Սերժ Սարգսեանը փետրուարի 27-28-ին երկօրեայ մասնաւոր այց<br /> կատարեց Վրաստան<br />


Սերժ Սարգսեանը փետրուարի 27-28-ին երկօրեայ մասնաւոր այց
կատարեց Վրաստան

  • 01-03-2010 15:18:00   |   |  Քաղաքական
ԲԱԹՈՒՄ, 1 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հրաւէրով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանն փետրուարի 27-28-ին երկօրեայ մասնաւոր այց է կատարել Վրաստանի Հանրապետութիւն: Այցի առաջին օրը Ս.Սարգսեանը Բաթումում հանդիպել է իր գործընկեր Միխեիլ Սաակաշվիլու հետ: Երկու երկրների նախագահները քննարկել են հայ-վրացական բարեկամական յարաբերութիւնների խորացման եւ տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարուել «Վերին-Լարս» հսկիչ-անցագրային կէտի բացման ուղղութեամբ տարւվող աշխատանքներին: Մ.Սաակաշվիլին, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ իր երկիրը միշտ էլ ուրախանում է Հայաստանի յաջողութիւններով եւ ցավում նրա խնդիրների համար, ինչպէս եւ Հայաստանը: «Ես կարծում եմ, այսպիսի անամպ յարաբերութիւնները, այսպիսի մտերմիկ համագործակցութիւնը ոչ միայն մեր վաստակն է, թէեւ մեծ է նաեւ մեր դերը, այն, առաջին հերթին, մեր ժողովուրդների վաստակն է»,- ընդգծել է նա եւ յաւելել. «Ամռանն այս քաղաք շատ հայեր են այցելում, մարդիկ նրանց ուրախութեամբ են հիւրընկալում: Այստեղ ապրում են նաեւ շատ էթնիկ հայեր, կայ հայկական եկեղեցի: Բոլոր էթնիկ խմբերը համերաշխ են ապրում, եւ մենք շատ հպարտ ենք դրա համար ու համարում ենք այն մեր ձեռքբերումը»: Ս.Սարգսեանը նշել է, որ շատ էր լսել Բաթումի մասին, եւ տեսնելով այն, մեծ տպավորություններ ունի: Նա եւս մէկ անգամ վերհաստատել է հայ-վրացական հիանալի յարաբերութիւնները եւ վստահութիւն յայտնել, որ այդպէս կլինի մշտապէս. «Մենք հազար տարի ապրել ենք որպէս եղբայրներ եւ կշարունակենք այդպէս»: Այնուհետեւ Վրաստանի նախագահի ուղեկցութեամբ Ս.Սարգսեանը շրջել է Բաթումում, ծանօթացել քաղաքում կատարւող աշխատանքներին եւ քաղաքի զարգացմանն ուղղուած ներդրումային ծրագրերին: Այցի երկրորդ օրը Ս.Սարգսեանը Բաթումի «Սուրբ Փրկիչ» հայկական եկեղեցիում մասնակցել է մատուցուած կիրակնօրեայ պատարագին, մոմ վառել, այնուհետեւ ծաղիկներ դրել եկեղեցու բակում կանգնեցուած խաչքար-հուշակոթողին: Նա եկեցեղու բակում շփւել է նաեւ պատարագին մասնակցած Աջարիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Այցի աւարտին երկու պետութիւնների ղեկավարները ամփոփել են այցի արդիւնքները: Մ.Սաակաշվիլին գոհունակութիւն է յայտնել Հայաստանի նախագահի հետ Բաթումում կայացած ոչ ֆորմալ հանդիպման կապակցութեամբ եւ նշել. «Մենք պայմանաւորուել ենք ինտեգրել մեր տնտեսությունները, աւելի յաճախ շփւել, աւելի մեծ ջանքեր գործադրել մեր ժողովուրդների է'լ աւելի մերձեցման ուղղութեամբ, չնայած այդ յարաբերութիւններն ինքնին շատ սերտ են: Ապագայում նման հանդիպումներն աւելի ինտենսիվ բնոյթ կունենան` յանուն այն ամէնի, ինչ մենք անում ենք մեր ժողովուրդների համար: Մենք փոքր երկրներ ենք եւ անհրաժեշտ ենք մէկս միւսին: Մենք կախուած ենք միմեանցից եւ այդ փոխկախվածությունը պէտք է ծառայեցնենք լաւ գործեր կատարելուն»: Ս.Սարգսեանն իր հերթին, գոհունակութիւն յայտնելով իր վրացի գործընկերոջ հետ ունեցած քննարկումներից, նշել է. «Մենք պէտք է աւելի սերտօրէն աշխատենք, շատ լրջօրէն մտածենք ինտեգրացիոն գործընթացների մասին: Ես համոզուած եմ, որ այս տարին մեր յարաբերութիւնների համար կդառնայ բեկումնային, չնայած այդ յարաբերութիւնները միշտ էլ լաւ են եղել ու հիմա էլ դրանք շատ լաւ են: Բայց մենք սովոր ենք ոչ թէ տեղում կանգնած մնալ, այլ` առաջ գնալ»: Փետրուարի 28-ին կէսօրին, աւարտելով երկօրեայ մասնաւոր այցը Վրաստան, Ս.Սարգսեան վերադարձել է Երեւան:
  -   Քաղաքական