Էդվարդ Նալբանդեան. «Վերահաշտեցման ուղին ուրացման ուղի չէ, այլ գիտակցուած յիշողութեան»<br />


Էդվարդ Նալբանդեան. «Վերահաշտեցման ուղին ուրացման ուղի չէ, այլ գիտակցուած յիշողութեան»

  • 15-12-2010 15:34:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 15-ին աշխատանքներն աւարտեց Հայաստանի ԱԳՆ-ի նախաձեռնութեամբ գումարուած «Ցեղասպանութեան հանցագործութիւնը. կանխարգելում, դատապարտում եւ հետեւանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովը: Գիտաժողովում փակման խօսքով հանդէս եկաւ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդեանը: Նա ասաց. «Գիտաժողովի յարգարժան մասնակիցներ, Տիկնայք եւ պարոնայք, Ցեղասպանութեան հանցագործութիւնը կանխարգելելու եւ պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունմանը նուիրուած այս գիտաժողովի փակման խօսքը կցանկանայի սկսել շնորհակալութիւն յայտնելով ձեր մասնակցութեան, ինչպէս նաեւ այս երկու օրերի ընթացքում հետաքրքիր եւ արդիական նշանակութիւն ունեցող քննարկումների համար: Ձեր ելոյթներից եւ եզրահանգումներից հերթական անգամ պարզ երեւաց, որ նախ` ցեղասպանութեան հանցագործութեան յատկապէս կանխարգելման հարցում միջազգային հանրութիւնը դեռեւս արդիւնաւէտ լուծումների կարիքն է զգում: Միւս կողմից, ցեղասպանութիւնների դատապարտման եւ հետեւանքների վերացման հետ կապուած եւս խնդիրներ կան: Երբ խոսում ենք անպատժելիութեան եւ դատապարտման բացակայութեան մասին, որպէս պարարտ հող ցեղասպանութեան կրկնության համար, շատերը յաճախ են մեջբերում Հիտլերի 1939թ.-ի օգոստոսին արտայայտած նախադասությունը հայերի ոչնչացման կապակցութեամբ, երբ արդէն բանը բանից անցել էր Հոլոքոստի կանխարգելման առումով: Սակայն դեռեւս մինչեւ իշխանութեան գալը, դեռեւս 1931թ.-ի յունիսին գերմանական թերթերից մէկին տուած հարցազրոյցում նա հեգնանքով է յիշեցրել հայերի ոչնչացման մասին` որպէս կրկնության հնարաւոր տարբերակ այլ պարագաներում այլ ժողովուրդների նկատմամբ: Այսինքն, ցեղասպանութեան դատապարտման բացակայութիւնը եւ անպատժելիութիւնը ուղիղ հարուած են հասցնում ապագայում դրա կանխարգելմանը: Ցեղասպանութիւն ուրացողը անպատժելիութեան մթնոլորտում նպաստում է այլ ցեղասպանութեան ծնունդին: Այս իմաստով ողջունելի է բելգիացի նախկին սենատոր Franջois du Vivier-ի կարծիքը, որը ցեղասպանութեան ճանաչման գործընթացը կապում է ցեղասպանութեան ուրացման դէմ պայքարի եւ խօսքի ազատութեան պաշտպանութեան շարունակականության անհրաժեշտութեան հետ: Ձեզանից շատերը գտնում են, որ «կանխարգելել» արտայայտութիւնը Միաւորուած Ազգերի Կազմակերպութեան «Ցեղասպանութեան հանցագործութիւնը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ամենացաւոտ եւ կիրառման իմաստով յստակութիւն պահանջող հարցն է: Կարելի է համաձայնուել Ցեղասպանագիտության Միջազգային Ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Վիլիամ Շաբասի հետ, որ մարդասիրական միջամտութիւնը ցեղասպանութեան կանխարգելման համար ոչ այնքան իրաւունք է, որքան պարտականութիւն: Այստեղ կավելացնեի, որ պէտք է կարեւորել ոչ միայն