Մեր ժամանակներում ուրախութիւնը այսչափով «ռաբիզ» չէր լինում


Մեր ժամանակներում ուրախութիւնը այսչափով «ռաբիզ» չէր լինում

  • 14-02-2011 13:26:37   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
«ԱԼԻՔ» օրաթերթ 13 փետրւարի 2011 թ. Սիրում եմ ձմռան ցրտին վառարանի կապոյտ ջերմութեան քով նստած, օրը Տրնդէզ, պատմել փոքրիկիս, թէ ոնց էինք կրակի թրթռացող կարմիր լոյսի տակ յօնքերը կիտած՝ դէմքներս փախցնում կրակի բոցերից...ու փոխինձ ուտում: Իսկ ո՞նց նկարագրել մանկութեան այն քաղցր օրերի մասին, որ դասընկերներով մէկ հաւաքւած եկեղեցու բակում՝ կլորւած աչքերով չափում էինք մարդաբոյ ցախակոյտը, յետոյ էլ հպարտութեամբ մէկ առ մէկ նայում առջեւի շարքում կլոր կազմած երիտասարդներին, որոնց խանձւած գլուխը նրանց բերում էր ե՛ւ երջանկութիւն, ե՛ւ խիզախութիւն: Կեղծիք չկար, կրակի վրայից թռչողը մէկ է կրելու էր այդ ասպետական բուրմունքը... Ամէն ինչ այնքան էր տնավարի ու հարազատ՝ թաղիս փողոցներում: Կրակը շարունակում էր իր լոյսը պարածել եկեղեցու կարմիր պատերի վրայ: Աննկարագրելի ջերմութիւն կար այդ պար բռնած բոցի շուրջ: Իսկ այսօր փորձում եմ պատմել այդ բոլորը մանչուկիս: Հարց է տալիս՝ բա չէի՞ք վախենում: Բա որ պայթէ՞ր: Կրակը շատ էր թէժ: Ոչ էլ պայթում էր: ...Մեր ժամանակներում ուրախանալն ու առհասարակ ուրախութիւնը այսչափով «ռաբիզ» չէր լինում: Նոյնիսկ տօնածառը չորացած պահւում էր այսօրւայ համար: Մի խօսքով՝ պատմածս էլ այսօրւայ կրակի օրինակով անբոց պատմութիւն է թւում: Իսկ տօնածառն էլ պլաստմասից է ու տարին մէկ մոնտաժւում ու դեմոնտաժւում է: Գուցէ այս սառնութիւնն ու բութ ռաբիզութիւնը հէնց նմանօրինակ անհոգ կեանքի արդիւնքներից համարես: Ինչ էլ ասես, ճիշտ կը լինի: Չէ՞ որ ճիշտը նահանջել է, նահանջում ենք նաեւ մենք... էլ ինչ պատմես այս ամէն ինչի մասին: Ծանր թւացող մեր այս աւանդոյթի թեթեւ ու գեղեցիկ շունչը անքան հեշտութեամբ փչեցինք, որ ոչ կրակ մնաց, ոչ էլ դէմքերի վրայ պար բռնած բոցավառ լոյսը: Տողերիս կրակի տակ յիշողութիւնների զարթօնք էր թաղւած: Անցեալ դարձած այդ եռուզեռը վերյիշելով՝ կանգ եմ առնում թաղիս ժամանակին միակ մշակութային գործող միութեան վրայ, որը, ի դէպ, երկար դադարից յետոյ ոնց որ այս յիշողութիւններիս մոխրի տակից դուրս յառնեց... Սա լաւ նշան է, յիշողութեան թարմութեան հետ թարմացաւ նաեւ նրա ամենաէական պատկերը՝ վերանորոգւած «բակը»: Ինչեւէ, սրանով էլ գուցէ երեխան հետագայում պատմելու բան կունենայ: Կան ամպերը, սակայն չկայ կարմիր լոյսի արձագանգը նրանց վրայ: Ու չկայ առիթ՝ երեխային պատմելու այն բոլորի մասին... Անհետք է մնում անցեալը... ...Իսկ անհետեւանք կը մնա՞յ ապագան: ՀԱՏԻՍ
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը