Նշուեց Սրբոց Վարդանանց տօնը


Նշուեց Սրբոց Վարդանանց տօնը

  • 03-03-2011 17:49:25   | Հայաստան  |  Հասարակութիւն
Մարտի 3-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնախմբեց Սրբոց Վարդանանց զօրավարաց յիշատակը: Տօնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցուեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Տ. Եղիշէ վարդապետ Աւետիսեանը: Քարոզի ընթացքում անդրադառնալով Վարդանանց պատերազմի ու քաջարի զօրավարների նահատակութեան խորհրդին` պատարագիչ Հայր Սուրբը մասնաւորապէս նշեց. «Մենք չենք կարող ուրանալ մեր լինելիութիւնը, իսկ մեր լինելիութիւնը քրիստոնէութեան դրոշմն է կրում։ Գաղափարներ կան, որոնց համար արժէ կեանք տալ եւ առանց որոնց չարժէ ապրել նոյնիսկ մէկ վայրկեան։ Այդպիսի նուիրական գաղափարներից մէկն է Հաւատքը, որի համար Վարդանանց քաջերն իրենց կեանքը տուեցին։ Վարդանանց շնորհիւ քրիստոնէական հաւատը դիւցազնութիւն եղաւ. անարդարութեան, անիրաւութեան դէմ պայքարելու արիութիւնը շաղկապուեց ճշմարիտ հաւատքին` դառնալով անպարտելի»: Պատարագիչը, շնորհաւորելով բոլոր նրանց, ովքեր կրում էն Վարդանանց հերոսամարտի քաջ նահատակների անունները, մաղթեց, որ Վարդանանց նուիրական ոգին երբեք չնուազի մեր ազգի մէջ եւ նոր Վարդաններ ու Ղեւոնդներ միշտ ելնէն մեր ժողովրդի միջից ի պաշտպանութիւն հայրենիքի եւ մեր սուրբ հաւատի: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատուական համակարգից, Սրբոց Վարդանանց զօրավարաց յիշատակութեան օրը Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է նաեւ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անուանակոչութեան տօնը: Այս առիթով Սուրբ Պատարագի աւարտին Իջման ս. սեղանի առջեւ նախագահութեամբ Մայր Աթոռի դիւանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրեանի եւ մասնակցութեամբ թեմակալ առաջնորդների եւ Մայր Աթոռի միաբանութեան, կատարուեց Հայրապետական մաղթանք: Եկեղեցականաց դասը եւ ներկայ բարեպաշտ ժողովուրդը միասնաբար աղօթք բարձրացրեցին առ Աստուած` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանութեան ու պայծառութեան եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի քաջառողջութեան, խաղաղ ու արգասաբեր հայրապետութեան համար:
  -   Հասարակութիւն