Ըստ ՀՀ վարաչապետի, հայ-թուրքմենական բարիդրացիական քաղաքական
յարաբերութիւնները պահանջում են նաեւ տնտեսական հիմք
08-04-2010 14:48:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի վարչապետ Տիգրան
Սարգսեանը ապրիլի 8-ին ներկայ է գտնուել Հայաստանի եւ Թուրքմենստանի
միջեւ տնտեսական համագործակցութեան միջկառավարական յանձնաժողովի
երկրորդ նիստի շրջանակներում կազմակերպուած ցուցահանդէս-վաճառքի
բացման արարողութեանը:
Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ
կապերի վարչութեան հաղորդագրութեան, մինչ այդ վարչապետը
առանձնազրոյց է ունեցել հայ-թուրքմենական տնտեսական
համագործակցութեան միջկառավարական յանձնաժողովի համանախագահ Խըդըր
Սափարալիեւի հետ:
Իր ողջոյնի խօսքում Տ.Սարգսեանը մասնաւորապէս նշել է.
«Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում մեր փոխհարաբերությունները
դինամիկ զարգանում են: Դրանք հիմնուած են աւանդոյթների վրայ, որոնք
մենք պարտաւոր ենք պահպանել, զարգացնել եւ խորացնել: Դրան նպաստում
է նաեւ միջկառավարական յանձնաժողովի նիստը, որը մենք անցկացնում
ենք Երեւանում, ինչպէս նաեւ այսօրուայ ցուցահանդէսի բացումը: Դա
հնարաւորութիւն է, որպէսզի հայ սպառողը եւս ծանոթանա այն
ապրանքներին, որոնք այսօր լայն տարածում ունեն ողջ աշխարհում եւ
որոնք արտահանում են մեր թուրքմեն բարեկամները: Վերջին տարիներին
Թուրքմենստանի տնտեսութիւնը զարգանում է բաւական բարձր տեմպերով,
եւ նկատւում է կայուն աճ, յատկապէս թեթեւ եւ տեքստիլ
արդյունաբերությունում: Այդ փորձն, իհարկէ, հետաքրքիր է մեզ համար:
Նաեւ շատ կարեւոր է հասկանալ` ինչպիսի ապրանքներ, ինչպիսի որակ են
ապահովում այդ ձեռնարկութիւնները: Այստեղ փոխադարձ
շահագրգռվածութիւն կայ: Մենք պարոն Սափարալիեւի հետ քննարկել ենք
հարցեր, որոնք կարող են փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնել:
Արձանագրեցինք նաեւ, որ ակնյայտ է, որ բարիդրացիական քաղաքական
յարաբերութիւնները, որոնք ձեւաւորուել են մեր երկրների միջեւ,
պահանջում են նաեւ տնտեսական հիմք, տնտեսական ամրապնդում: Այստեղ
գոյութիւն ունի բաւականին լուրջ չօգտագործուած ներուժ, եւ մեր
կառավարութիւնները պէտք է գործադրեն բոլոր անհրաժեշտ ջանքերը,
որպէսզի տնտեսական փոխհարաբերությունները մեր երկրների միջեւ
խորանան եւ ընդլայնվեն: Դրա վառ վկայութիւնն այսօրուայ ցուցահանդեսն
է, որտեղ կարելի է տեսնել ապրանքների մի ամբողջ հաւաքածոյ, որոնք
կարող են փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնել»:
Տ.Սարգսեանը վստահութիւն է յայտնել, որ այն բոլոր
պայմանավորվածությունները, որոնք ձեռք կբերուեն միջկառավարական
յանձնաժողովի նիստի շրջանակներում, կնպաստեն երկու երկրների
բարեկամական յարաբերութիւնների ամրապնդմանը»: