Թեհրանի, Սպահանի եւ Ատրպատականի հայոց եկեղեցիներում կատարւեց Տեառնընդառաջի նախատօնակի արարողութիւն


Թեհրանի, Սպահանի եւ Ատրպատականի հայոց եկեղեցիներում կատարւեց Տեառնընդառաջի նախատօնակի արարողութիւն

  • 14-02-2011 16:42:35   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
«ԱԼԻՔ» օրաթերթ 14 փետրւարի 2011 թ. Քառասնօրեայ Քրիստոսի տաճար ընծայման տօնը Հայաստանեայց Առաքելական Եկեղեցում որպէս անշարժ տօն՝ նշւում է փետրւարի 14-ին: Երէկ՝ կիրակի, փետրւարի 13-ի երեկոյեան Թեհրանի, Սպահանի եւ Ատրպատականի թեմերի հայոց եկեղեցիներում կատարւեց Տեառնընդառաջի նախատօնակի (Տրնդէզ) արարողութիւն: Երեկոյեան ժամերգութիւնից յետոյ՝ երգւեցին յաւուր պատշաճի շարականներ, ընթերցւեցին սուրբգրային հատւածներ եւ Աւետարան, կատարւեց անդաստանօրհնէք, ապա «Քրիստոս փառաց թագաւոր» շարականի երգեցողութեան ընթացքում եկեղեցիներում ներկայ մանուկները խորան բարձրացան եւ խորանի շուրջ դառնալով՝ արժանացան աստւածային օրհնութեան, որպէսզի իրենց կեանքը շարունակեն օրհնութեամբ: Իւրաքանչիւր երեխայի տրւեց փոքր խաչ: Այնուհետեւ խորանի վրայ դրւած Քրիստոսին խորհրդանշող մոմը ցած բերւելով՝ դրանով վառւեցին եկեղեցու ատեանում դրւած սեղանի վրայ տեղադրւած կենտրոնական մոմը եւ միւս մոմերը, որոնցով ներկայ հաւատացեալները վառեցին իրենց մոմերը եւ տարան իրենց բնակարանները՝ դրանք Քրիստոսի լոյսով լուսաւորելու նպատակով: Թեհրանի հայոց առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում արարողութեանը նախագահեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Սրբազան Հայրը արարողութեան աւարտին իր քարոզի մէջ նախ իր ուրախութիւնը յայտնեց մեծ թւով մանուկների Քրիստոսի օրինակով տաճարին ընծայւելու համար եւ այդ առթիւ շնորհաւորեց նրանց ծնողներին, ապա բացատրութիւններ տւեց Տեառնընդառաջի տօնի խորհրդի, Քրիստոսի տաճար ընծայման եւ այդ պահին տաճարում ներկայ Սիմէոն Ծերունու մասին: Քարոզի վերջում Սրբազան Հայրը Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսի կողմից 2011 թւականը Հայ մանկան տարի հռչակւելու առիթով կարեւորութեամբ շեշտեց հայ մանուկների ազգային ու կրօնական դաստիարակութեան պարագան: Տրնդէզի աւանդական հրավառութիւնը տեղի ունեցաւ մի շարք միութիւններում ու տների բակերում եւ Թեհրանի հայոց «Ռոստոմ» դպրոցում:
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը