Վարդան Խաչատրեան. «Ժառանգութիւն» խմբակցութեան պատգամաւորների եւ ոստիկանների ընդհարման միջադէպը դուրս է երեւակայութեան սահմաններից


Վարդան Խաչատրեան. «Ժառանգութիւն» խմբակցութեան պատգամաւորների եւ ոստիկանների ընդհարման միջադէպը դուրս է երեւակայութեան սահմաններից

  • 04-03-2011 20:18:56   | Հայաստան  |  Քաղաքական
Ազգային ժողովի «Ժառանգութիւն» խմբակցութեան պատգամաւորների եւ ոստիկանների ընդհարման միջադէպը դուրս է երեւակայութեան սահմաններից։ Մարտի 4-ի ասուլիսում Ազգային ժողովի պատգամաւոր Վարդան Խաչատրեանը նշեց նաեւ, որ պատգամաւորների հանդէպ բռնութիւնը ցոյց է տալիս, որ հասարակութիւնը հեռու է քաղաքացիական հասարակութիւն լինելուց։ Պատգամաւորն ընդգծեց նաեւ, որ նման բռնութեան հրաման տուողը պէտք է անպայման պատախանատուութեան ենթարկուի։ «Գործ ունենք ոստիկանական տեռորի հետ»,- ասաց նա։ Իսկ ԱԺ Ֆինանսավարկային եւ բիւջետային հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասեանը (ՀՀԿ) գտնում է, որ երկուստէք «գործ ունենք» խելամտութեան եւ օրէնքի շրջանակներում չտեղափորուող գործողութիւնների հետ։ Ուստի նա երկուստէք խոհեմութեան եւ բարեկրթութեան կոչ արեց։ Այն հարցին, թէ ինչու Հհկ-ն հանդէս չի գալիս բռնութիւնը դատապարտող յայտարարութեամբ, Գ.Մինասեանը հակադարձեց. «Մեր կուսակցութեան բազմաթիւ անդամներ յայտարարութիւններ են անում եւ դեռ կանէն»։ Գ.Մինասեանը իշխանութիւններին ուղղուած Հակ-ի պահանջագիրն անընդունելի է համարում. չի կարելի իշխանութեան հետ խօսել վերջնագրի լեզուով, իշխանութիւնը գործնական քննարկումների տեսքով երկխօսութեան կողմնակից է։ Ըստ Գ.Մինասեանի, Հակ-ի պահանջագրում գումարները դոլարային արտայայտութեամբ նշելը խօսում է այն մասին, որ կամ պահանջները մշակուել են գունաւոր յեղափոխութիւնների կենտրոնում, կամ ուղղուած են այդ կենտրոնին։ Իսկ ըստ Վարդան Խաչատրեանի, պահանջագիրը երկրում գոյութիւն ունեցող խնդիրների որոշակի արտապատկերումն է։ ՀՀԿ ներկայացուցիչը նշեց, որ անբարեխիղճ գործարարների կողմից առաջին անհրաժեշտութեան ապրանքների չհիմնաւորուած եւ շեշտակի գնաճը սանձելու նպատակով իշխանութիւնները նախաձեռնել են օրէնսդրական մի շարք փոփոխութիւններ։ Օրէնսդրական նախաձեռնութիւնը մշակելիս ուսումնասիրուել է այլ երկրների փորձը։ Վարդան Խաչատրեանը գտնում է, որ առաջին անհրաժեշտութեան ապրանքների չհիմնաւորուած գնաճը պայմանաւորուած է ոչ թէ գործարարների անբարեխղճութեամբ, այլ «տնտեսութեան օլիգարխիկ կառուցուածքով»։
  -   Քաղաքական