Գլխաւոր Դատախազութիւնը հիմնաւորուած է համարում Տիգրան Փոստանջեանին առաջադրուած մեղադրանքը


Գլխաւոր Դատախազութիւնը հիմնաւորուած է համարում Տիգրան Փոստանջեանին առաջադրուած մեղադրանքը

  • 12-03-2011 15:54:13   | Հայաստան  |  Հասարակութիւն
ՀՀ Գլխաւոր Դատախազութեան Հանրային կապերի վարչութիւնը մարտի 12-ին հանդէս է եկել յայտարարութեամբ, որում ասուած է. «ՀՀ գլխաւոր դատախազութիւնը, կարեւորելով հանրութեան ստուգուած եւ բազմակողմանի տեղեկատուութիւն ստանալու իրաւունքը, ինչպէս նաեւ նկատի ունենալով վերջին շրջանում ՀՀ գլխաւոր դատախազութեան պետական շահերի պաշտպանութեան վարչութեան կողմից 2011 թուականի փետրուարի 18-ին, ՀՀ քրէական օրէնսգքի 3111 յօդուածի 1-ին մասի յատկանիշներով (հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրութիւն ստանալը), յարուցուած քրէական գործի շրջանակներում Տիգրան Փոստանջեանին առաջադրուած մեղադրանքի շուրջ առաջացած հասարակական հնչեղութիւնը, տարաբնոյթ ու սուբյեկտիւ մեկնաբանութիւններն ու շահարկումները, անհրաժեշտ է համարում սոյն գործի նախաքննութեամբ պարզուած հանգամանքների վերաբերեալ լրացուցիչ տեղեկացնել հետեւեալը. Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսութեան եւ բազմաբնակարան շէնքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագէտ Տիգրան Փոստանջեանը, հանդիսանալով պաշտօնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող 2010 թուականի ընթացքում 3 դէպքով քաղաքացիներից պահանջել եւ ստացել է ապօրինի վարձատրութիւն։ Մասնաւորապէս. Տիգրան Փոստանջեանը 2010 թուականի մայիսին, Երեւանի Կոմիտասի 49/9 հասցէում «Սթար Դիւայդ» կազմակերպութեան կողմից նոր սուպերմարկետի շինարարութեան ընթացքում այդ կազմակերպութեան ադմինիստրատիւ տնօրէն Արմէն Պօղոսեանից, շինարարութեան նախագծում յայտնաբերած բացթողումներն անտեսելու համար պահանջել եւ ապօրինի ստացել է 192.000 դրամ վարձատրութիւն։ 2010 թուականի յունիսի սկզբներին Տ.փոստանջեանը Երեւան քաղաքի բնակիչ Սեջուիկ Առաքէլեանին Երեւան, Շրջանցիկ թունել 21 հասցում գտնուող շինութիւնների վերաբերեալ այսպէս կոչուած «վաղեմութեան» (ապօրինի շինութեան երկարատեւ փաստացի օգտագործումը այդ անձի կողմից վկայող) տեղեկանք տրամադրելու համար Սեջուիկ Առաքէլեանի որդուց՝ Վահան Առաքէլեանից, պահանջել եւ ստացել է 40.000 դրամ վարձատրութիւն, ընդ որում այդ տեղեկանքի տրամադրման համար անհրաժեշտ դիմումը Ս.առաքելեանի փոխարէն լրացրել եւ ստորագրել է անձամբ։ Բացի այդ, Տիգրան Փոստանջեանը Երեւան քաղաքի Կոմիտասի 23/1 շէնքի 47 բնակարանում իրականացուող ապօրինի շինարարութեանը չխոչընդոտելու, օրէնքով սահմանուած կարգով այն չդադարեցնելու, կանխարգելման ուղղութեամբ միջոցներ չձեռնարկելու ու այդ մասին իրաւասու մարմիններին չյայտնելու համար 2010 թուականի սեպտեմբերին, բնակարանի սեփականատէր Հրահատ Սարգսեանից պահանջել եւ ապօրինի ստացել է 100.000 դրամ վարձատրութիւն։ Տիգրան Փոստանջեանին 25.02.2011թ. մեղադրանք է առաջադրուել ՀՀ քրէական օրէնսգրքի 3111 յօդուածի 3-րդ մասի 4-րդ կէտով՝ պաշտօնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից կրկին անգամ ապօրինի վարձատրութիւն ստանալու համար»։
  -   Հասարակութիւն