ԵՄ-ի հետ մուտքի արտօնագրերի տրամադրման կարգի դիւրացման
բանակցութիւնները շուտով կսկսուեն
10-02-2011 13:46:00 | Հայաստան | Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային
անվտանգութեան խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարեանի եւ
Եւրոմիութեան վիզաների գծով Դաֆնի Գոգոուի գլխաւորած փորձագիտական
առաքելութեան հանդիպմանը, որին մասնակցել է նաեւ ՀՀ-ում
Եւրոմիութեան պատուիրակութեան ղեկավար, դեսպան Ռաուլ դե
Լյուցենբերգերը, քննարկուել են Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ մուտքի
արտօնագրերի տրամադրման կարգի դիւրացման գործընթացի
նախապատրաստական աշխատանքներին առնչուող հարցեր:
Եւրոպացի փորձագետները նշել են, որ բանակցութիւնները
Հայաստանի հետ շուտով կմեկնարկեն: Գործընթացը կծաւալուի հետեւեալ
փուլերով` վիզային ռեժիմի դիւրացման համաձայնագրի նախնական
տարբերակի ներկայացում Հայաստանի իշխանութիւններին, թերեւս` 3-4
փուլից բաղկացած բանակցութիւններ, համաձայնագրի տեքստի շուրջ
վերջնական համաձայնութեան ձեռքբերում եւ երկկողմ վավերացում:
Ինչպէս նշուած է ԱԱԽ քարտուղարի մամուլի գրասենեակի
հաղորդագրութիւնում, ԵՄ-ի հետ մուտքի արտօնագրերի դիւրացման
համաձայնագրերը դիւրին եւ արագացուած ընթացակարգեր կսահմանեն
պաշտօնական պատուիրակութիւնների, գործարար շրջանակների,
ուսանողների, գիտաշխատողների, լրագրողների, միջազգային սպորտային
միջոցառումների մասնակիցների, մօտ ազգականներին այցելողների եւ այլ
անձանց համար:
Ընդգծելով, որ ԵՄ-ի հետ մուտքի արտօնագրային ռեժիմի
դյուրացումը մեծապէս կնպաստի ԵՄ անդամ երկրների հետ տարբեր
ուղղութիւններով կապերի զարգացմանը, Ա.Բաղդասարեանը հաստատել է
հայկական կողմի պատրաստակամութիւնը ըստ ամենայնի աջակցել
նախապատրաստական աշխատանքների իրականացմանն ու բանակցութիւններին,
որպէսզի Հայաստանը հնարավորինս արագ եւ արդիւնաւէտ անցնի այդ
գործընթացը: