Հայաստանի ԿԲ-ի խորհուրդը որոշեց վերաֆինանսաւորման<br /> տոկոսադրույքը դարձեալ բարձրացնել 0,5%-ով` սահմանելով այն 7%<br />


Հայաստանի ԿԲ-ի խորհուրդը որոշեց վերաֆինանսաւորման
տոկոսադրույքը դարձեալ բարձրացնել 0,5%-ով` սահմանելով այն 7%

  • 13-04-2010 20:32:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը ապրիլի 13-ի նիստում որոշել է վերաֆինանսաւորման տոկոսադրույքը բարձրացնել 0,5%-ով` սահմանելով այն 7%: Նշենք, որ ԿԲ-ի խորհուրդը մինչ այդ` մարտի 9-ին, իսկ դրանից առաջ` փետրուարի 16-ին, վերաֆինանսաւորման տոկոսադրույքը դարձեալ բարձրացրել էր 0,5-ական տոկոսով` սահմանելով այն համապասխանաբար 6,5% եւ 6%: Ըստ ՀՀ ԿԲ-ի Հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան, 2010թ.-ի մարտին նախորդ ամսուայ նկատմամբ արձանագրուել է 0,8% գնաճ, որի պարագայում 12-ամսեայ գնաճի ցուցանիշը նախորդ ամսուայ նոյն ցուցանիշի նկատմամբ նուազել է 0,6 տոկոսային կէտով` կազմելով 8,8%: Խորհուրդը փաստել է, որ համաշխարհային տնտեսութեան վերականգնման դրական միտումների եւ հակաճգնաժամային միջոցառումների ներքոյ իրականացուած ընդլայնողական դրամավարկային եւ հարկաբիւջետային քաղաքականութեան պայմաններում տնտեսական աճի տեմպերը գերազանցում են կանխատեսված ցուցանիշը: Արդիւնքում, ներկայ գնաճային միջավայրը ձեւաւորուել է հիմնականում վերոնշեալ գործօնների ազդեցութեան ներքոյ, ինչը համապատասխանում է ԿԲ-ի կողմից նախանշված ուղղութիւններին: Խորհրդի գնահատմամբ, ձեւաւորուած մակրոտնտեսական միջավայրի եւ ապրիլից հիմնական կոմունալ ծառայութիւնների թանկացման պայմաններում կանխատեսւող հորիզոնում գնաճային միջավայրը դեռեւս կպահպանուի, թէեւ 12-ամսեայ գնաճի նուազման արձանագրուած միտումները կշարունակուեն: Հաշուի առնելով վերոնշեալը, խորհուրդը շարունակում է կարեւորել գնաճի սպասւող զարգացումներին համահունչ դրամավարկային պայմանների աստիճանական խստացումը` ուղղուած դրական իրական տոկոսադրույքների ձեւաւորմանը: Վերջինս, կառավարութեան կողմից հակագնաճային միջոցառումների իրականացման հետ զուգահեռ, իրատեսական նախադրեալներ կստեղծի գնաճը նպատակային միջակայք վերադարձնելու համար:
  -   Տնտեսութիւն