Հայ-իրաքեան միջկառավարական պատուիրակութիւնը հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ


Հայ-իրաքեան միջկառավարական պատուիրակութիւնը հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ

  • 07-11-2012 16:48:43   |   |  Հասարակութիւն

ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցութեան հարցերով հայ-իրաքեան միջկառավարական համատեղ յանձնաժողովի համանախագահ Արմէն Գէորգեանի գլխաւորած պատուիրակութիւնը Իրաքի Հանրապետութիւն այցը նոյեմբերի 6-ի երեկոյեան սկսեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից: Պատուիրակութեան կազմում են ՀՀ առողջապահութեան նախարար Դ. Դումանեանը, գիւղատնտեսութեան նախարար Ս. Կարապետեանը, արտաքին գործերի, էկոնոմիկայի, էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարարները, պաշտօնատար այլ անձինք: Մինչ հանդիպումը փոխվարչապետը եւ պատուիրակութեան միւս անդամները ծաղիկներ դրեցին Բաղդադի Սբ Գրիգոր Լուսաւորիչ առաջնորդանիստ եկեղեցու բակում Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակը յաւէրժացնող խաչքարին: Եկեղեցում էլ կայացաւ հանդիպումը, որին ներկայ էին Ազգային կենտրոնական վարչութեան, համայնքում գործող ազգային կազմակերպութիւնների անդամներ: Իրաքի հայոց թեմի առաջնորդ Աւագ արքեպիսկոպոս Ասատուրեանը ողջունեց Հայաստանի պաշտօնական պատուիարակութեան այցը Իրաք` նկատելով, որ վերջին տարիների ընթացքում սա հայրենիքից ժամանած առաջին նման պատուիրակութիւնն է եւ նշելով, որ այդ այցերը ոգեշնչում են համայնքին: Փոխվարչապետը ողջունեց ներկաներին` ընդգծելով, որ Իրաքի հայ համայնքը պատմութիւն եւ աւանդոյթներ ունեցող այն գաղթօջախներից է, որը գոյութեան ընթացքում բազմաթիւ փորձութիւնների միջով է անցել: «Գիտենք, թէ ինչպիսի դժուարութիւնների միջով է անցել իրաքահայ համայնքը վերջին տարիներին: Յուսով եմ, որ այդ ամէնն արդէն անցեալում է, եւ հայ համայնքն արագ կը վերականգնի ուժերը ու իր նպաստը կ'ունենայ երկու երկրների յարաբերութիւնների զարգացմանը»,-ասաց փոխվարչապետը: Նա գնահատելի համարեց համայնքի եւ համայնքային կազմակերպութիւնների աշխատանքն ու դերը ազգային հոգեւոր եւ մշակութային արժէքների պահպանութեան գործում: փոխվարչապետը վստահեցրեց, որ Հայաստանը մշտապէս լինելու է սփիւռքահայ հայրենակիցների կողքին` նշելով, որ ՀՀ սփիւռքի նախարարութեան ստեղծումը սփիւռքի հայրենակիցների խնդիրներին աւելի մեծ ուշադրութիւն դարձնելու, հայրենիք-սփիւռք յարաբերութիւններին աւելի համակարգուած բնոյթ հաղորդելու նպատակ ունէր, եւ վերջին տարիներին այդ ուղղութեամբ լուրջ աշխատանք է իրականացւում: Հանդիպմանը քննարկուեցին համայնքային կեանքին, Իրաքի ներքին իրավիճակին, համայնքին յուզող խնդիրներին վերաբերող հարցեր: ՏԿՆ հասարակայնութեան հետ կապերի բաժնից յայտնում են, որ երեկոյեան փոխվարչապետի գլխաւորած պատուիրակութիւնը մասնակցեց իրաքի փոխվարչապետ Ռոշ Նուրի Շուայեսի անունից պաշտօնական ընդունելութեանը: Հանդիպմանը երկու երկրների փոխվարչապետները քննարկեցին միջկառավարական յանձնաժողովի առաջին նիստի օրակարգին, ինչպէս նաեւ երկկողմ յարաբերութիւնների խորացմանն առնչուող հարցեր:
  -   Հասարակութիւն