Վահրամ Ներսիսեանցը նշանակուել է Համահայկական բանկի գործադիր տնօրէն<br />


Վահրամ Ներսիսեանցը նշանակուել է Համահայկական բանկի գործադիր տնօրէն

  • 09-12-2010 16:22:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 9-ին ՀՀ կառավարութիւնում ստորագրուել է աշխատանքային պայմանագիր` Վահրամ Ներսիսեանցին «Համահայկական բանկ» ԲԲԸ-ի գործադիր տնօրէն նշանակելու վերաբերեալ: Պայմանագիրն ստորագրել են ՀՀ վարչապետ, «Համահայկական բանկ» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսեանը եւ ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխաւոր խորհրդական Վահրամ Ներսիսեանցը: Պայմանագրի ստորագրմանը յաջորդած մամուլի ասուլիսում Վ.Ներսիսեանցը պարզաբանումներ է տուել Համահայկական բանկի գործունէութեան եւ նպատակների վերաբերեալ: Նա նշել է, որ Համահայկական բանկն առեւտրային բանկ չէ եւ նախատեսում է երկարաժամկէտ ներդրումներ արտահանումը եւ ներկրումը խթանող կազմակերպություններում, որոնք ապահովելու են մրցունակութիւն համաշխարհային շուկայում: Վ.Ներսիսեանցի խօսքերով, բանկի յետագայ ծրագրերում նախատեսւում է վարկերի եւ ներդրումների ձեւը կիրառել նաեւ Սփիւռքում: Նա նշել է, որ «Համահայկական բանկ»-ի կանոնադրական կապիտալը 100 մլն դոլար է, որից 20 մլն-ը տրամադրվել է պետութեան կողմից, իսկ մնացածը կլրացվի միջազգային ֆինանսական կազմակերպություններից կամ այլ մասնաւոր աղբիւրներից: Բանկի գործունէութեան առաջնահերթություններից կլինեն տեղեկատուական տեխնոլոգիաների, բժշկական, կրթական եւ տուրիստական ոլորտները:
  -   Տնտեսութիւն