Եանեշ Լենարչիչ. Հայաստանի իշխանութիւնները ունէն քաղաքական կամք արդարադատութեան համակարգում ամբողջական բարեփոխումների իրականացման համար


Եանեշ Լենարչիչ. Հայաստանի իշխանութիւնները ունէն քաղաքական կամք արդարադատութեան համակարգում ամբողջական բարեփոխումների իրականացման համար

  • 10-03-2011 15:54:04   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատութիւնների եւ մարդու իրաւունքների գրասենեակի կողմից ներկայացուել էն Հայաստանի դատաիրաւական բարեփոխումներին ուղղուած տեխնիկական առաջարկութիւններ, որոնք մեծ նշանակութիւն ունէն Հայաստանում մարդու իրաւունքների պաշտպանութիւնն ամրապնդելու հարցում։ Այս մասին մարտի 10-ին Երեւանում Եահկ-ի կողմից կազմակերպուած «Հայաստանում դատավարութիւնների դիտարկում» խորհրդաժողովում յայտնել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատութիւնների եւ Մարդու իրաւունքների գրասենեակի ղեկավար, դեսպան Եանեշ Լենարչիչը: Նա անհրաժեշտ է համարել մինչդատական վարոյթում մարդուն ազատազրկելու միտման փոփոխութիւնը, մասնաւորապէս, կալանքի փոխարէն նրա նկատմամբ խափանման այլ միջոցների կիրառումը, ինչպէս նաեւ քրէակատարողական հիմնարկներում դատապարտեալների նկատմամբ բացասական վերաբերմունքի բացառումը, խոշտանգումների կանխարգելմանն ուղուած գործողութիւնների իրականացումը: Կազմակերպութիւնը, ըստ գրասենեակի ղեկավարի, առաջարկել է իրաւասու մարմիններին ձեւաւորել անկախ քննչական մարմին, որը կը զբաղուի վերը նշուած խնդիրների քննութեամբ։ Եանեշ Լենարչիչն ընդգծել է, որ արդարադատութեան համակարգում ամբողջական բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ է քաղաքական կամք, որն առկայ է Հայաստանի իշխանութիւնների մօտ: Դեսպանը միաժամանակ յայտարարել է, որ Հայաստանի դատաիրաւական համակարգում բարեփոխումները տեսանելի են, սակայն դրանք պէտք է շարունակական բնոյթ կրեն: Ընդգծելով, որ անցումային շրջանում գտնուող բոլոր երկրները ունէն նման խնդիրներ, Լենարչիչը յոյս է յայտնել, որ հնարաւորինս արագ տեմպերով Հայաստանում կ'ամրապնդուի օրէնքի գերակայութեան ամբողջական սկզբունքը, դրան միտուած քայլերը կը կրեն շարունակական բնոյթ: ԵԱՀԿ երեւանեան գրասենեակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը երկրում ընթացող դատավարական համակարգի բարեփոխումների գործընթացում անհրաժեշտ է համարել քաղաքացիական հասարակութեան, կառավարութեան եւ միջազգային կառոյցների համագործակցութիւնը: Նա ընդգծել է, որ միայն այս պարագայում հնարաւոր կը լինի նպատակների իրականացումը, եւ որ «այս ճանապարհին Եահկ-ն շարունակելու է լինել Հայաստանի ղեկավարութեան աջակիցը»։ Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Յարութիւնեանն իր հերթին կարծիք է յայտնել, որ Հայաստանի քրէական օրէնսգրքի վիճակն այսօր այնպիսին է, որ նրա հետեւողականօրեն, լիարժէք կիրառելը շատ լուրջ խնդիրներ կ'առաջացնի իրաւունքների պաշտպանութեան պարագայում եւ պետական իշխանութեան տարբեր ինստիտուտների լիազօրութիւնների փոխյարաբերակցութեան գործընթացում: Ըստ նրա, գործող քրէական օրէնսգրքի իրաւական կարգաւորումները թերի էն: Նա միանշանակ նշել է, որ արագ կերպով մշակուել է նոր օրէնսգրքի հայեցակարգը, որը լայն քննարկումների ընթացքում կը դառնայ լիարժէք գործիք: ՍԴ նախագահը նշել է նաեւ, որ վերջին 3,5 տարիների ընթացքում 40-ից աւելի գործերով օրէնքները ճանաչել ենք հակասահմանադրական, 20-ից աւելի գործեր վերաբերել էն քրէական դատավարութեան օրէնսգրքին, վերջինիս 12 յօդուածներ ճանաչուել էն հակասահամնադրական: Ընդ որում, ըստ ՍԴ նախագահի, դրանք չէն եղել առանձին դրոյթներ, այլ կրել էն «ինստիտուցիոնալ, համակարգային բնոյթ»։ Հայաստանի արդարադատութեան նախարար Հրայր Թովմասեանն համաձայնել է Գ.Յարութիւնեանի հետ, թէ ներկայիս քրէադատավարական օրէնսգիրքը չի ապահովում լիաժէք գործողութիւններ: Նա յայտնել է, որ կառավարութեան նիստում քննարկուել ու է նոր օրէնսգրքի հայեցակարգը, որն առաջիկայում պէտք է ներկայացուի խորհրդարանի քննութեանը: Հայաստանի գլխաւոր դատախազ Աղուան Յովսէփեանն իր հերթին կարծիք է յայտնել, որ Քրէական դատավարութեան նոր օրէնսգրքի մշակումն ու ընդունումն էապէս կը նպաստի քրէադատատավարական օրէնսդրութեան նոր ինստիտուտների ձեւաւորմանը եւ ժողովրդական հաստատութիւնների հիմնաւորմանն ու զարգացմանը: Ըստ նրա, ակնյայտ է, որ գործող քրէադատավարական օրէնսգիրքը «կարկատաններով է կազմուած, որն էապէս դժուարացնում է դրա կիրառումը»:
  -   Հասարակութիւն