Անգամ Ամանորի նախօրէին «Ընդհատուած երգը» ֆիլմի դէմ ուղղուած ադրբեջանական քարոզարշաւը չի դադարում


Անգամ Ամանորի նախօրէին «Ընդհատուած երգը» ֆիլմի դէմ ուղղուած ադրբեջանական քարոզարշաւը չի դադարում

  • 30-12-2010 18:38:02   | Ռուսաստան  |  Մշակոյթ
«Ընդհատուած երգը» ֆիլմի գլխաւոր պրոդիւսեր Աշոտ Պօղոսեանը հանդէս է եկել յայտարարութեամբ` հայ-ադրբեջանական յարաբերութիւնների մասին առաջին գեղարուեստական կինոնկարի դէմ Ադրբեջանի կողմից չդադարող քարոզչութեան վերաբերեալ: Յայտարարութիւնում ասւում է. «Դեկտեմբերի 29-ին ադրբեջանական առաջատար լրատուամիջոցները տարածեցին «Տեղեկատուական խաղաղութեանն աջակցման ադրբեջանական ասոցիացիայ» կոչեցեալ կազմակերպութեան յայտարարութիւնը, որում այդ ասոցիացիան «կոչ է անում միջազգային հանրութեանը պահանջել անյապաղ դադարեցնել «Ընդհատուած երգը» ֆիլմի նկարահանումները»: Ասոցիացիայում կարծում էն, թէ «ֆիլմի դուրսբերումը արտերկրի մեծ էկրաններին կը խոչընդոտի հայ-ադրբեջանական յարաբերութիւնների խաղաղ կարգաւորման գործընթացին» (տէ՛ս` http://1news.az/society/20101229011240612.html): Մենք ստիպուած ենք հերթական անգամ յիշեցնել իրականութիւնն աղաւաղելուն սովոր ադրբեջանական կողմին, որ, սցենարի համաձայն, «Ընդհատուած երգը» հոգեբանական դրամայում միեւնոյն հորի մէջ յայտնուած հայն ու ադրբեջանցին իրենց յուզող խնդիրների շուրջ բանավիճելով պարզապէս պաշտպանում էն իրենց տեսակէտները, փորձում դիմացինին ներկայացնել ճշմարտութեան մասին սեփական պատկերացումները: Հայ-ադրբեջանական ներկայիս յարաբերութիւններին վերաբերող առաջին գեղարուեստական ֆիլմում ծաւալուող առողջ բանավէճը չափազանց պահանջուած է մեր օրերում, իսկ «Ընդհատուած երգի» ստեղծման լուրին յաջորդած ադրբեջանական հիստերիան կարելի է դիտարկել որպէս հայերի կողմից նկարահանուող ֆիլմի հանդէպ անհանդուրժողականութեան դրսեւորում: Մենք հաւատարիմ ենք մնում «Ընդհատուած երգի» պրեմիերան աշխարհի բազմաթիւ երկրներում անցկացնելու գաղափարին, որի իրականացման համար արդէն յունուարին յայտարարուելու է միջոցների հաւաքմանն ուղղուած ակցիաների շարք: Օգտուելով առիթից, ստեղծագործական խումբը շնորհաւորում է բոլորին Նոր տարուայ առթիւ: Թո՛ղ գալիք տարում բոլոր խնդիրներն ու հակամարտութիւնները գտնէն իրենց լուծումը»: Յիշեցնենք, որ «Ընդհատուած երգը» հոգեբանական դրաման նկարահանւում է ռուսաստանեան կինեմատոգրաֆիական բուհերի շրջանաւարտ 21-30 տարեկան մի շարք մոսկուայաբնակ հայերի կողմից: Պրեմիերան տեղի կ'ունենայ 2011թ.-ի գարնանը: Ֆիլմի ռեժիսորն է Արիկ Մանուկեանը, պրոդիւսերը` Աշոտ Պօղոսեանը: 30 դեկտեմբերի 2010 թ. Մոսկուա
  -   Մշակոյթ