Դիլիջանում բացուեց «Ամերիա» բանկի մասնաճիւղը<br />


Դիլիջանում բացուեց «Ամերիա» բանկի մասնաճիւղը

  • 05-03-2010 20:40:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԴԻԼԻՋԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դիլիջանում մարտի 5-ին բացուեց «Ամերիա» բանկի մասնաճիւղը: Մասնաճիւղի բացմանը ներկայ էին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջաւադեանը, բանկի խորհրդի նախագահ Ռուբէն Վարդանեանը, Տաւուշի մարզպետ Արմէն Ղուլարեանը, պաշտօնատար այլ անձիք: Ինչպէս լրագրողների հետ զրոյցում նշեց ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տրոյկա Դիալոգ»-ի հիմնադիր եւ հիմնական բաժնետէր, «Ամերիա» բանկի խորհրդի նախագահ Ռուբէն Վարդանեանը, Տաւուշի մարզը տուրիզմի, առողջապահութեան, բանկային համակարգի զարգացման մեծ հեռանկարներ ունի: Կարեւորելով Հայաստանում բանկային համակարգի ընդլայնումը, նա ընդգծեց, որ այն հնարաւորութիւն է ընձեռում մարզերի բնակչութեանը եւս առաջարկել բարձր մակարդակի բանկային ծառայութիւններ: Բանկի Մանրածախ գործառնութիւնների գծով տնօրէն Վազրիկ Սեկոյանը յայտնեց, որ բիզնես-պլանով նախատեսւում է առաջիկայում մօտ 15 մլն դոլարի վարկային գումարներ ունենալ Դիլիջանի մասնաճիւղում: ԿԲ-ի նախագահ Արթուր Ջաւադեանը յայտնեց, որ Դիլիջանում արդէն իրենց մասնաճյուղերն ունեն Հայաստանի երեք առաջատար բանկեր: «Բանկային համակարգում աշխուժացում կայ: Շուտով Դիլիջանում կբացուի եւս մէկ բանկի մասնաճիւղ, եւս երեքն էլ արդէն յայտեր են ներկայացրել մասնաճիւղերի բացման համար»,- ասաց Ա.Ջաւադեանը: «Ամերիա» բանկի տնօրինության նախագահ-գլխաւոր տնօրէն Արտակ Հանեսյանի խօսքերով, յատկանշական է, որ բանկի 4-րդ մասնաճիւղը բացւում է Դիլիջանում, քանի որ դրանով նպատակ ունեն խթանելու Դիլիջանի զարգացմանը: «Մենք շատ ակտիւ ենք լինելու այս տարածաշրջանում թէ' վարկաւորման, թէ' յաճախորդների ներգրաւման առումով: Մեր հիմնական ուղղութիւնները կլինեն զբօսաշրջութեան, վերամշակող արտադրութեան եւ ծառայութիւնների զարգացումը»,- նշեց Ա.Հանեսյանը: Ըստ նրա, թէեւ 2-3 տարում հնարաւոր չէ Դիլիջանը դարձնել ֆինանսական կենտրոն, բայց դա շատ լուրջ ծրագիր է, որ պէտք է մշակուի պետական մակարդակով: Ա.Ղուլարյանն ընդգծեց, որ քայլ առ քայլ իրագործւում է ՀՀ կառավարութեան որդեգրած` մարզերի համաչափ զարգացման քաղաքականութիւնը, մասնաւորապէս Դիլիջանը ֆինանսական կենտրոն դարձնելու ծրագիրը: Մարզպետը հոյս յայտնեց, որ Դիլիջանի զարգացմանը զուգահեռ հնարաւոր կլինի զարգացնել նաեւ մարզի միւս տարածքները, խթանել մարզի փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը: Նշենք, որ անցած տարի «Ամերիա» բանկը 3 մասնաճիւղ է բացել` Երեւանում, Քաջարանում եւ Լեռնային Ղարաբաղում: Այս տարի նախատեսւում է բացել եւս երկուսը` Երեւանում եւ Գիւմրիում:
  -   Տնտեսութիւն