ArmNet Awards 2010 մրցոյթի գլխաւոր մրցանակին արժանացել է Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի վեբ կայքը


ArmNet Awards 2010 մրցոյթի գլխաւոր մրցանակին արժանացել է Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի վեբ կայքը

  • 04-12-2010 23:55:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
4 դեկտեմբերի, Երեւան- Այսօր երեկոյեան աւարտուեց ArmNet Awards 2010 մրցոյթը, որը եզրափակուեց մրցանակաբաշխութեան պաշտօնական արարողութեամբ: Միջազգային ժիւրիի կողմից ընտրուեցին տարուայ լաւագոյն կայքերը 7 անուանակարգերում, ինչպէս նաեւ յատուկ մրցանակ յանձնուեց Orange-ի կողմից լաւագոյն մոբայլ կայքի համար: «Դիզայն եւ յարմարաւէտութիւն» անուանակարգում լաւագոյնը ճանաչուեց http://bg.am կայքը` փոքր տարբերութեամբ իր հետեւում թողնելով http://deemcommunications.com, http://armenianmusicawards.ru եւ http://parajanovmuseum.am կայքերին: Ժիւրին առանձնապէս գնահատեց կայքի ինտերֆեյսը, բովանդակութեան եւ ձեւի համահունչ կապը: «Տարուայ առաջընթաց» անուանակարգին արժանացաւ http://www.rate.am կայքը` մասնաւորապէս առօրեայ կեանքում մեծ օգտակարութեան եւ ազդեցութեան, ինչպէս նաեւ կարճ ժամանակում մեծ լսարան հաւաքելու համար: Յաղթանակի մեծ հնարաւորութիւններ ունէին նաեւ http://hand-made.am, http://www.e-gov.am եւ http://www.hayland.am կայքերը: «Լաւագոյն նորարարութիւն» անուանակարգում ժիւրին միաձայն լաւագոյնը ճանաչեց http://e-gov.am կայքը: Բարձր գնահատուեցին այս նախագծի շրջանակներում ներդրուած էլեկտրօնային գործիքները, որոնք ժողովրդավարացման լուրջ հիմք էն ստեղծում` հիմնուելով նորագոյն տեխնոլոգիական լուծումների վրայ: Յաղթանակին յաւակնում էին նաեւ http://armenianfamilytree.com, http://e-courses.am եւ http://hayeren.am կայքերը: «Լաւագոյն տեխնիկական կատարում» անուանակարգում յաղթողը դարձաւ http://parajanovmuseum.am կայքը` հաւաքելով աւելի շատ ձայներ, քան http://e-courses.am, http://e-gov.am եւ http://tvarm.ru կայքերը: «Լաւագոյն բովանդակութիւն» անուանակարգը, որը թերեւս ամենաերկար քննարկումներն էր առաջացրել ժիւրիի անդամների կազմում, յանձնուեց http://armcomedy.com կայքին` որպէս թարմ ոճ ու օրիգինալ մօտեցում ունեցող եւ հասարակական հնչողութեան թեմաներ արծարծող կայք: Ժիւրին կայքն առանձնացրեց նաեւ այն առումով, որ վերջինս համացանցում լրատուական կայքերից բացի ամենայաճախ մէջբերուող կայքերից է: Անուանակարգում առաջադրուել էին նաեւ http://arartplatform.com, http://armenian-tales.ru եւ http://yerevan.ru կայքերը: Orange-ի յատուկ մրցանակը, որը նախատեսուած է կայքի լաւագոյն մոբայլ տարբերակի համար, յանձնուեց mobile.a1plus.am կայքին: Այս անուանակարգում մասնակիցները թուով քիչ էին, եւ mobile.a1plus.am կայքն ստացաւ Orange-ի եւ ժիւրիի բարձր գնահատականը` յատկապէս յարմարաւէտ ինտերֆեյսի եւ նիւթերի օպերատիւ թարմացման համար: ArmNet Awards 2010 Գլխաւոր մրցանակին արժանացաւ http://parajanovmuseum.am կայքը: Գլխաւոր մրցանակը տրւում է ժիւրիի կողմից բոլոր անուանակարգերում առաւելագոյն թուով ձայներ հաւաքած կայքին: http://parajanovmuseum.am կայքը, որը համաչափօրէն զարգացած է թէ տեխնիկական կատարման, թէ բովանդակային, թէ դիզայնի առումով, միանշանակ ընդունուեց ժիւրիի բոլոր անդամների կողմից որպէս լաւագոյնը: Ժիւրիի գնահատմամբ` կայքը մեծապէս կարող է նպաստել նաեւ հայկական մշակոյթը արտասահմանում ներկայացնելուն: «Ընտրութիւնը ժիւրիի համար շատ բարդ է եղել, քանի որ բազմաթիւ կայքեր արժանի էին յայտնուել առաջին տեղում, սակայն շահելով ժիւրիի համակրանքը մի տեսանկիւնից` այնուամենայնիւ զիջում էին մի շարք այլ պարամետրերով: Այդ պատճառով գերադասել ենք ընտրել համաչափ կառուցուած եւ զարգացող կայքերը: Հաշուի առնելով Հայաստանում ինտերնետի կտրուկ զարգացման միտումները` վստահ ենք, որ այս տարուայ մասնակիցները եւ յաղթողները յաջորդ տարի կրկին կը մասնակցեն մրցոյթին, եւ անկասկած մեծ փոփոխութիւններով` ժամանակին համընթաց», -ասաց Ժիւրիի նախագահ, Տեղեկատուական անվտանգութեան հարցերով փորձագէտ Սամուէլ Մարտիրոսեանը: Մրցանակաբաշխութեան աւարտին «Հայաստանի ինտերնետի զարգացման գործում ունեցած աւանդի համար» յատուկ շնորհակալական մրցանակ յանձնուեց freenet.am կայքին: ArmNet Awards 2010-ի Ժիւրին կազմուած է հայ եւ արտասահմանցի փորձագէտներից, որոնց թւում` Vkontakte, Rutube, Opera Software, Microsoft, RAEC կազմակերպութիւնների ներկայացուցիչները, որոնք բացի ոլորտի մասնագէտներ լինելուց, նաեւ իւրօրինակ «դրսի» աչք էին քննարկումների ժամանակ: ArmNet Awards ամենամեայ մրցոյթը, որն այս տարի անց է կացւում առաջին անգամ, տրւում է ինտերնետի հայկական սէգմենտի զարգացման մէջ զգալի ներդրումների համար: Մրցոյթը կոչուած է գնահատել տեխնոլոգիաների հանրայնացման հետ մէկտեղ` ինտերնետի հայկական սէգմենտում կատարուած առաջընթացը, խրախուսել հայկական կայքերի բովանդակային զարգացումը եւ նպաստել ոլորտի մոնետիզացիային: Մրցոյթը կազմակերպուած է SPMS ընկերութեան, Circle.am կայքի եւ Orange Armenia ընկերութիւնների կողմից, ՀՀ Էկոնոմիկայի Նախարարի բարձր հովանու ներքոյ: Նախագծի ղեկավարը Ժիրայր Թերզեանն է:
  -   Մամլո հաղորդագրություն