Ստորագրուել են Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ տարբեր ոլորտներում համագործակցութեան հաստատմանն ուղղուած փաստաթղթեր<br />


Ստորագրուել են Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ տարբեր ոլորտներում համագործակցութեան հաստատմանն ուղղուած փաստաթղթեր

  • 24-11-2010 21:12:00   | Թուրքմենստան  |  Քաղաքական
ԱՇԳԱԲԱՏ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը նոյեմբերի 24-ին պաշտօնական այցով մեկնել է Թուրքմենստան: Աշգաբատի Սապարմուրատ Նիյազովի անուան միջազգային օդանավակայանում ՀՀ նախագահի դիմաւորման պաշտօնական արարողութիւնից յետոյ, բարձրաստիճան հիւրերի սպասարկման սրահում նախագահներ Սերժ Սարգսեանը եւ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կարճատեւ զրույց են ունեցել: ՀՀ նախագահի կեցավայրում աւելի ուշ տեղի է ունեցել Սերժ Սարգսեյանի եւ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի առանձնազրոյցը, որին յաջորդել է Հայաստանի եւ Թուրքմենստանի նախագահների մասնակցութեամբ երկու երկրների պաշտօնական պատուիրակութիւնների ընդլայնուած կազմով հանդիպումը: Հանդիպման աւարտին ստորագրուել են երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցութեան հաստատմանն ուղղուած փաստաթղթեր, ինչպէս նաեւ ընդունուել է համատեղ յայտարարութիւն, որում գնահատական է տրուած հայ-թուրքմենական յարաբերութիւնների ներկայ վիճակին, նախանշված են քաղաքական, տնտեսական եւ սոցիալ-մշակոյթային կեանքի կարեւորագոյն ուղղութիւններով դրանց զարգացման հեռանկարները: Բանակցութիւնների արդիւնքում, մասնաւորապէս, ստորագրուել են Հայաստանի եւ Թուրքմենստանի առեւտրաարդյունաբերական պալատների միջեւ համագործակցութեան մասին, Հայաստանի կրթութեան եւ գիտութեան նախարարութեան եւ Թուրքմենստանի կրթութեան նախարարութեան միջեւ կրթութեան բնագաւառում համագործակցութեան մասին, Հայաստանի մշակոյթի նախարարութեան եւ Թուրքմենստանի մշակոյթի ու հեռուստառադիոհեռարձակման նախարարութեան միջեւ մշակոյթի բնագաւառում համագործակցութեան մասին, Հայաստանի եւ Թուրքմենստանի Կառավարությունների միջեւ առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցութեան հայ-թուրքմենական միջկառավարական յանձնաժողովի մասին համաձայնագրերը, ինչպէս նաեւ Երեւանի պետական համալսարանի եւ Թուրքմենստանի Մահտումկուլիի անուան համալսարանի միջեւ 2010-2015թթ. համագործակցութեան ծրագիրը: Այնուհետեւ Հայաստանի եւ Թուրքմենստանի նախագահները երկկողմ բանակցութիւնների արդիւնքները ներկայացրել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Ս.Սարգսեանն իր խօսքում նախ շնորհակալութիւն է յայտնել Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին` ջերմ ընդունելութեան համար, ապա ընդգծել, որ Հայաստանը բարձր է գնահատում երկու երկրների միջեւ ձեւաւորուած յարաբերութիւններն ու դրանց յատուկ նշանակութիւն է տալիս: Նրա հավաստմամբ, այդ ամէնի վկայութիւնն են եւ' պաշտօնական այցը, եւ' կառուցողական ու լիակատար փոխըմբռնման մթնոլորտում անցած բանակցութիւնները: Ս.Սարգսեանը խօսել է ստորագրուած փաստաթղթերի կարեւորութեան մասին, նաեւ նշել, որ Թուրքմենստանի նախագահի հետ քննարկել են հայ-թուրքմենական յարաբերութիւնների արդիական հարցեր, մտքեր են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ: Նրա խօսքերով, բանակցութիւնների ժամանակ անդրադարձ է եղել առեւտրատնտեսական յարաբերութիւններին եւս: Երկուստեք ընդգծվել է, որ չնայած վերջերս նկատւում է դրական տեղաշարժ, սակայն տնտեսական կապերի ամրապնդման ներուժը դեռեւս լիարժեքորեն չի օգտագործւում: «Կարծում եմ, համատեղ ջանքերով մենք կարող ենք ապահովել մեր առեւտրատնտեսական յարաբերութիւնների յետագայ ընդլայնումը, դրանց նոր խթան հաղորդել: Համագործակցութեան լուրջ ներուժ կայ էներգետիկայի, տրանսպորտի, գիւղատնտեսութեան, տեքստիլ արդիւնաբերութեան ոլորտներում: Վստահ եմ, որ մեր ապրանքարտադրողների արտադրանքի ներկայացման, տնտեսվարող սուբյեկտների միջեւ ուղիղ կապերի հաստատման համար լաւ հնարաւորութիւն են գործարար-համաժողովները, որոնցից հերթականն այսօր իր աշխատանքն սկսեց Աշգաբատում»,- ասել է Ս.