Կայացաւ անվարձահատոյց արիւնատուութեան միջբուհական ակցիան


Կայացաւ անվարձահատոյց արիւնատուութեան միջբուհական ակցիան

  • 09-11-2012 12:19:53   | Հայաստան  |  Բարեգործութիւն

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ ՀՀԿ երիտասարդական կազմակերպութիւնը նոյեմբերի 9-ին պրոֆէսոր Եօլեանի անուան արիւնաբանական կենտրոնում կազմակերպել էին անվարձահատոյց արիւնատուութեան միջբուհական ակցիայ, որին մասնակցում էին պետական եւ ոչ պետական բուհերի ուսանողներ: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող եւ ՀՀԿ երիտասարդական կազմակերպութեան ղեկավար Կարէն Աւագեանը նշեց, որ ՀՀԿ երիտասարդական կազմակերպութիւնն արդէն 10 տարի է` իրականացնում է անվարձահատոյց արիւնատուութեան ակցիաներ: ?Այս ակցիան երկու կարեւորագոյն նշանակութիւն ունի. նախ հետազօտւում է երիտասարդների արիւնը, առողջական վիճակը, եթէ կան խնդիրներ, դրանց մասին տեղեկանում ենք եւ համապատասխան ընթացակարգով իրականացնում ենք բուժական պրոցեսը: Բացի այդ, նման անվարձահատոյց ակցիայով կարողանում ենք օգտակար լինել մարդկանց, ովքեր արեան բաղադրամասերի կարիք ունեն?,- նշում է Կարէն Աւագեանը եւ աւելացնում, որ եթէ 10 տարի առաջ նման միջոցառումներին մասնակցում էր ընդամէնը 20 երիտասարդ, ապա այսօր` 500, ինչը նշանակում է, որ հանրութեան վերաբերմունքը դոնորութեանը, մարդասիրական մօտեցումներին դրականօրէն փոխւում է: Կարէն Աւագեանը տեղեկացրեց նաեւ, որ անվարձահատոյց արիւնատուութիւնը նուիրուած է նոյեմբերի 17-ին նշուող Ուսանողների միջազգային տօնին, որի շրջանակներում իրականացւում են նաեւ մի շարք այլ միջոցառումներ: Արիւն տալուց առաջ երիտասարդ դոնորները լրացրին համապատասխան հարցաթերթիկը, բուժզննում անցան թերապեւտի մօտ, որից յետոյ միայն թոյլատրուեց նրանց կատարել արիւնատուութիւն: Ուսանողները նշում են, որ օգնելու պարտականութիւնը իւրաքանչիւրինս է: ?Ինչպէս կարելի է հանգիստ ապրել, եթէ գիտես, որ մարդիկ ունեն արեան պահանջ: Յոյս ունեմ, որ իմ մի կաթիլ արիւնը ինչ-որ մէկին կեանք կը պարգեւի?,- ասում է Արմէն Յարութիւնեանը, ով առաջին անգամ էր արիւն յանձնում: Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ ՀՀԿ երիտասարդական կազմակերպութիւնը բազմիցս հանդէս են եկել արիւնատուութեան անվարձահատոյց ակցիաներով` նպատակ ունենալով հասարակութեան, յատկապէս երիտասարդութեան մէջ արմատաւորել այն գաղափարը, որ մեր յանձնած արեան շնորհիւ հնարաւոր կը լինի փրկել մարդկանց կեանքեր: Նշենք, որ տարէցտարի ոչ միայն աւելանում է արիւն տուող կամաւոր երիտասարդների թիւը, այլեւ նման ակցիաները դառնում աւելի յաճախակի:
  -   Բարեգործութիւն