Համհ-ն ծրագրում է բեկումնային փոփոխութիւններ մտցնել զբօսաշրջութեան, կրթութեան եւ առողջապահութեան ոլորտներում
11-05-2011 17:10:18 | Հայաստան | Հարցազրոյցներ
Հայաստանի տնտեսութեան առանցքային ոլորտներում առկայ է զարգացման մեծ, սակայն ոչ իրագործուած ներուժ, որի արդիւնաւէտ կիրառման շնորհիւ հնարաւոր է ձեռք բերել մրցունակութիւն համաշխարհային եւ տարածաշրջանային շուկաներում: Հայաստանի Ազգային Մրցունակութեան Հիմնադրամը, որը գործում է 2008թ.-ից եւ հիմնուած է Հայաստանի կառավարութեան եւ Ամն-ի, Ռուսաստանի, Եւրոմիութեան, Միջին Արեւելքի երկրների առաջատար գործարարների համագործակցութեան վրայ, նպատակ ունի ներդրումային ծրագրերի միջոցով հասնել նշուած ոլորտների բեկումնային զարգացմանը։
Հիմնադրամի գործունէութեան եւ ծրագրերին առնչուող հարցերի շուրջ «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակիցը զրուցել է Համհ-ի հասարակայնութեան հետ կապերի ղեկավար Զառա Ամատունու հետ:
- Եր՞բ ծնուեց Հայաստանի տնտեսութեան առանցքային ոլորտների բեկումնային զարգացման նախագծի միտքը:
- Միտքը ծնուեց 2009թ.-ին, տարուայ առաջին կէսին, երբ յստակ որոշուել էին այն ոլորտները եւ ենթաոլորտները, որտեղ պէտք էր հասնել բեկումնային զարգացման:
- Ո՞ր ոլորտում է հնարաւոր համեմատաբար կարճ ժամանակահատուածում հասնել յաջողութեան:
- Օրինակ, զբօսաշրջութեան ոլորտում մրցակցային առաւելութեան հնարաւոր է հասնել աւելի կարճ ժամկէտում, առողջապահութեան ոլորտում` միջին տեւողութեան ժամկէտում, իսկ ահա կրթութեան ոլորտում յաջողութիւնների համար պահանջւում է աւելի երկար ժամանակ, քանի որ այս ոլորտի զարգացման համար անհրաժեշտ են աւելի խորը, երկարատեւ ուսումնասիրութիւններ, խոշոր ներդրումներ:
- Ապրիլի 21-ին տեղի ունեցաւ Հայաստանի զբօսաշրջութեան հարաւային միջանցքի (վայոց Ձորի մարզի Արենի գինեգործական շրջանից մինչեւ Տաթեւ-գորիս ընկած տարածքը) ռազմավարական նախագծի շնորհանդէսը։ Ինչու՞ ընտրուեց հէնց հարաւային միջանցքը:
- Հարաւային միջանցքն ունի չօգտագործուած պոտենցիալ` հարուստ բնութիւն, իւրատիպ լանդշաֆտ, ինչը հնարաւոր է դարձնում կազմակերպել քայլարշաւներ, ժայռամագլցումներ եւ զբօսաշրջիկներին հետաքրքրող այլ միջոցառումներ: Բացի այդ, մենք նպատակ ունենք զարգացնել մէկ այլ ծրագիր` «Տաթեւի վերածնունդը», որի շրջանակներում նախատեսւում է վերականգնել 9-րդ դարի Տաթեւի վանքային համալիրը, բարեկարգել յարակից տարածքները: Այս ծրագիրը կը գործի մինչեւ 2016թ.-ը։ Դրա շրջանակներում նպատակ ունենք զարգացնել նաեւ ոլորտի ենթաոլորտ հանդիսացող խոհարարական զբօսաշրջութիւնը: Միտում ունենք զբօսաշրջիկներին ծանօթացնել հին հայկական ուտեստներին, միեւնոյն ժամանակ մատուցել դրանք նորովի:
- Մամուլում յայտնուած տեղեկութիւնների համաձայն, «Հարաւային միջանցքի ռազմավարական նախագծի» իրագործման արդիւնքում հնարաւոր է բարելաւել գիւղերի կենսամակարդակը: Յատկապէս ինչի՞ն է սա վերաբերում:
