Համայնքային բրիֆինգ Պասադենայում կոնգրէսական Ադամ Շիֆի մասնակցութեամբ


Համայնքային բրիֆինգ Պասադենայում կոնգրէսական Ադամ Շիֆի մասնակցութեամբ

  • 10-05-2011 17:53:04   | ԱՄՆ  |  Քաղաքական
Անցեալ շաբաթ Կալիֆորնիայի Պասադենայ քաղաքի Սրբ. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում Յովնան արքեպիսկոպոս Դերդերեանի հետ համատեղ Ամերիկայի Հայկական Համագումարը (ահհ) համայնքային բրիֆինգ անցկացրեցին կոնգրէսական Ադամ Շիֆի մասնակցութեամբ: Բրիֆինգն անցկացուեց Սրբ. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու Կիրակոս սրահում: Բացման խօսքով հանդէս եկաւ բրիֆինգի պատուաւոր նախագահ Մարք Կիրակոսը: Մինչ կոնգրէսական Շիֆին եւ իր ընդարձակ գործունէութիւնը ներկայացնելը համագումարի գործադիր տնօրէն Բրայեան Արդունին շնորհակալեց Սրբ. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու ծխականին, ինչպէս նաեւ համագումարի Հարաւային Կալիֆորնիայի տարածաշրջանային խորհրդի անդամներին: Իր ելոյթում կոնգրէսական Շիֆն անդրադարձաւ մի շարք հարցերի` ներառեալ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը, Ներկայացուցիչների պալատի շարունակական ջանքերն այդ ուղութեամբ, նախագահ Օբամայի ապրիլքսանչորսեան ուղերձը, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ֆինանսաւորումը, Ադրբեջանի շարունակուող ռազմատենչ յայտարարութիւնները, ինչպէս նաեւ վերջերս Կալիֆորնիայի դատարանի որոշումը դեռեւս Հայոց Ցեղասպանութեան ժամանակաշրջանի ապահովագրական պահանջների հետ կապուած: Շարունակելով` կոնգրէսական Շիֆը լուսաբանեց մի շարք օրէնսդրական նախաձեռնութիւններ` ներառեալ Հայոց Ցեղասպանութեան բանաձեւի վերաներկայացումը, ինչպէս նաեւ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակմանը եւ եկեղեցական ունեցուածքի ու փոքրամասնութիւնների իրաւունքների պաշտպանութեանը վերաբերող բանաձեւը: «Սրբ. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու ծխականի եւ Ամերիկայի Հայկական Համագումարի Հարաւային Կալիֆորնիայի տարածաշրջանային խորհրդի անունից մենք կը ցանկանայինք ողջունել կոնգրէսական Շիֆի շարունակական նուիրուածութիւնը հայկական խնդիրներին»,_ նշեց Սրբ. Գրիգոր Լուսաւորչի ծխական խորհրդի եւ Համագումարի Հարաւային Կալիֆորնիայի տարածաշրջանային խորհրդի նախագահ Ռիչարդ Մուշեղեանը:
  -   Քաղաքական