Նիստեր` ԱԺ պետական-իրաւական եւ տնտեսական հարցերի մշտական յանձնաժողովներում


Նիստեր` ԱԺ պետական-իրաւական եւ տնտեսական հարցերի մշտական յանձնաժողովներում

  • 12-11-2012 13:12:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 12-ին ԱԺ պետական-իրաւական հարցերի մշտական յանձնաժողովը Յովհաննէս Մարգարեանի նախագահութեամբ քննարկեց եւ ԱԺ աշնանային, ինչպէս նաեւ առաջիկայ քառօրեայ նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկուելու համար դրական եզրակացութիւն տուեց ՀՀ կառավարութեան հեղինակած «ՀՀ դատական օրէնսգիրքն ուժի մէջ մտնելու մասին» ՀՀ օրէնքում փոփոխութիւն կատարելու մասին» եւ «ՀՀ դատական օրէնսգրքում փոփոխութիւն եւ լրացում կատարելու մասին»ՀՀ օրէնքների նախագծերի փաթեթին, որը ներկայացրեց ՀՀ արդարադատութեան փոխնախարար Գրիգոր Մուրադեանը: Նա տեղեկացրեց, որ նկատի ունենալով ՀՀ վարչական դատարանի դատաւորների գերծանրաբեռնուածութիւնը` առաջարկւում է 10-ով աւելացնել վարչական դատարանի դատաւորների թիւը: Արդարադատութեան փոխնախարարի տուեալներով` այսօր այդ դատարանում իւրաքանչիւր դատաւոր տարեկան քննում է 850-1000 գործ: Առաջարկւում է նաեւ կատարել փոփոխութիւն, որը վերաբերում է դատաւորների` մինչ կենսաթոշակային տարիքի հասնելը կենսաթոշակ ստանալու հիմքերին: Այն դատաւորները, ովքեր մինչեւ կենսաթոշակային տարիքի հասնելը կ'ունենան այնպիսի հիւանդութիւն կամ ֆիզիկական արատ, որի հիմքով կը դադարեցուեն նրանց լիազօրութիւնները, կարող են ստանալ դատաւորի կենսաթոշակ` հաշմանդամութեան կենսաթոշակից օգտուելու պահից սկսած: Զեկուցողի խօսքով` փոփոխութիւնների ընդունմամբ կը նուազեցուի վարչական դատարանի ծանրաբեռնուածութիւնը եւ կ'ապահովուի տարբեր դատարանների դատաւորների սոցիալական ապահովութեան հաւասարեցուած մօտեցում: ԱԺ տնտեսական հարցերի մշտական յանձնաժողովը Վարդան Այվազեանի նախագահութեամբ նոյնպէս նիստ գումարեց եւ քննարկեց «Շահութահարկի մասին» ՀՀ օրէնքում փոփոխութիւններ եւ լրացում կատարելու մասինէ եւ «Աւելացուած արժէքի հարկի մասին»ՀՀ օրէնքում փոփոխութիւն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրէն Կարայեանը: Առաջին նախագծով առաջարկւում է սահմանուած կարգով պետութեան կամ լիազօրուած մարմնի կողմից հաստատուած սակագների կիրառութեան հետ կապուած` պետական բիւջէից տրուող սուբսիդիաները շահութահարկով հարկման նպատակով ներառել համախառն եկամտի մէջ` որպէս այդ սուբսիդիաների ստացման դիմաց կատարուող` ապրանքների մատակարարման, ծառայութիւնների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքներից ստացուող հասոյթ: ՀՀ ԱԺ հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից յայտնում են, որ երկրորդ նախագծով առաջարկւում է պետական բիւջէից տրամադրուող սուբսիդիաները, սուբուենցիաները եւ դրամաշնորհներն աւելացուած արժէքի յարկով հարկման օբյեկտ չդիտարկել միայն այն դէպքերում, եթէ դրանց դիմաց գումարներ ստացողների մօտ ապրանքներ մատակարարելու կամ ծառայութիւններ մատուցելու պարտաւորութիւն չի առաջանում: Յանձնաժողովը դրական եզրակացութիւն տուեց օրինագծերի փաթեթին ԱԺ քառօրեայ նիստերի օրակարգում ընդգրկուելու համար:
  -   Մամլո հաղորդագրություն