- Տուրիզմի կարեւոր առանձնայատկութիւններից է տուրիստական կենտրոն հանդիսացող տուեալ վայրում բնակչութեան ակտիւ մասնակցութիւնը կազմակերպուելիք միջոցառումներին. արդիւնքում զբօսաշրջիկները ծանօթանում են ոչ միայն տուեալ վայրին, այլեւ շփւում են բնակչութեան հետ, որը ներկայանում է իր իւրայատուկ կոլորիտով:
- Յայտնի է, որ հիմնադրամը համագործակցում է մի շարք միջազգային ընկերութիւնների հետ, որոնք իրենց առաջարկներն են ներկայացնում ձեզ: Զբօսաշրջութեան ոլորտին առնչուող ի՞նչ ծրագրեր են առաջադրուել եւ ու՞մ կողմից:
- Օրինակ, 2010թ.-ին հանրայայտ «Mcknsey & Company» ընկերութիւնը ներկայացրել է Սեւանում «Training center» հիմնելու ծրագիր, որը դեռեւս հաստատուած չէ։ Կամ, օրինակ, նոյն թուականին ոլորտի ամերիկահայ փորձագէտ Չարլզ Չաւդարեանը ներկայացրել է «Մոզրովի քարանձաւի մասին» ծրագիր. խօսքը Եղէգնաձորի Մոզրով գիւղի շրջակայ տարածքի քարանձաւների մասին է, որոնք կարող են գրաւել ժայռամագլցման սիրահարներին:
- Զբօսաշրջութեան ոլորտում կարեւոր նշանակութիւն ունի տուեալ երկրում տեղեկատուական կենտրոնների առկայութիւնը, որոնցից կարող են օգտուել զբօսաշրջիկները: Այդպիսի կենտրոններ ստեղծելու ծրագիր ունէ՞ք:
- Այո, այս տարի Հայաստանի տուրօպերատորների հետ համագործակցութեան արդիւնքում արդէն մշակւում են տեղեկատուական կենտրոնների ստեղծմանն ու զարգացմանն ուղղուած ծրագրեր: Կառավարութեան աջակցութեամբ կը տրամադրուեն համապատասխան տարածքներ` Երեւանում, Տաթեւի շրջակայքում նման կենտրոններ ստեղծելու նպատակով:
- Հիմնադրամը ծրագրում է նաեւ բեկումնային փոփոխութիւններ մտցնել առողջապահութեան ոլորտում: Յայտնի է, որ միջուկային բժշկութեան ծրագրով Երեւանում նախատեսւում է հիմնել կառոյց, որը կ'արտադրի ուռուցքային եւ սրտանօթային հիւանդութիւնների ախտորոշման եւ քաղցկեղի բուժման համար անհրաժեշտ միջուկային իզոտոպեր: Ովքե՞ր են աշխատում այդ ծրագրի իրականացման վրայ եւ ո՞ր փուլում է գտնւում այն:
- Նախ` «Mcknsey & Company»-ին Հայաստանում կատարել է ուսումնասիրութիւն` ունենալով երկու հիմնական խնդիր` որքանո՞վ է այս ծրագիրը հեռանկարային Հայաստանում եւ ինչպէ՞ս դառնալ տարածաշրջանի մրցունակ կենտրոնը: Ապրիլին մենք հնարաւորութիւն ունեցանք օգտագործել նաեւ այս ոլորտում առաջատար երկրի ներկայացուցիչ գերմանացի պրոֆէսոր, Հայդելբերգի գլխաւոր հիւանդանոցի գիտատեխնիկական գծով տնօրէն Թոմաս Հաբերերի փորձը: « I.B.A» բելգիական ընկերութեան հետ համագործակցութեան արդիւնքում ձեռք ենք բերել միջուկային իզոտոպեր արտադրող ցիկլոտրոն-արագացուցիչ:
- Դուք նշեցիք, որ ամենաերկարատեւ աշխատանք պահանջող ոլորտը կրթութիւնն է: Հիմնադրամի կրթական ծրագիրը կենտրոնացուած է կրթութեան, գիտութեան եւ տեխնոլոգիայի «նորարարութեան եռանկիւնու» շուրջ: Ին՞չ մեթոդով է գործելու այս «եռանկիւնին»:
