Հայաստանը դասագրքեր եւ դպրոցական գոյք է առաքել Ախալքալաք<br />


Հայաստանը դասագրքեր եւ դպրոցական գոյք է առաքել Ախալքալաք

  • 02-12-2010 20:46:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի եւ Վրաստանի Կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնների միջեւ ձեռքբերուած պայմանաւորուածութեան համաձայն նոյեմբերի 22-27-ին ուսումնական գրականութիւն եւ գոյք են առաքուել Վրաստան եւ փոխանցուել Ախալքալաքի ուսումնական ռեսուրս-կենտրոնին: Վրաստանի հայերէն ուսուցմամբ դպրոցների համար ուսումնական գրականութեան եւ դպրոցական գոյքի տրամադրման ամենամեայ ծրագրերի շրջանակում ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը 2010թ.-ին տրամադրել է 7138 օրինակ «Մայրենի»-ի դասագիրք` իրենց աշխատանքային տետրերով, 1-6-րդ դասարանների համար եւ 360 համակազմ դպրոցական գոյք` ուսուցչական սեղան եւ աթոռ: Ախալքալաքի ուսումնական ռեսուրս-կենտրոնը կազմակերպելու է յատկացումը` համաձայն նախապէս ճշտուած բաշխման ցուցակների: Ըստ ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան լրատուական ծառայութեան հաղորդագրութեան, այս տարի գրքերը նախատեսուած են Ախալքալաք, Ախալցխե, Ասպինձա, Մառնեուլ, Բորժոմ, Ծալկա, Թետրի-Ցխարո շրջանների, ինչպէս նաեւ Թբիլիսիի թիւ 132 դպրոցների համար: Իսկ գոյքը յատկացուելու է Ախալքալաք, Նինոծմինդա, Ասպինձա, Ախալցխե, Բարժոմ, Մառնեուլ եւ Ծալկա շրջանների դպրոցներին:
  -   Հասարակութիւն