Ամենայն Հայոց Կաթողիկոս. «Հայոց Եկեղեցին ազգային արժէքների մեր գանձարանն է»


Ամենայն Հայոց Կաթողիկոս. «Հայոց Եկեղեցին ազգային արժէքների մեր գանձարանն է»

  • 03-03-2011 16:21:31   | Հայաստան  |  Հասարակութիւն
Մարտի 3-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ տարբեր մարզերից ժամանած հանրակրթական երեսուներկու դպրոցների տնօրէնների` ուղեկցութեամբ Մայր Աթոռի Քրիստոնէական դաստիարակութեան կենտրոնի տնօրէն Տ. Վարդան աբեղայ Նաւասարդեանի: Հայր Վարդանը Նորին Սրբութեանը ներկայացրեց տնօրէններին, ովքեր Մայր Աթոռ էն եկել Ս. Վարդանանց տօնին` հաղորդակցուելու օրուայ սրբազան խորհրդին եւ ստանալու Վեհափառի օրհնութիւնը։ Օգտուելով առիթից, որ Վարդանանց տօնը նաեւ Նորին Սրբութեան անուանակոչութեան օրն է, Հայր Վարդանը ամէնքի անունից շնորհաւորեց Ամենայն Հայոց Հայրապետին: Այնուհետեւ ներկաներին իր օրհնութիւնն ու պատգամը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` գոհունակութիւն յայտնելով, որ ազգային դպրոցի տնօրէնները Ս. Էջմիածին էն այցելել ազգային-եկեղեցական կեանքում յիշարժան այս օրը: Նորին Սրբութիւնը ցաւով նկատեց, որ Հայոց ցեղասպանութեան պատճառով եւ խորհրդային անաստուածութեան տարիներին, երբ կազմալուծուեց ազգային եւ եկեղեցական հայոց կեանքը, ազգային շատ տօներ, աւանդոյթներ ու սրբազան նուիրական խորհուրդներ դուրս էն մղուել մեր կեանքից, որոնցով դարեր շարունակ կերտուել է նկարագիրը ու գիտակցութիւնը հայ ժողովրդի: Անդրադառնալով Ս. Վարդանանց նուիրական խորհրդին` Վեհափառ Հայրապետն ասաց. «Վարդանանց հերոսական պատերազմի ոգին հերոսացումի ոգի է, այդ ոգին մեր ազգի համար իր մէջ կրում է յաւէրժութեան խորհուրդը, այդ ոգին անմահութեան ոգին է։ Վարդանանց տօնը պանծացումն է հայրենասիրութեան եւ աստուածսիրութեան»: Նորին Սրբութիւնը նաեւ իր գնահատանքը յայտնեց տնօրէններին` դպրոցներում «Հայ Եկեղեցու պատմութիւն» առարկայի ուսուցման հանդէպ ցուցաբերուող նախանձախնդիր վերաբերմունքի համար` կարեւորելով, որ մեր ժամանակներում մանուկների ու պատանիների մէջ առաւել զօրանայ ազգային արժէքներով ապրելու եւ առաջնորդուելու ոգին ու գիտակցութիւնը: «Հայոց Եկեղեցին ազգային արժէքների մեր գանձարանն է։ Մեր Եկեղեցու պատմութիւնը անքակտելի մասն է մեր ժողովրդի պատմութեան: ... Պետականութեան կորստեան ծանր ու դժուարին պայմաններում Հայոց եկեղեցին ստանձնել է ազգի առաջնորդութիւնը եւ Աստծոյ օրհնութեան ներքոյ համահաւաք պահել մեր ժողովրդին իր հայրենիքում, Ս. Հոգու առաջնորդութեամբ կազմակերպել մեր ժողովրդի կեանքը: Եկեղեցին միշտ կարողացել է աննկուն պահել մեր զաւակների ոգին եւ ոգեշնչել նրանց դէպի ազատ ու անկախ կեանք, պետականութեան վերականգնում։ Այդ իմաստով` մեր Եկեղեցին անդադրում պայքարել է, որ մեր ազգն օր առաջ կարողանայ վերականգնել իր պետականութիւնը եւ նրա ներքոյ ապահով դարձնել մեր ժողովրդի կեանքը, երաշխաւորուած` նրա լուսաւոր ապագան», - նշեց Վեհափառ Հայրապետը: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատուական համակարգից, հանդիպման աւարտին Նորին Սրբութիւնը պատասխանեց տնօրէնների տարբեր հարցերի: Հասարակական կեանքում առկայ ցաւալի եւ մերժելի երեւոյթների յաղթահարման գործում կարեւոր նկատելով մանկավարժների առաքելութիւնը` Վեհափառ Հայրապետը յորդորեց նրանց կրթել ու դաստիարակել հայորդիներին Վարդանանց նոյն նուիրական արժէքներով, սրբազան գաղափարներով, «վասն հայրենեաց եւ վասն հաւատոյ» խորհրդով: Հանդիպումից յետոյ տնօրէնները Մայր Տաճարում մասնակցեցին Ս. Պատարագի արարողութեանը, հաւարտ որի ներկայ գտնուեցին տօնին նուիրուած գեղարուեստական ցերեկոյթին, այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ:
  -   Հասարակութիւն