ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը հանդիպել է ՏՏ ոլորտի առաջատար ուսանողների հետ


ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը հանդիպել է ՏՏ ոլորտի առաջատար ուսանողների հետ

  • 06-05-2011 20:38:27   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Մայիսի 6-ին «Սինոփսիս Արմէնիայ»-ում տեղի ունեցաւ Տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի ամենամեայ կրթական պարգեւի յաղթողների ակումբի անդամների հանդիպումը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգէն Սարգսեանի հետ: «Սինոփսիս Արմէնիայ»-ի տնօրէն Յովիկ Մուսայելեանը համոզմունք յայտնեց, որ այսօրինակ մրցանակների յաղթողներն են մօտ ապագայում ձեւաւորելու մեր երկրի տնտեսական, քաղաքական եւ մշակութային էլիտան: Իսկ երկրի հեղինակաւոր անձանց հետ հանդիպումները մեծապէս կը նպաստեն այսօրուայ առաջադէմ երիտասարդների աշխարհընկալման ընդլայնմանը: Վիգէն Սարգսեանն իր խօսքում նշեց, որ կարեւոր է վստահ լինել՝ այս երիտասարդները, նախագահի մրցանակ ստանալուց բացի, քաղաքացիական հասարակութեան եւս մէկ զանգուած են ձեւաւորելու՝ պատրաստ խօսելու եւ գործելու յանուն ճշմարտութեան: «Յաղթողի անունը պարտաւորեցնող է: Աստուածաշնչեան ճշմարտութիւն է՝ ում աւելին է տրուած, նրանից աւելին է սպասւում: Նախագահի մրցանակակիր դառնալուց յետոյ պէտք է անտարբեր չլինէք, պէտք է չվախենաք: Պէտք է խօսել նաեւ այն ժամանակ, երբ պաշտպանելը դժուար է»: Նրա խօսքով, խորհրդային տարիներին տարբերուելը վտանգաւոր էր: Անհրաժեշտ էր բարձրագոյն կրթութիւն ստանալ, ծառայել սովետական բանակում, եւ կենսական մի շարք խնդիրներ լուծուած կը լինէին: Այսօր նոյնիսկ ամենահեղինակաւոր բուհի կրթութիւն ունենալը չի նշանակում, որ կայուն կեանք է ապահովուած: Անհրաժեշտ է աւելին անել: Բանախօսը ներկայացրեց նաեւ տեղեկատուական յեղափոխութեան իր դիտարկումները, նշելով, որ այն մեր հասարակութիւնում արդէն իրականութուն է դարձել. մեր հասարակութիւնը տեղեկատուութիւն սպառողից դարձել է տեխեկատուութիւն տրամադրող: Իսկ իրավիճակում, երբ տեղեկատուութեան բազմաթիւ աղբիւրներ գոյութիւն ունեն, ֆիլտրեր են անհրաժեշտ, «այլապէս հասարակութիւնը կը կործանուի տեղեկատուութեան վատ հոսանքի մէջ: Դուք պէտք է նաեւ կարողանաք զտել ինֆորմացիան»: Յաղթողների ակումբի անդամները տուեցին ի շարք հարցրեր կապուած ՀՀ ազգային անվտանգութեան, կրթութեան կարեւորութեան, ՀՀ տնտեսական զարգացման եւ այլ թեմաներով: Իսկ վերջում հնչեց հանդիպումների աւանդական հարցն այն մասին, թէ որն է եղել այն խորհուրդը, որը Վ.Սարգսեանն ամենայաճախն է կիրառում կեանքում: Պատասխանը կարճ էր. «Ազնիւ եղէք ինքներդ Ձեր հետ»: Նշենք, որ Տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի ամենամեայ կրթական պարգեւը Սինոփսիս Արմէնիայի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հովանաւորութեամբ իրականացուող մրցանակաբաշխութիւն է, որին մասնակցում են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) (ՀՊՃՀ), Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ), Հայաստանի ամերիկեան համալսարանի, Հայ-ռուսական (Սլաւոնական) համալսարանի, Եւրոպական տարածաշրջանային ակադեմիայի, Եպհ-ին կից ֆիզիկա-մաթեմատիկական դպրոցի, ՀՊՃՀ Երեւանի յենակետային վարժարանի, «Քուանտ» վարժարանի, Երեւանի «Անանիա Շիրակացի» ճեմարանի, Գիւմրու «Ֆոտօն» վարժարանի, Վանաձորի «Էւրիկայ» վարժարանի եւ «Մխիթար Սէաստացի» կրթահամալիրի ուսանողներն ու աշակերտները: Մրցանակները շնորհւում են հետեւեալ անուանակարգերում՝ Գլխաւոր մրցանակ, Լաւագոյն ասպիրանտ, Լաւագոյն մագիստրանտ, Լաւագոյն բակալաւր, Լաւագոյն սփիւռքահայ ուսանող, Լաւագոյն ուսանողուհի, Լաւագոյն աշակերտ: Մրցանակաբաշխութիւնն իրականացւում է՝ սկսած 2005 թուականից: Անցած վեց տարիների ընթացքում ՏՏ ոլորտի 158 լաւագոյն ուսանողներ եւ աշակերտներ արժանացել են այս պարգեւին: Սինոփսիս Արմէնիայ Փբը-ի աջակցութեամբ բոլոր տարիների մրցանակակիրների կազմով ստեղծուել եւ գործում է Յաղթողների ակումբ, որի գործունէութեան շրջանակներում պարբերական հանդիպումներ են կազմակերպւում ակումբի անդամների եւ Հայաստանի ինչպէս ՏՏ ոլորտի առաջնորդների, այնպէս էլ յայտնի անհատականութիւնների հետ: Սինոփսիս Արմէնիան, որպէս նախագահական մրցանակաբաշխութեան կազմակերպիչ, ինչպէս նաեւ յաղթողների ակումբի ստեղծման նախաձեռնող, նպաստում է վերը նշուած հանդիպումների կազմակերպմանը:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