Հայերէն «ողջոյնը» տիեզերքից. Ջեյմս Բաղեան


Հայերէն «ողջոյնը» տիեզերքից. Ջեյմս Բաղեան

  • 23-01-2013 00:02:58   | ԱՄՆ  |  Նշանաւոր մարդիկ

 

Շատերին է յայտնի, որ աշխարհի առայժմ միակ հայազգի տիեզերագնացն ամերիկացի Ջեյմս Բաղեանն է։ Նախապէս բժիշկ-ինժեներ եւ մարզիկ-օդաչու, ներկայումս «Վետերանների առողջութեան ադմինիստրացիայի» խնամեալների ապահովութեան ազգային կենտրոնի նախագահ Բաղեանը թէեւ յատուկ կապեր չունի հայութեան հետ, սակայն իր ազգանուան «եան»-ով հպարտութեան առիթ է տալիս իր աշխարհացրիւ հայրենակիցներին։
 
Նրա մասին առաջին անգամ հայ հասարակութիւնը տեղեկացել է 1981 թուականին։ Խորհրդային եւ ամերիկեան կառավարութիւնները, չնայած «սառը պատերազմի» ժամանակաշրջանին, քննարկել են համատեղ տիեզերական թռիչք իրականացնելու հնարաւորութիւնը՝ որպէս բարի կամքի դրսեւորում։ Խորհրդային կողմից թեկնածու է եղել մոսկուաբնակ 29-ամեայ հայորդի, ծնունդով աշտարակցի Վլադիմիր Գէորգեանը, իսկ ամերիկեան կողմից՝ 29-ամեայ ֆիլադելֆիացի Ջեյմս Բաղեանը։ Այս լուրին որպէս արձագանք Ամերիկայում լոյս տեսնող «Արմինիըն օբզերուըր» պարբերականը կէս-կատակ հարց է տուել, թէ Գէորգեանն ու Բաղեանն արդեօք «միմեանց հետ հայերէ՞ն պիտի խոսէն տիեզերքում»։ Ցաւօք, այս ծրագիրը այդպէս էլ մնացել է չիրականացուած։ Վլադիմիր Գէորգեանին, չնայած տիեզերագնաց-փորձարկուի որակաւորմանը, այդպէս էլ խորհրդային իշխանութիւնները տիեզերական թռիչքի հնարաւորութիւն չտուեցին (Գէորգեանը վախճանուեց 2008-ին, ընդամէնը 56 տարեկան հասակում)։ Աւելի յաջողակ եղաւ նրա հասակակից հայրենակցի յետագայ ճակատագիրը։ Ջեյմս Բաղեանը, որը Ամն-ի տիեզերագնացների խմբում է եղել 1980 թուականից, իր վրայ երկրորդ անգամ հայութեան ուշադրութիւնը գրաւեց 1986-ին`՝ ընդգրկուելով «Չելենջէր» աստղանաւի անձնակազմում։ Սակայն, ի վերջոյ, Բաղեանը չմասնակցեց թռիչքին. բարեբախտաբար, քանի որ, ինչպէս յայտնի է, «Չելենջէր» աստղանաւը դիտողների աչքի առաջ թռիչքի երկրորդ րոպէին իսկ աղէտի ենթարկուեց: Բաղեանի՝ «Չելենջերից» դուրս մնալու փաստը շատ հայերի յիշեցրեց, որ այնքան էլ ճիշտ չէ հայի անբախտ լինելու մասին տարածուած խօսք-կատակը։
 
Եւ վերջապէս հայութիւնը եւ համայն աշխարհը Ջեյմս Բաղեանին ճանաչեց 1989-ին՝ նրա կատարած թռիչքի շնորհիւ։ Այս թուականի մարտի 13-18-ին Բաղեանը, որպէս բժշկակենսաբանական հետազօտութիւնների մասնագէտ, թռիչք է կատարել «Սփեյս Շաթլ» ծրագրի «Դիսքաւերի» տիեզերանաւով: Թռիչքը տեւել է չորս օր, 23 ժամ, 38 րոպէ: Հայաստանի վրայով թռչելիս արտասանել է «ողջոյն» եւ «խաղաղութիւն» հայերէն բառերը: Այդ օրերին համայն հայութիւնն ապրում էր Արցախի ազատագրութեան յոյսերով, ուստիեւ հայրենակցի՝ տիեզերքում յայտնուելու փաստը նրան նոր լիցքեր հաղորդեց։ Դրան աւելացաւ նաեւ այդ օրերին Ամն-ում Բաղեանին հանդիպած լրագրող Զօրի Բալայեանի յայտնած տեղեկութիւնը այն մասին, որ տիեզերագնացն ունի արցախեան արմատներ։
 
Իսկապէս, Ջեյմս Բաղեանի պապը՝ Գէորգ Բաղեանը, եղել է ղարաբաղցի: Հայրը՝ Ֆիլիպ Բաղեանը, եղել է օդաչու, կապիտան, Երկրորդ աշխարհամարտի ժամանակ արժանացել «Արծաթէ խաչ» շքանշանին: Նրա որդի Ջեյմսը (ծնուած ամերիկուհի Ռոզ մօրից) ծնուել է 1952-ի փետրուարի 25-ին, Ֆիլադելֆիայում (Փենսիլուանիայ)։ Յաճախել է ծննդավայրի կենտրոնական միջնակարգ դպրոցը։ Չափազանց աշխատասէր, բազմաթիւ հետաքրքրութիւնների եւ հմտութիւնների տէր Ջեյմսը 1970-ին ընդունուել է Ֆիլադելֆիայի բժշկական քոլեջ, միաժամանակ օդաչուական դպրոցում մարզուել է հօր մօտ: 1969–1973 թթ. Ջեյմս Բաղեանն ուսանել է Դրեքսել համալսարանում՝ ստանալով ինժեներ-մեխանիկի բակալաւրի որակաւորում, այնուհետեւ որպէս ինժեներ աշխատել Բրիսթոլ քաղաքի «3M» գործարանում։ Կրթութիւնը շարունակել է Թոմաս Ջեֆերսոն համալսարանում։ 1977-ին արժանացել է բժշկական գիտութիւնների դոկտորի կոչման։ 1974–1978 թթ. Բաղեանը մասնակցել է բազմաթիւ օդային մրցումների՝ արժանանալով մրցանակների եւ մարզական կոչումների: 1976–1978 թթ. նա եղել է Մերիլենդ նահանգում գտնուող ԱՄՆ ռազմածովային աւիացիոն փորձարարական կենտրոնի ինժեներ-մեխանիկը։ 1978-ից որպէս վիրաբոյժ եւ բժիշկ հետազօտող Բաղեանն աշխատել է «Լէոնիդ Ջելսոն» բժշկական կենտրոնում, միաժամանակ սովորել Թեքսասի ԱՄՆ Ռազմական ուժերի թռիչքային վիրաբուժութեան եւ ԱՄՆ Ռազմական ուժերի աւիացիոն-տիեզերական բժշկութեան դպրոցներում։ 1980-ի յուլիսից աշխատանքի է անցել Հիւսթօնի (Թեքսաս) տիեզերական տարածութեան կառավարման եւ հետազօտման ազգային վարչութիւնում (ՆԱՍԱՅ): 1986-ին ստացել է պրոֆէսիոնալ ինժեների, 1987-ին՝ տիեզերանաւի բժշկի վկայականներ։
 
Ջեյմս Բաղեանը երկրորդ անգամ տիեզերք թռիչք է իրականացրել 1991 թուականի յունիսի 5-ին, «Քոլամբիայ STS-40» տիեզերանաւով՝ տիեզերքում մնալով 9 օր։ Ընդհանուր առումով, հայազգի աստղանաւորդը տիեզերքում անց է կացրել 14,08 օր։
 
Նա հեղինակ է մի շարք ինժեներական գիւտերի եւ գիտական աշխատութիւների, որ վերաբերում են մարդկային գործօններին, շրջակայ միջավայրին եւ տիեզերանաւերում կիրառուող բժշկութեանը։ Տիեզերական հիւանդութիւնների բուժման մեթոդների մշակման եւ տիեզերք կատարած թռիչքների համար արժանացել է Նասա-ի մրցանակներով։ Ջեյմս Բաղեանն անդամակցել է մի շարք ամերիկեան կազմակերպութիւնների, այդ թւում Տիեզերական բժշկութեան, Նասա-ի օդաչու վիրաբոյժների, Ամերիկացի ինժեներ-մեխանիկների միութիւնները, «Ալֆայ եւ օմէգայ» ընկերութիւնը եւ այլն։ Նա արժանացել է նաեւ Նասա-ի մեդալին, տիեզերագնաց Կամարովի անուան տիեզերագնացութեան միջազգային դաշնութեան տիեզերագնացի դիպլոմին եւ այլն։
 
Ջեյմս Բաղեանը Նասա-ում է մնացել մինչեւ 1995-ը։ Այժմ նա զբաղւում է պրոֆէսիոնալ բիոբժշկական հետազօտութիւներով։ Նա ամուսնացած է Թենդի Բեսոնի հետ, չորս զաւակների հայր է։ Սիրում է հեծանիւ վարել, հետիոտն տուրիզմը, լեռնագնացութիւնը, լողը, թռչող մարզաձեւերը, ինչպէս նաեւ աւտոմեքենաներ վերակերտելը։ Բաղեանը Դեթրոյթի Գիտական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ է։
 
 
 
Արծուի Բախչինեան 
  -   Նշանաւոր մարդիկ