Երեւանում անցկացւում է «Գրքի երեւանեան 6-րդ տօնավաճառ»-ը


Երեւանում անցկացւում է «Գրքի երեւանեան 6-րդ տօնավաճառ»-ը

  • 17-02-2011 18:50:52   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՒԱՆ, 17 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ Տապան։ Մօտ 30 հրատարակչութիւններ են մասնակցում Երեւանի Խնկո-ապոր անուան ազգային մանկական գրադարանում անցկացուող եռօրեայ «Գրքի երեւանեան 6-րդ տօնավաճառ»-ին: Փետրուարի 17-ին մեկնարկած տօնավաճառի բացմանը երեխաներին ողջունեցին ու շնորհաւորեցին Երեւանի Խնկո-ապոր անուան ազգային մանկական գրադարանի տնօրէն Ռուզան Տօնոյեանը, ՀՀ Մշակոյթի փոխնախարար Արեւ Սամուէլեանը, Հայաստանի գրողների միութեան ( ՀԳՄ ) նախագահ Լեւոն Անանեանը, հրատարակիչներ: Ընդգծելով տօնավաճառի կարեւորութիւնը՝ ՀԳՄ նախագահը նշեց, որ նման տօնավաճառները նպաստում են ընթերցող-գիրք կապի սերտացմանը: «Այսօր իսկական գրքի տօն է»,- ասաց նա, միաժամանակ յոյս յայտնելով, որ վերջապէս գրքերը գետնանցումներից ու մայթերից կը բարձրանան եւ իրենց տեղը կը գրաւեն գրքի կրպակներում ու գրախանութներում: Միաժամանակ, ըստ նրա, իսկ տօնավաճառի աշխուժութիւնը նշանակում է, որ գրքերն արդէն գտնում են իրենց ընթերցողներին: Տօնավաճառի 3 օրերի ընթացքում նախատեսուած է կլոր սեղան- հանդիպումներ գրողների հետ, գրքերի շնորհանդէսներ, ընթերցանութիւն, մանկական ներկայացումներ, իսկ տօնավաճառի արդիւնքները կ'ամփոփուեն փետրուարի 19-ին: Մանկական գրքերը տօնավաճառի ճամանակ վաճառւում են մինչեւ 25 տոկոս զեղչ գներով: Տօնավաճառի կազմակերպիչներն են Երեւանի Խնկո-ապոր անուան ազգային մանկական գրադարանը, ՀՀ Մշակոյթի նախարարութիւնը, Երեւանի քաղաքապետարանն ու «Հրատարակիչների ազգային ասոցիացիան»:
  -   Մշակոյթ