ցեղասպանութեան կանխարգելման, այլ աւելի վաղ փուլի` ցեղասպան միջավայրի ստեղծման, կանխարգելման մասին: Անհրաժեշտ է անուշադրութեան չմատնել եւ արմատախիլ անել ցեղասպանութիւն ծնող թունավոր մտածողութեան այնպիսի դրսեւորումները, ինչպիսիք են ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական հողի վրայ սերմանվող ատելութիւնն ու թշնամանքը: Այս իմաստով դատապարտելի է նաեւ այլ ժողովուրդների մշակոյթային ժառանգութեան գոյութեան հանդէպ անհանդուրժողականությունը, որն էլ, իր հերթին ծնում է մշակոյթային ցեղասպանութիւն: Ցեղասպանութեան կանխարգելման եւ դատապարտման ճանապարհին առանցքային նշանակութիւն ունի օբյեկտիվ տեղեկատուութիւնը, կամ ինչպէս յարգարժան Լեանդրո Դեսպուին է նշում, խօսքը ժողովուրդների յիշողութեան իրաւունքի մասին է, ճշմարտութեան ընդունման իրաւունքի մասին: Այս իմաստով բարձր կարելի է գնահատել նշանաւոր գիտնական Իսրայել Չարնիի հարցադրումները, թէ «որչա՞փ ենք մենք տեղեկացված տարբեր ցեղասպանութիւնների մասին, ինչպիսի՞ զգացողություն ունենք այս կամ այն ցեղասպանութեան կապակցութեամբ, որքա՞ն սուր ենք դատապարտում ցեղասպանութեան անբարոյականութիւնը եւ չարիքը, եւ ի՞նչ չափով ենք պատկերացնում մեր հնարաւոր միջամտութիւնը ցեղասպան իրավիճակներում»: Եվ հարցն այս պարագայում այն է, թէ որքա՞ն ենք մենք ցանկանում տեղեկացված լինել: Ցեղասպանութեան կանխարգելման, դատապարտման եւ հետեւանքների վերացման նպատակին աւելի մօտեցած կլինենք, եթէ այս գործում բարձրաձայնողները լինեն ոչ միայն ցեղասպանութեան ենթարկված ժողովուրդների ժառանգները, այլ նաեւ երբ նրանց կմիանան ցեղասպանութիւն գործածների ժառանգները: Երբ 2003թ.-ի ապրիլի 24-ին բացում էինք ցեղասպանութեան զոհերի յիշատակին նուիրուած Կոմիտասի յուշարձանը Փարիզում, այն ժամանակ հոյս յայտնեցի, որ ցեղասպանութեան զոհերի յիշատակը հավերժացնող փարիզյան առաջին յուշարձանը կխորհրդանշի 20-րդ դարի ընթացքում գործած բոլոր ցեղասպանութիւնների զոհերի տառապանքը եւ յիշատակը, որ այն կդառնայ ոգեկոչման վայր բոլոր նրանց համար, ովքեր հանդուրժողականությունը եւ մարդկային կեանքի ու արժանապատվության նկատմամբ յարգանքը համարում են շարունակական պայքար, որ այստեղ կխոնարհվեն ոչ միայն նրանց ժառանգները, ովքեր տառապել են ֆիզիկապէս եւ հոգեպէս, այլ մի օր նաեւ նրանց ժառանգները, ովքեր պատճառել են այդ տառապանքները: Հոյս ունեմ եւ հաւատում եմ, որովհետեւ վերահաշտեցման ուղին ուրացման ուղի չէ, այլ գիտակցուած յիշողութեան, քանի որ իրական հաշտեցումը չի նշանակում անցեալի մոռացում եւ երիտասարդ սերունդներին ժխտողականության հեքիաթներով սնուցում: Հաւատում եմ այս ապագային եւ կարծում, որ շատերն են այդպէս մտածում: Կրկին ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել գիտաժողովի մասնակից բոլոր գիտնականներին ու փորձագետներին, իւրաքանչիւրին առանձին եւ թոյլ տվեք հոյս յայտնել, որ մեր յաջորդ հանդիպման ժամանակ ցեղասպանութեան հանցագործութեան կանխարգելման, դատապարտման եւ հետեւանքների վերացման առումով աւելի շոշափելի առաջընթաց կունենանք»:
  -   Քաղաքական