Էդուարդ Շարմազանովն ընդունեց Հայաստանում Յունաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Իոանիս Տայիսի


Էդուարդ Շարմազանովն ընդունեց Հայաստանում Յունաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Իոանիս Տայիսի

  • 09-11-2012 15:40:35   | Հայաստան  |  Քաղաքական

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 9-ին ընդունեց Հայաստանում Յունաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Իոանիս Տայիսին: ԱԺ փոխնախագահը, ողջունելով դեսպանին, շնորհաւորեց նրան Հայաստանում Յունաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան նշանակուելու կապակցութեամբ եւ յոյս յայտնեց, որ նա իր նպաստը կը բերի հայ-հունական յարաբերութիւնների էլ աւելի զարգացմանը: Շնորհակալութիւն յայտնելով ջերմ ընդունելութեան համար` դեսպան Իոանիս Տայիսը երկու երկրների դինամիկ զարգացման հնարաւորութիւնը պայմանաւորեց հայ եւ յոյն ժողովուրդների դարաւոր բարեկամութեամբ, քաղաքակրթական ընդհանրութիւններով, Յունաստանում հայկական, իսկ Հայաստանում յունական համայնքների առկայութեամբ: Դեսպանի գնահատմամբ` այդ հնարաւորութիւնները մեծ են քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտներում, եւ ինքը ամէն ինչ կ'անի դրանք կեանքի կոչելու համար: ՀՀ ԱԺ հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից յայտնում են, որ հանդիպման ժամանակ քննարկուեցին խորհրդարանների միջեւ յարաբերութիւնների զարգացման հեռանկարներին, միջխորհրդարանական յանձնաժողովների աշխատանքներն ու փոխայցերը էլ աւելի ակտիւացնելուն, եւրաինտէգրման ճանապարհը բռնած Հայաստանին Յունաստանի հնարաւոր աջակցութեանը եւ տարածաշրջանային անվտանգութեանն առնչուող հարցեր: ԱԺ փոխնախագահը շնորհակալութիւն յայտնեց Հայոց ցեղասպանութեան ճանաչման ու դատապարտման` Յունաստանի կատարած քայլերի, Լղհ-ի հարցում ցուցաբերած հաւասարակշռուած մօտեցումների համար` տեղեկացնելով, որ հայ ժողովուրդը իր ցաւի մասին չէ միայն, որ խօսում է. ՀՀ Ազգային ժողովը կոչով դիմել է աշխարհի խորհրդարաններին` ճանաչելու միւս քրիստոնեայ ազգերի, այդ թւում` Պոնտոսի յոյների ցեղասպանութիւնը, որը տեղի է ունեցել օսմանեան կայսրութիւնում: Արդէն 5 տարի է` մայիսի 19-ին Ծիծեռնակաբերդի յուշահամալիրում հայ ժողովուրդը յոյն եղբայրների հետ յիշատակի տուրք է մատուցում ցեղասպանութեան զոհ դարձած պոնտոսահոյներին ու դատապարտում Օսմանեան Թուրքիայի կատարած ոճրագործութիւնը: Անդրադառնալով ԼՂՀ հիմնախնդրին` Էդուարդ Շարմազանովը հաւաստիացրեց, որ Հայաստանը կողմ է միջազգային նորմերի շրջանակներում խնդիրը խաղաղ բանակցութիւնների ճանապարհով լուծելուն, այնինչ Ադրբեջանը չի հրաժարւում ռասիստական քաղաքականութիւնից, որի վերջին արտայայտութիւնը մարդասպան Սաֆարովին արդարացնելու ու հերոսացնելու աղաղակող իրադարձութիւնն էր, ինչը հակասում է միջազգային իրաւական նորմերին: Նա յոյս յայտնեց, որ Յունաստանը այս անգամ եւս իր յստակ դիրքորոշումը կը յայտնի տեղի ունեցածի կապակցութեամբ, քանի որ դա առաջին հերթին հակասում է եւրոպայի ժողովրդավարական արժէքներին: Դեսպանը հաւաստիացրեց, որ Յունաստանը աջակցում է եւ շարունակելու է աջակցել Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցութիւնների ճանապարհով Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգաւորմանը, իսկ Սաֆարովին ազատ արձակելու Ադրբեջանի կատարած քայլը նա որակեց որպէս մեծ սխալ` միաժամանակ յոյս յայտնելով, որ այդ հանգամանքը բացասական ազդեցութիւն չի ունենայ խաղաղ բանակցային գործընթացի վրայ: Հանդիպմանը անդրադարձ եղաւ նաեւ ամիսներ յետոյ Հայաստանում տեղի ունենալիք նախագահական ընտրութիւններին: Էդուարդ Շարմազանովն այդ ընտրութիւնների կարեւորութիւնը պայմանաւորեց նախ եւ առաջ Հայաստանում ժողովրդավարութեան զարգացման տեսանկիւնից ու հաւաստիացրեց, որ եւ Հանրապետական կուսակցութիւնը, եւ իշխանութիւններն ամէն ինչ անելու են, որ ընտրութիւնները համապատասխանեն ժողովրդավարութեան չափանիշներին եւ Հայաստանի նախագահական ընտրութիւններից լաւագոյնը լինեն, քանզի առանց արդար ու թափանցիկ ընտրութիւնների հնարաւոր չէ խօսել ոչ երկրի զարգացման եւ ոչ էլ ազգային անվտանգութեան մասին: «Հայաստանը վճռական է տրամադրուած ժողովրդավարական բարեփոխումների ու դրանց շարունակականութեան հարցում»,-նշեց Էդուարդ Շարմազանովը:
  -   Քաղաքական