Բացայայտւում են Հայաստան-ամէ գործակցութեան նոր հեռանկարներ


Բացայայտւում են Հայաստան-ամէ գործակցութեան նոր հեռանկարներ

  • 10-05-2011 20:33:06   |   |  Տնտեսութիւն
Արաբական Միացեալ Էմիրութիւններ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գէորգեանը շարունակում է երկկողմ հանդիպումներ ունենալ: ԱՄԷ արտաքին առեւտրի նախարար շէյխայ Լուբնայ ալ Քասիմիի հետ հանդիպմանը փոխվարչապետը նախ շնորհակալութիւն յայտնեց ԱՄԷ առաջին ամենամեայ ներդրումային համաժողովին մասնակցութեան հրաւէրի համար եւ ողջունեց համաժողովի նախաձեռնումը, որն իր ծաւալներով եւ ձեւաչափով առաջինն է Մերձաւոր Արեւելքում: Ըստ նրա` նմանատիպ միջոցառումները տարբեր երկրների պետական մարմինների ներկայացուցիչներին եւ գործարարներին հնարաւորութիւն են տալիս անմիջական շփումների միջոցով ձեւաւորել նոր կապեր, բացայայտել համագործակցութեան նոր հնարաւորութիւններ, ծանօթանալ տարբեր երկրների գործարար ու ներդրումային դաշտերին եւ ներդրումային ծրագրերին: Դրանով է պայմանաւորուած հայաստանեան ընկերութիւնների զգալի հետաքրքրութիւնը միջոցառման նկատմամբ: Իր հերթին ԱՄԷ արտաքին առեւտրի նախարարը շնորհակալութիւն յայտնեց հայկական կողմին` ներկայացուցչական մասնակցութեան համար: Կողմերը գոհունակութեամբ արձանագրեցին, որ երկկողմ յարաբերութիւնների խորացման ուղղութեամբ գործնական քայլեր են ձեռնարկւում, ակտիւացել են փոխայցելութիւնները, որոնց ժամանակ բացայայտւում են գործակցութեան նոր հեռանկարներ: Երկուստէք կարեւորուեց ինչպէս Հայաստան- ԱՄԷ միջկառավարական համագործակցութեան յանձնաժողովի առաջին նիստի, այնպէս էլ երկու երկրների միջեւ գործարար համաժողովի երկրորդ փուլի անցկացումը, որոնք նոր մակարդակի կարող են բարձրացնել եւ ինստիտուցիոնալ հիմքերի վրայ դնել առեւտրատնտեսական յարաբերութիւնները` նախանշելով զարգացման հեռանկարները: ԱՄԷ արտաքին առեւտրի նախարարը կարեւորեց համաժողովի շրջանակում կազմակերպուած ցուցահանդէսում հայկական տաղաւարի առկայութիւնը` համոզմունք յայտնելով, որ թէ տաղաւարում ներկայացուած ընկերութիւնները, թէ Հայաստանի շնորհանդէսը մեծ հետաքրքրութիւն են առաջացնելու մասնակիցների մօտ: Քննարկուեցին Լուբնայ ալ Քասիմիի` անցած տարի նոյեմբերին Հայաստան կատարած այցից յետոյ երկկողմ յարաբերութիւններում առկայ զարգացումները: Անցած տարեվերջից «Fly Dubai» աւիաընկերութիւնն իրականացնում է Դուբայ-երեւան չուերթը, ինչն էական քայլ է երկկողմ շփումների ակտիւացման համար: Ապրիլին Հայաստանում էր ԱՄԷ գործարար կանանց միութեան պատուիրակութիւնը` տնտեսական եւ ներդրումային հնարաւորութիւններին ծանօթանալու եւ փոխգործակցութեան հեռանկարները քննարկելու նպատակով: ՀՀ փոխվարչապետը նշեց, որ մի շարք` մասնաւորապէս, գիւղատնտեսական մթերքների արտահանման եւ զբօսաշրջութեան ոլորտների վերաբերեալ լրացուցիչ տեղեկատուութիւն է ներկայացուել արաբական կողմին: Հաշուի առնելով վերջիններիս հետաքրքրուածութիւնը` գործնական արդիւնքներ են ակնկալւում մօտ ապագայում: Կողմերն անդրադարձան Հայաստան- ԱՄԷ երկրորդ գործարար համաժողովի անցկացմանը` նշելով 2010թ. աշնանը Երեւանում կայացած առաջին համաժողովի յաջող փորձը:
  -   Տնտեսութիւն