«Էրեբունի» արգելոց-թանգարանում տեղի կ'ունենայ «Ճանաչենք Հայաստանի յուշարձանները» միջոցառումը


«Էրեբունի» արգելոց-թանգարանում տեղի կ'ունենայ «Ճանաչենք Հայաստանի յուշարձանները» միջոցառումը

  • 13-12-2010 20:23:38   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Դեկտեմբերի 14-ին ժամը 14:00-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում տեղի կ'ունենայ «Ճանաչենք Հայաստանի յուշարձանները» հասարակական կազմակերպութեան տարեվերջեան միջոցառումը` նուիրուած հնավայրի տարածքում տեղադրուած բազմալեզու տեղեկատուական վահանակների բացմանը, ինչպէս նաեւ այցելուներին հնարաւորութիւն ընձեռելով այսուհետ թանգարանի մշտական ցուցադրութեանը ծանօթանալու փաստավաւերագրական նորացուած նիւթերով ու մեկնաբանման նոր հնարքներով համալրուած ցուցափեղկերից: Ինչպէս տեղեկացնում են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից, այսօրինակ բարելաւումները կոչուած են ամրապնդելու այցելուի ստացած տպաւորութիւնները հնավայրից ու թանգարանից: Էրեբունին ինչպէս տարածաշրջանի, այնպէս էլ հայկական հնագիտական ժառանգութեան նշանաւոր յուշարձաններից է, մէկը Ուրարտու պետութեան հիւսիսային սահմանի երկայնքով կառուցուած ուրարտական հզօր բերդաքաղաքներից, կարեւորագոյն տնտեսական, քաղաքական ու մշակութային կենտրոն: Այն հիմնադրել է ուրարտական թագաւոր Արիգիշտի Ա-ն` մ. թ. ա. 782 թուականին` դարձնելով թագաւորանիստ: Էրեբունին ռազմարշաւների յենակէտ էր նաեւ Սարդուրի Բ եւ Ռուսայ Ա արքաների օրօք: Անընդմէջ նուաճողական պատերազմների յորձանուտում Էրեբունին կործանուեց մ. թ. ա. 6-րդ դարում: Սակայն չկորցնելով իր ռազմաստրատեգիական դերն ու նշանակութիւնը, բերդաքաղաքը դարձաւ Հայկական լեռնաշխարհում կազմաւորուած18-րդ սատրապութեան կենտրոնը` յայտնուելով Աքեմենեանների տիրապետութեան ներքոյ: Աքեմենեանները շարունակեցին շինարարական լայնածաւալ աշխատանքներն Էրեբունիում` Խալդի աստծոյ տաճարի 12-սիւնանի նախամուտքը վերափոխելով սիւնազարդ դահլիճի` ապադանայի, որի օրինակները շատ տարածուած են Աքեմենեանների հնագոյն մայրաքաղաք Պերսեպոլիսում: Աքեմենեան շրջանի բազմաթիւ գտածոներ` կաւէ ամանեղէն, խեցեղէն, անօթներ, ճարմանդներ, ապարանջաններ, ուլունքներ, սաղաւարտներ, նետեր, վահաններ, արծաթէ մետաղադրամներ եւ եղջերագաւաթներ են յայտնաբերուել 1950-1968թթ. Էրեբունիում իրականացուած պեղումների 1-ին շրջանում: Ստեղծման 1-ին իսկ օրուանից` 1968-ից «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի գլխաւոր գործառոյթը Երեւան մայրաքաղաքի վարչական սահմաններում գտնուող 3 կարեւորագոյն հնագիտական յուշարձանների (Էրեբունի, Թէյշեբաինի քաղաքատեղիներ եւ Շէնգաւիթ բնակատեղի) պահպանութիւնը, գիտական ուսումնասիրութիւնը եւ դրա արդիւնքները հանրութեանը ներկայացնելն է` ապահովելով յուշարձանների մեկնաբանութիւն ոչ միայն գիտական հանրութեան, այլ նաեւ դիւրըմբռնում հասարակութեան լայն շրջանակի համար` ներառեալ դպրոցահասակ եւ ուսանող երիտասարդութեանը: Այս տեսանկիւնից յատկապէս կարեւոր է դառնում արգելոց-թանգարան – հասարակութիւն հաղորդակցութիւնը` ինչն ինքնին պահպանութեան գործընթացին սերտօրէն առնչուող բաղկացուցիչ է: Հնավայրի հանրահռչակմանն ուղղուած բարելաւումների շրջանակում Ամափ-ի եւ արգելոց-թանգարանի գործակցութեան շնորհիւ այսուհետ հնավայրի տարածքում տեղադրուած բազմալեզու տեղեկատուութիւնը կը շեշտի Էրեբունիի պահպանութեան եւ այն սերունդներին փոխանցելու կարեւորութիւնը: Բացօթեայ վահանակները ազատ շրջայց նախընտրողներին հետայսու հնարաւորութիւն կ'ընձեռեն տեղաշարժուել ուղեցոյց նշանների օգնութեամբ, առանց էքսկուրսավարի միջնորդութեան ընկալել յուշարձանն ու վայրի նշանակութիւնը: Իսկ մշտական ցուցադրութիւնը դիտորդներին կը ներկայանայ թանգարանի ֆոնդերում պահուող փաստավաւերագրական նոր լուսանկարներով, ինչպէս նաեւ կինովաւերագրող Աշոտ Մովսիսեանի Արեւմտեան Հայաստանում արուած եւ Սանկտ Պետերբուրգի Պետական էրմիտաժից համագործակցութեան արդիւնքում ձեռք բերուած լուսանկարներով: Ամափ- ի ծրագրերն իրականացւում են հովանաւորների` «Վիւասել-մտս»-ի` Հայաստանում եւ տարածաշրջանում բջջային կապի առաջատար օպերատորի, Գիւմրիում Իտալիայի պատուոյ հիւպատոսի, Հայաստանում ԱՄՆ դեսպանների մշակութային հիմնադրամի, USAID/CAPS-ի, Նորվեգիայի արտաքին գործերի նախարարութեան ֆինանսական աջակցութեան շնորհիւ: Ամափ-ի գործընկերներն են` Հայաստանի յուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտէն («ԻԿՕՄՕՍ/Հայաստան» Հ/Կ), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ՀՀ ԳԱԱ Բուսաբանութեան, Հնագիտութեան եւ Ազգագրութեան ինստիտուտները, Մատենադարանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի, ՀՀ մշակոյթի նախարարութիւնները եւ Հայաստանի զբօսաշրջային գործակալութիւնը:
  -   Հասարակութիւն