- Կրթութեան ոլորտում դեռեւս առկայ է առաջադրուած հայեցակարգի հաստատման անհրաժեշտութիւն։ Այս հարցը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից քննարկման փուլում է: Ստեղծուելու են, այսպէս ասած, «գերազանցութեան կենտրոններ», որոնք հնարաւորութիւն են տալու միաւորել կրթական օջախներում (հիմնականում` բուհ-երում) եղած ներուժը: Կրթութեան ոլորտի զարգացումը հնարաւոր է ինքնաֆինանսաւորման մեթոդի կիրառման արդիւնքում: Օրինակ` հիւրանոցային ծառայութիւններից, մանրածախ առեւտրի կէտերից ստացուած շահոյթի միջոցով հնարաւոր է հոգալ ոլորտի զարգացման համար անհրաժեշտ ծախսեր: Ի հարկէ, ոլորտի զարգացման հարցում նշանակութիւն ունի նաեւ պետական ֆինանսաւորումը:
- Հիմնադրամը մշակել է նաեւ «Լայնաշերտ հեռահաղորդակցութեան կապով Հայաստան» ծրագիրը, որի նպատակն է ընդլայնել ցանցի հասանելիութիւնը եւ Հայաստանում ապահովել մատչելի ու հասանելի ինտերնետային կապ: Ո՞ր ընկերութիւնների հետ էք համագործակցում եւ ո՞ր փուլում է ծրագիրը։
- Համագործակցում ենք ծրագրի շահագրգիռ կողմերի` Համաշխարհային բանկի, ՀՀ Էկոնոմիկայի, Տրանսպորտի եւ կապի նախարարութիւնների, «Ձեռնարկութիւնների ինկուբատոր հիմնադրամ»-ի հետ: Անցեալ տարի համագործակցեցինք գերմանական «Detecon International» ընկերութեան հետ, որը Հայաստանում կատարեց ինտերնետի ենթակառուցուածքի ուսումնասիրութիւն: Որպէս «պիլոտային մոդել» ընտրելով Գեղարքունիքի մարզը, ընկերութիւնն առաջարկեց Հայաստանում հեռահաղորդակցութեան զարգացման ուղիներ: Ծրագրի իրագործման հարցում, բացի կառավարութիւնից, իրենց կարեւոր դերն ունեն մասնաւոր ընկերութիւնները: Գոյութիւն ունի միջգերատեսչական յանձնաժողով, որը յայտարարել է մասնաւոր ընկերութիւնների կողմից բիզնես-ծրագրերի ընդունում: Յաղթող ճանաչուած ընկերութիւնը կը համագործակցի պետութեան հետ` Հայաստանում ինտերնետային կապը աւելի մատչելի եւ հասանելի դարձնելու նպատակով:
- Վերը նշուած ծրագրերի իրագործման ճանապարհին կարեւոր դեր կարող է խաղալ Հայաստանի եւ հիմնադրամի ներկայացումն արտերկրում: Ին՞չ աշխատանքներ են տարւում այս ուղղութեամբ:
- Հայաստանն արտերկրին ներկայանում է հիմնականում միջազգային ցուցահանդէսներում, մամուլի ասուլիսներում, համաժողով-քննարկումներում: Օրինակ, 2009թ.-ին Կալիֆորնիայում գտնուող «Բերկլիի համալսարանում» գումարուել էր համաժողով-քննարկում, որը ներկայացնում էր Հայաստանի զարգացման, ներդրումային ծրագրերը, Համհ-ի գործունէութիւնը: Նմանատիպ հանդիպում է տեղի ունեցել նաեւ 2010թ.-ին Վաշինգտօնում, որտեղ կայացել է հիմնադրամի գործունէութեան շնորհանդէսը: Իսկ ահա այս տարի Գերմանիայի Բեռլին եւ Հոլանդիայի Ուտրեխտ քաղաքներում կայացած միջազգային ցուցահանդէսներում հիմնադրամը, Հայաստանի տուրօպերատորների համագործակցութեամբ, ներկայացրել է մեր երկիրը: Նախագծերը հիմնականում ներկայացւում են Եւրոպայի թիրախ շուկաներին (անգլիայ, Ֆրանսիայ, Իտալիա, Գերմանիա): Այս տարի եւս պլանաւորում ենք մասնակցել առնուազն երկու միջազգային ցուցահանդէսների։ Արտերկրում այսպիսի միջոցառումներին մասնակցելու նպատակը ոչ միայն հնարաւոր զբօսաշրջիկների գրաւելն է, այլեւ մասնակից տարբեր տուրօպերատորների հետ շփումը, կարծիքների եւ փորձի փոխանակումը: