Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հայրապետական կրթաթոշակին» արժանացած երեք ուսանողներին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հայրապետական կրթաթոշակին» արժանացած երեք ուսանողներին

  • 09-02-2015 16:21:00   |   |  Հասարակութիւն

 
 Փետրուարի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետութեան բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների երեք ուսանողներին` Կոմիտասի անուան պետական կոնսերուատորիայի ուսանող Երուանդ Մկրտչեանին, Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողուհի Անի Գինոսեանին եւ Երեւանի Մխիթար Հերացու անուան պետական բժշկական համալսարանի ուսանողուհի Անի Երեմեանին, ովքեր ուսման ընթացքում ցուցաբերած իրենց բարձր առաջադիմութեան համար օրեր առաջ արժանացել էին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից սահմանուած «Հայրապետական կրթաթոշակին»: 
 Առաջադիմութեամբ աչքի ընկնող ուսանողներին խրախուսելու նախաձեռնութիւնը Հայ Եկեղեցու եւ ՀՀ Կրթութեան ու գիտութեան նախարարութեան միջեւ ձեւաւորուած արդիւնաւէտ համագործակցութեան հերթական քայլերից է: 
 Հանդիպմանը Մայր Աթոռի Քրիստոնէական դաստիարակութեան կենտրոնի փոխտնօրէն Տ. Գարեգին աբեղայ Համբարձումեանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց կրթաթոշակակիրներին: Այնուհետեւ իրենց սրտի ու երախտագիտութեան խօսքն ասացին ուսանողները` միաժամանակ Նորին Սրբութեանը վստահեցնելով, որ Հայ Եկեղեցու հոգատար վերաբերմունքը պարտաւորեցնող է եւ աւելիով նպաստելու է իրենց ուսումնառութեանը: 
Այնուհետեւ երիտասարդներին իր օրհնութեան ու գնահատանքի խօսքը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` փոխանցելով «Հայրապետական կրթաթոշակը»: Նորին Սրբութիւնը ուրախութեամբ ողջունեց կրթութեան ոլորտում  առաջադիմութիւն ցուցաբերած սաներին եւ վստահութեամբ նշեց, որ լիայոյս է` մրցանակակիր լինելը, լաւագոյն ուսանողի պատիւը կրելը պիտի քաջալերանք լինի, որպէսզի նրանք նոյն ջանասիրութեամբ շարունակեն գիտելիք ամբարել եւ իրենց մասնագիտական հմտութիւններով յետագայում մեծ օգտակարութիւն բերեն հանրութեանը: Ամենայն Հայոց Հայրապետը նկատեց, որ այցը Մայր Աթոռ առիթ կը հանդիսանայ գեղեցիկ անդրադարձում կատարելու իրենց անձերին ու նպատակներին եւ կը ծառայի կամքի առաւել զօրացմանը` հնարաւորութիւն ընձեռելով նաեւ հաղորդ դառնալու մեր պատմութեան փառաւոր անցեալին:
Զրոյցի ընթացքում անդրադարձ եղաւ նաեւ Գեւորգեան հոգեւոր ճեմարանի ու ՀՀ տարբեր կրթական հաստատութիւնների միջեւ ձեւաւորուած սերտ կապերին եւ համատեղ ձեռնարկներին, որոնք դրական ներգործութիւն են ունենում ուսանողութեան ոգու եւ նկարագրի կերտման պատասխանատու առաքելութեան վրայ:
Հանդիպմանը ներկայ էր Մայր Աթոռի հոգեւոր-կրթական հաստատութիւնների վերատեսուչ, Գեւորգեան հոգեւոր ճեմարանի տեսուչ Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյեանը:
 
 
  -   Հասարակութիւն