Փոխվարչապետը ծանօթացել է «Բիգայ» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկութեան ծրագրերի ընթացքին


Փոխվարչապետը ծանօթացել է «Բիգայ» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկութեան ծրագրերի ընթացքին

  • 08-02-2011 20:51:39   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԱՐՄԱՎԻՐ, 4 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գէորգեանն Արմավիրի մարզպետի ուղեկցութեամբ փետրուարի 8-ին այցելել է «Բիգայ» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկութիւն` ծանօթանալու ՀՀ կառավարութեան կողմից հարկային արտօնութիւն ստացած ընկերութեան ծրագրերի ընթացքին: Սնկի արտադրութեամբ զբաղուող այս ձեռնարկութիւնը գործում է Էջմիածնի վարչական սահմաններում գտնուող Էջմիածնի տնկարաններում: Ձեռնարկութիւնում ստեղծուած է 28 աշխատատեղ, արտադրական ծաւալը օրական նախատեսւում է 800-1000 կգ սունկ: ՀՀ կառավարութիւնն անցած տարի «Բիգայ» ՍՊ ընկերութեանը հարկային արտօնութիւն էր տրամադրել` 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դէպքում մաքսային մարմինների կողմից հաշուարկուած ԱԱՀ վճարման ժամկէտը մինչեւ երեք տարի յետաձգելով, հաշուի առնելով այն հանգամանքը, որ ընկերութեան ընդհանուր ներդրումների ծաւալը կազմում է 1 մլն եւրոյից մի քիչ աւելի: Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարութեան հասարակայնութեան հետ կապերի բաժնի հաղորդագրութեան, փոխվարչապետը, ծանօթանալով ձեռնարկութեան աշխատանքներին, գոհունակութիւն է յայտնել ծրագրի իրականացման ընթացքից` միաժամանակ ողջունելով համանման ծրագրերի իրականացումը մարզերում, որոնք ուղղուած էն համայնքներում նոր աշխատատեղերի ստեղծմանը, զբաղուածութեան ապահովմանը եւ գիւղատնտեսութիւնում նոր տեխնոլոգիաների ներդրմանը:
  -   Տնտեսութիւն