազմատեսակ ապրանքների արտահանման ու ներածութեան աշխատանքում: Ձեռներէց վաճառականները եղել են կրթուած, բանիմաց, լեզուներ իմացող գործարարներ, որ նիւթապէս զօրանալով, ուժեղացրել են նաեւ իրնց հասարակութեանը, ժողովրդին: Պատմական իրականութիւն է, որ հայ վաճառականները մարտավարական ազդեցութիւն են ունեցել բրիտանական եւ հոլանդական կայսրութիւնների մրցակցութեան պայքարում, հարաւ արեւելեան ասիական տարածքներում, ի նպաստ բրիտանական ապերախտ կայսրութեան: Ջուղայի հայութիւնը հաստատուելով Նոր Ջուղայում հասարակական կեանքի, ապրուստի զարգացած իմացութեամբ կարգաւորել է իր կեանքը, իր ազգային հասարակական կեանքի պայմաններն է հաստատել ու թրծել նոր միջավայրում: Առաջնահերթութեամբ կառուցել է իր վանքը՝ Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքը ու եկեղեցիները, որ ժամանակի ընթացքում թիւը հասել է 24ի. դրանց հետ, ու դրանց մէջ էլ հաստատել է իր դպրոցները: Հայաշխարհի տարածքներում, ի վաղուց անտի, աւանդաբար, վանքերում եւ եկեղեցիներում են եղել դպրոցները, ուսումնարանները, համալսարանները: 17րդ դարից սկսած հայ հասարակութիւնը Նոր Ջուղայում ըստ իր որակի հասկացողութեան, առաջանում է նոյն աւանդութեամբ: 1620 թուին Նոր Ջուղան արդէն կենտրոնն էր Իրանա-Հնդկաստանի Հայոց Թեմի. օրուայ թեմակալ առաջնորդ Խաչատուր Արքեպիսկոպոս Կեսարացին քննարկում է վանքի դպրոցի ուսումնական ծրագիրը, բարեփոխում, ժամանակի բարձր մակարդակի է հասցնում. ուր ներառում է՝ հայերէն, պարսկերէն, անգլերէն լեզուները, գրականութիւն, բանաստեղծութիւն, երաժտութիւն, թուաբանութիւն «համարողական արուեստ», քերականութիւն, փիլիսոփայութիւն , բնական գիտութիւններ, աստուածաբանութիւն եւ այլն, որոնց պարապումը լինում է հայերէնով: Դպրոցը կոչւում է համալսարան: Այդ համալսարանում են ուսանել յայտնի դէմքեր՝ Յակոբ Դ Ջուղայեցի Կաթողիկոսը, փիլիսոփայ Սիմէօն Ջուղայեցին, Աստուածաշնչի տպագրիչ Ոսկան Երեւանցին, Ջուղայի յայտնի առաջնորդներ՝ Դաւիթ եւ Ստեփանոս եպիսկոպոսները, մեծ գիտնական Յովհաննէս Տիեզերալոյս Վարդապետը եւ ուրիշներ: 17րդ դարի վանքի դպրոցի յայտնի ուսուցիչներից է Կոստանդ Վարժապետը, նա 1687 թուին կազմել է «Բանք ի պէտս վաճառականաց» դասագիրքը, ապա բովանդակութիւնը ընդարձակելով կազմել է «Աշխարհաժողով» դասագիրքը: Ահա նման օրինակները ցոյց են տալիս, որ Ջուղայի եւ Նոր Ջուղայի յայտնի վաճառականները յաջողել են իրենց ասպարէզում կրթուած, բանիմաց ու զարգացած գործարարներ լինելով: Նոր Ջուղայի եկեղեցիներում եղած դպրոցները կատարել են նախակրթարանի ապա միջին մակարդակի ուսումնատւութիւնը: Եկեղեցիների դպրոցներում սովորել են տղաները. իսկ աղջիկները սովորել են Կուսանաց Սբ. Կատարինեան Վանքի Դպրոցում, ուր եղել են հայոց եկեղեցու մայրպետներ: Ընդհանրապէս նման կրթական ցանցը շարունակուել է 18րդ եւ 19րդ դարերում. մինչեւ 1880 թուականը: Եկեղեցիներում եղած դպրոցներից յայտնի են՝ Սբ. Ստեփանոս Եկեղեցու, Սբ Աստուածածին Եկեղեցու, եւ Սբ. Մինաս Եկեղեցու դպրոցները: Սբ. Ստեփանոս Եկեղեցու Դպրոցը բացւել է 1831 թուին թեմակալ առաջնորդ Կարապետ Եպիսկոպոս Ջուղայեցու ջանքերով, Գրիգոր Սամեանի, ապա Մարգար Սուքիասեանի յատկացրած դրամագլխով: Դպրոցը կոչուել է Ամենափրկչեան Ճեմարան: Ուսուցիչ է եղել յայտնի մտաւորական, գրող Մեսրոպ Թաղիադեանը: Սբ. Աստուածածին Եկեղեցու Դպրոցը սկսել է 1840 թուից, Յարութիւն Աբգարեանի միջոցով. ընդհանրապէս Աբգարեանց տոհմը բազմաթիւ ուսուցիչներ է տուել Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցներին: (Տարրական երկրորդ դասարանում ես աշակերտել եմ ուսուցիչ Պր. Տիգրան Աբգարեանցին, որ այդ տոհմի վերջին ուսուցիչը եղաւ. նա պատմաբանասիրական աշխատութիւններ է հրատարակել Նոր Ջուղայի մասին): Սբ. Մինաս Եկեղեցու Դպրոցը բացուել է 1853 թուին, ջաւայաբնակ նորջուղայեցի, երկու քոյրեր, Տիկին Մարիամ Յարութիւնեանի եւ Տիկին Թագուհի Մանուկեանի նուիրած դրամագլխով: Ժողովրդի թուի բարձրացման եւ կարիքների ընդարձակման ու արդիականացման բերումով կրթական եղած ցանցը սկսում է արդէն անբաւարար դառնալ: 1880 թուին թեմակալ առաջնորդ Գրիգորիս Արքեպիսկոպոս Յովհաննիսեանի գլխաւորութեամբ եւ մասնակցութեամբ Նոր Ջուղայի, Հնդկաստանի եւ Ջաւայի նորջուղայեցի ազգայինների նիւթական նպաստների գումարով հիմնադրւում է Նոր Ջուղայի Հայոց Ազգային Կենտրոնական Դպրոցը: Դպրոցի կառուցման դեղնապղնձեայ յուշասալի վրայ հայերէն եւ անգլերէն գրուած է. «Յամի տեառն 1843 Հայկեան Հայրենասիրական Ուսումնարան Նոր Ջուղայ կառուցաւ արդեամբք հանգ[անակաւ] Յարութիւն եւ Գրիգոր Աբգարեանց, որք ի Կալկաթա երկուցոնց որդւոյ հանգուցեալ Աբգարի Աղազարեայ Սեթեանց եւ Սանդխտոյ ամուսնոյն իւր, որք ի Ջուղա, եւ արդեամբ հանգ[անակաւ] Աղա Յովհանջանի Էլիզեան, որ ի Կալկաթա, ի յիշատակ իւրեանց, ապա պայմանաւ իւիք միացեալ ընդ Ազգային Կենտրոնական Ուսումնարանին հաստատելոյ աստ ի Ջուղա յամի տեառն 1880»: Դպրոցի ընդարձակ շէնքի կառուցումը մասամբ աւարտւում է 1883ին, ժողովրդական մեծ հանդիսութեամբ կատարւում է բացումը. շէնքը լիակատար աւարտւում է 1893 թուին: Այս դպրոցում համախմբւում են բոլոր եկեղեցիների դպրոցների աշակերտութիւնը: Այնուհետեւ եղել են նորանոր կառոյցների աւելումներ: Կուսանաց Սբ. Կատարինեան Վանքի Դպրոցը եւս նոր կարիքների բերումով ընդարձակւում է. 1858 թուին նորջուղայեցի ջաւայաբնակ Մանուկ Յորդանանեանի դրամական նուիրատւութեամբ: Նոյն բարերարի նուիրատւութիւններով դպրոցը հերթաբար ընդարձակւում է: 1899 թուին աղջիկների համար այլեւս առանձին դպրոցական շէնք ունենալը դառնում է անհրաժեշտութիւն: Ժամանակի թեմակալ առաջնորդ Մաղաքիա Եպիսկոպոս Տերունեանը կրօնկան խորհրդի հետ ձեռնամուխ են լինում հանգանակութեան՝ Նոր Ջուղայում, Հնդկաստանում եւ Ջաւայում, հաւաքում են չորս հազար թուման, որով 1900 թուին հիմնարկում են Սբ Կատարինեան Օրիորդաց Դպրոցը: 1901 թուին կառուցւում է Գէորգ Քանանեան Ազգային Դպրոցը, բարերարութեամբ Տիկին Վարվառէ Քանանեանի, ի յիշատակ ամուսնու՝ Մոսկուայի Լազարեան Ճեմարանի ժամանակի տնօրէն Գէորգ Լազարեանի: Կառուցումը աւարտւում է 1905 թուին: Տարիներ՝ առաջին յարկի դասարանները օգտագործուել են որպէս մանկապարտէզ: 1975 թուին մանկապարտէզը փոխադրւում է Քիշմիշի այգում կառուցուած շէնքը, ապա 1977 թուին տեղափոխւում է Տէր Մեսրոպենց տունը, որ մեծ ու յարմարաւէտ շէնք է այդ նպատակի համար: Կոչւում է Գէորգ Քանանեան Ազգային Մանկապարտէզ: Կենտրոնական դպրոցի տարածքներում 1970ական եւ 1980ական թուականներում կառոյցների աւելումներ են եղել ըստ կարիքի, ուր տեղաւորուել է Արմէն նախակրթարանը: Հիմնական յիշեալ երեք դպրոցները տարիների ընթացքում, ըստ կարիքի ու նպատակաբաշխման, օգտագործուել են՝ որպէս տղաների, աղջիկների կամ երկսեռ աշակերտութեան համար: 1907-20 թուականներում կենտրոնական դպրոցի երկրորդ յարկը օգտագործուել է որպէս հոգեւոր գիշերօթիկ դպրոց: 1950-60ական թուականներում Քանանեան դպրոցի երկրորդ յարկը օգտագործուել է որպէս տղաների որբանոց: Նոր Ջուղայի հայոց դպրոցները սկզբից պատկանել են Նոր Ջուղայի վանքին, ապա թեմին, ապա ազգային համայնական, կամ կրօնական, ապա թեմական խորհրդին: 1935 թուին Ռեզա Շահ Փահլաւի Թագաւորը, պետականացրեց Իրանի հայոց բոլոր դպրոցները, երբ պետական այցով հանդիպեց Թուրքիայի Նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին, պետական հրաւէրով այցելելով Թուրքիա: Յայտնի է, որ նա այդ արեց Աթաթուրքի խորհրդով, ճզմելու համար իրանահայութեան զարգացումը: Հայոց դպրոցների պետականացումով, որ տեւեց մինչեւ 1955 թիւը, իսկապէս իրանահայութիւնը տուժեց կրթական, գիտական, տնտեսական եւ հասարակական առումով: Մանաւանդ Նոր Ջուղան ինքնամփոփուեց այն խորթ մթնոլորտում, ուր դպրոցի բոլոր աշակերտութիւնը հայ էր, բայց տնօրինութիւնը եւ ուսուցչական կազմը պարսիկ էր, դասատւութիւնը պարսկերէն: Շաբաթական 2-3 ժամ յատկացուած էր կրօնի, որ մասնաժամեայ մէկ-երկու հայ ուսուցիչներ պարապում էին՝ հիմնականում հայոց լեզու, ընթերցանութիւն միայն, պատահական մի քիչ քերականութիւն, ըստ ընթերցանութեան նիւթից առաջացած կարիքի: 1950-60ական թուականներում հայ աշակերտութիւնը դպրոցներում հայերէն թելադրութիւն կամ շարադրութիւն չէին գրում, հայոց պատմութիւն չէին պարապում: 1930-60ական թուականները Նոր Ջուղայի հայոց դպրոցներից հայ մտաւորական գրող են դարձել միայն մի տասնեակ: Դա ցուցանիշ է հայ հասարակութեան կրած կրթական, մտաւորական զարգացման կորուստի ու վնասի: 1952-5 թուերին Նոր Ջուղայի Հայոց Դպրոցների Հոգաբարձութիւնը, որ մանկապարտէզից բացի ոչմի դպրոց չունէր իր տնօրինութեան ներքոյ, կազմակերպեց երեկոյեան հայերէնի դասընթացներ: Ժամանակի միջնակարգ դպրոցների հայ աշակերտութեան մի մեծ մասը մասնակցեց այդ դասընթացներին, Քանանեան Դպրոցի երկրորդ յարկում, գոհացուցիչ արդիւնքով: Իրանի կառավարութիւնը 1955 թվին հայոց դպրոցները վերադարձրեց հայութեան: Մեծ էր իրանահայութեան ոգեւորութիւնը, կրթական, մտաւորական առաջընթացը, որ տեւեց մինչեւ 1979 թուականը, երբ Իսլամական Յեղափոխութեան կառավարութիւնը վերստին պետականացրեց հայոց դպրոցները. կրօնի դասագիրքը նոյնիսկ փոխեց պարսկերէնի: Վիճակը շարունակւում է մինչեւ այսօր: Գլենդել, 2011-02-15
  -   Մամլո հաղորդագրություն