Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մտահոգութիւնը յայտնեց Գիւմրիի դէպքերի առնչութեամբ


Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մտահոգութիւնը յայտնեց Գիւմրիի դէպքերի առնչութեամբ

  • 16-01-2015 12:48:47   |   |  Հասարակութիւն

 
 
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում յունուարի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահութեամբ տեղի ունեցած Մայր Աթոռի Վանական խորհրդի եւ վանաբնակ եպիսկոպոսների խորհրդակցութեան ընթացքում մասնաւոր անդրադարձ կատարուեց օրեր առաջ Գիւմրիում տեղի ունեցած սարսափելի ոճրագործութեանը, դրա հետեւանքով ժողովրդի մէջ առաջացած յուզումներին եւ արձանագրուած ցաւալի միջադէպերին: Այս օրերին մնայուն կապ է եղել Մայր Աթոռի եւ Շիրակի թեմի առաջնորդարանի միջեւ, եւ Մայր Աթոռը մշտապէս իրազեկ է եղել եւ հետեւել դէպքերի զարգացմանը: 
Կատարուածի առնչութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խօսքում մասնաւորաբար նշեց. 
«Այս օրերին մեր ողջ ժողովուրդը ցաւի եւ վշտի մէջ է Գիւմրիում տեղի ունեցած անմարդկային ոճիրի պատճառով: Ամէնքիս ակնկալութիւնն է, որ օրէնքի ողջ խստութեամբ պատասխանատուութեան ենթարկուեն ոճրագործութեան հետ առնչուած բոլոր յանցաւորները: Վստահ ենք, որ պետական պատկան մարմինների կողմից յանցագործութեան ամբողջական բացայայտման եւ մեղաւորների դատապարտման ուղղութեամբ կ'իրականացուեն օրէնքով նախատեսուած անհրաժեշտ բոլոր քայլերը:
Մեր մտահոգութիւնն ենք յայտնում յունուարի 15-ին ժողովրդային յուզումների ընթացքում արձանագրուած ցաւալի դէպքերի առնչութեամբ, որի հետեւանքով կան նաեւ վիրաւորներ: Մեր յորդորն է մեր զաւակներին մնալ հանդարտութեան մէջ եւ չտրուել հրահրումներին ու սադրանքներին…»:
Նորին Սրբութիւնը նաեւ իր գնահատանքը բերեց Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայէլ եպիսկոպոս Աջապահեանին եւ թեմի եկեղեցականներին այս օրերին բերած իրենց հովուական ծառայութեան համար:
Ժողովի աւարտին աղօթք մատուցուեց Աւետիսեանների ընտանիքի սպանուած անդամների հոգիների հանգստութեան եւ վիրաւոր Սերյոժայ Աւետիսեանի շուտափոյթ ապաքինման համար:
 
 
  -   Հասարակութիւն