WIPO-ի ժնեւեան հանդիպմանը խօսուել է Ջուղայի խաչքարերի ոչնչացման մասին<br />


WIPO-ի ժնեւեան հանդիպմանը խօսուել է Ջուղայի խաչքարերի ոչնչացման մասին

  • 14-01-2011 15:42:00   |   |  Քաղաքական
ԺՆԵՎ, 14 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ժնեւում յունվարի 13-ին կայացել է Մտաւոր սեփականութեան համաշխարհային կազմակերպութեան (World Intellectual Property Organization - WIPO) կազմակերպած «Մտաւոր սեփականութեան տնտեսութիւն» (The economics of Intellectual Property) թեմայով գիտաժողովների շարքի հերթական հանդիպումը: Հրաւիրուած էին շուրջ 40 երկրների, այդ թւում` Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի, ինչպէս նաեւ մի շարք աֆրիկեան եւ արաբական երկրների կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ: Հայաստանը ներկայացնում էր Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի Ֆրանսիայի մասնաճիւղի տնօրէն, քաղաքագէտ Սասուն Յովհաննիսեանը: WIPO կազմակերպութեան գլխաւոր տնտեսագէտ Կարստեն Ֆինկի բացման խօսքից յետոյ զեկույցով հանդէս է եկել Օքսֆորդի համալսարանի դասախօս, պրոֆեսոր Քրիստին Գրինհալխը, որին յաջորդեցին գիտաժողովի մասնակիցների ելոյթներն ու հարցերը: Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի (ՔԶՀԿ) Ֆրանսիայի մասնաճիւղի տնօրէն Սասուն Յովհաննիսեանն իր ելոյթի սկզբում անդրադարձել է Հայաստանում մտաւոր սեփականութեան ոլորտում իրականացուած բարեփոխումներին` ընդգծելով միջազգային փորձի ներդրման զարգացման անհրաժեշտութիւնը: նրա ելոյթի մեծ մասը վերաբերում էր Ադրբեջանի կողմից Հին Ջուղայի խաչքարերի ոչնչացման` որպէս հայ մտաւոր սեփականութեան ոչնչացման փաստին: «2005թ. դեկտեմբերին ադրբեջանցիների կողմից պետական մակարդակով կազմակերպուած հանցագործութեան հետեւանքով վերջնականապէս ոչնչացուեցին Նախիջեւանի Հին Ջուղայի գերեզմանոցի աւելի քան 5000 խաչքարեր` հայ բարձրարուեստ մշակոյթի ինքնատիպ կոթողները, հայ ազգի մտաւոր սեփականութիւնը»,- նշել է Ս.Յովհաննիսեանը, յաւելելով, որ այդ փաստին քաղաքակիրթ մարդկութիւնը դեռ իր գնահատականը չի տուել: «Ցավալի է, որ նավթադոլլարների շահերն են փոշիացնում մշակոյթային հարստութիւնը»,- յայտարարել է նա, կոչ անելով «Մտաւոր սեփականութեան համաշխարհային կազմակերպութեանը» եւ ներկայ պատվիարկներին` իրաւական գնահատական տալ Ադրբեջանից կողմից իրականացուած մշակոյթային տեռորիզմին: Ըստ ՔԶՀԿ-ի լրատուական ծառայութեան հաղորդագրութեան, Ս.Յովհաննիսեանը նաեւ առանձին քննարկումներ է ունեցել Ֆինկի, Գրինհալխի եւ կոնֆերանսին ներկայ տարբեր կազմակերպութիւնների ներկայացուցիչների հետ, այցելել Ժնեւում տեղակայուած ՄԱԿ-ի գրասենեակ եւ ծանօթացել կազմակերպութեան շտաբ-բնակարան տարբեր վարչութիւնների աշխատանքին:
  -   Քաղաքական