Սարգսեանը, կարեւորելով առեւտրային յարաբերութիւնների զարգացման, երկու երկրների գործարար սուբյեկտների միջեւ անմիջական կապերի համար բարենպաստ պայմանների ստեղծման, արդիւնաբերութեան եւ ներդրումների ոլորտում համագործակցութեան վերաբերեալ երկկողմ պայմանավորվածությունները: Հայաստանի եւ Թուրքմենստանի նախագահներն ընդգծել են տնտեսական համագործակցութեան հայ-թուրքմենական միջկառավարական յանձնաժողովի արդիւնաւէտ գործունէութեան կարեւորութիւնը եւս: Ս.Սարգսեանը նշել է, որ մեծ նշանակութիւն է տրուել հումանիտար ոլորտում համագործակցութեան հարցերին` ստորագրուել են մշակոյթի, կրթութեան ոլորտներում համագործակցութեան մասին համաձայնագրեր, ինչպէս նաեւ` առաջիկայ տարիներին Երեւանի պետական համալսարանի եւ Մահտումկուլիի անուան Թուրքմենստանի պետական համալսարանի միջեւ համագործակցութեան մասին ծրագիր: Թուրքմենստանում այժմ ընթանում են հայկական կինոյի օրերը: Ակտիւօրէն զարգանում են առողջապահութեան ոլորտում կապերը: Այս ամէնը, ըստ Ս.Սարգսեյանի, շատ լաւ եւ դրական միտումներ են, որոնք անհրաժեշտ է զարգացնել: Անդրադառնալով նախագահ Բերդիմուհամեդովի հետ միջազգային եւ տարածաշրջանային հարցերի քննարկմանը, Ս.Սարգսեանն ասել է, որ միջազգային օրակարգի կարեւորագոյն հարցերի շուրջ Հայաստանի եւ Թուրքմենստանի դիրքորոշումների համընկնումը կամ նմանութիւնը միջազգային ասպարէզում փոխշահավետ համագործակցութեան լաւ հիմք է: «Մենք, իհարկէ, նաեւ քննարկեցինք Հարաւային Կովկասի անվտանգութեան վերաբերեալ հարցեր: Ես Թուրքմենստանի նախագահին ներկայացրեցի, թէ ինչպիսին ենք տեսնում ղարաբաղեան հիմնախնդրի լուծման ուղիները: Մշտապէս հնչող ռազմական հռետորաբանությունը եւ սպառազինութեան աննախադէպ աճը տարածշրջանում ստեղծում են ծայրայեղ լարուած իրավիճակ: Ես ցանկանում եմ եւս մէկ անգամ ընդգծել այս հարցի կապակցութեամբ Հայաստանի դիրքորոշումը. ճգնաժամերը եւ հակամարտութիւնները պէտք է լուծուեն բացառապէս խաղաղ ճանապարհով, միջազգային իրաւունքի սկզբունքների եւ նորմերի հիման վրայ, որոնք մի ամբողջութիւն են կազմում: Միջազգային հանրութեան կարծիքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան համար կիրառելի այդպիսի սկզբունքներ են ուժի եւ դրա սպառնալիքի չկիրառումը, պետութեան տարածքային ամբողջականութիւնը եւ ազգերի ինքնորոշման իրաւունքն ու իրաւահաւասարութիւնը: Միայն այսպիսի մօտեցումն է ապահովում արդար եւ երկարաժամկէտ լուծման հասնելու հնարաւորութիւնը»,- ընդգծել է Հայաստանի նախագահը: Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն իր խօսքում նշել է, որ Հայաստանի նախագահի պաշտօնական այցը կարող է անկիւնաքար դառնալ երկկողմ յարաբերութիւնների զարգացման համար: «Մենք ջերմութեամբ ենք վերաբերւում Հայաստանին եւ նրա աշխատասէր ժողովրդին»,- ասել է Թուրքմենստանի նախագահը, շնորհակալութիւն յայտնելով Ս.Սարգսեանին` Հայաստան պաշտօնական այցի հրաւէրի համար: Նա է, որ Թուրքմենստանը շահագրգռուած է Հայաստանի հետ յարաբերութիւնները զարգացնելու եւ մի շարք ոլորտներում` մեքենաշինութիւն, էլեկտրոնիկա, դեղագործութիւն, գիւղմթերքի արտադրութիւն եւ այլն, համագործակցութեան հեռանկար է տեսնում: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, նոյն օրը երեկոյեան Թուրքմենստանի նախագահի անունից` ի պատիւ Սերժ Սարգսեյանի, տրուել է պաշտօնական ընթրիք:
  -   Քաղաքական